Հայերն Իրաքում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերն Իրաքում (արաբ․՝ أرمنيون عراقيون - իրաքահայեր) հայտնվել են տակավին 7-12-րդ դարերից՝ Աբբասյան խալիֆայության ժամանակ, և Բասրայում ու Բաղդադում հիմնել իրենց համայնքները։ Հետագայում գաղութն ստվարացավ հատկապես Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով տեղահանված և ջալալիների հալածանքներից փախած հայերի հաշվին։ Իրաքի հայ գաղութը նկատելիորեն աճեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ այստեղ ապաստան գտան մոտ 100.000 գաղթականներ։ 1922 թվականից հայերն այստեղ արդեն ունեին հոգևոր թեմ։
21-րդ դարի սկզբին իրաքահայերի թիվը 20.000 էր։ Նրանք հիմնականում բնակվում են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Քիրքուքում։ Առավելապես զբաղվում են արհեստներով և առևտրով, կան նաև բժիշկներ, ճարտարագետներ, պետական ծառայողներ։ Մոսուլում գործող մեքենանորոգման 5 խոշոր գործարաններից 4-ը պատկանել են հայերին։