Հայերը Ստամբուլում
From Wikipedia, the free encyclopedia
Հայեր Կոստանդնուպոլսում բնակություն են հաստատել Բյուզանդական կայսրության կազմավորման սկզբից։ Նրանք հիմնականում զինվորականներ, վաճառականներ, ճարտարապետներ կամ ուսումնառության եկած երիտասարդներն էին։ 572 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծվեց հայոց առանձին կրոնական համայնք։ Հայերի թիվը ստվարացել է, երբ 9-ից 11-րդ դարերում Բյուզանդիայի գահին տիրել է Հայ մակեդոնական կամ Հայկական հարստությունը (դինաստիա)։
1453 թվականին Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո Մուհամմեդ II սուլթանը, ի հակակշիռ հույների, մեծ թվով հայ և հրեա շինարար, վարպետներ վերաբնակեցրեց քաղաքում։ 1461 թվականին Կոստանդնուպոլսում հաստատվեց հայոց պատրիարքություն՝ Հովակիմ Բրուսացի եպիսկոպոսի գլխավորությամբ, նրան շնորհվեց այն իրավասությունները, որ ուներ Հունաց Տիեզերական պատրիարքը։ Այսպիսով հիմք դրվեց Թուրքիո Հայոց Պատրիարքության (Հայ Պոլիս, Երևան, 2000)։ Այս դարերի ընթացքում ավելի քան 80 պատրիարքներ ղեկավարել են Կոստանդնուպոլսի Հայոց հոգևոր կենտրոնը։
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան կառավարության հրամանով Կ. Պոլսի հարյուրավոր հայ մտավորականներ արտաքսվեցին քաղաքից. նրանց մեծ մասին ճանապարհին ոչնչացրին։ Ներկայումս Կոստանդնուպոլսում բնակվում է 50.000-70.000[1] հայ։ Գործում են 36 հայկական եկեղեցիներ։