Հայկ Ռուբենի Խանումյան (սեպտեմբերի 12, 1984(1984-09-12), Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ Արցախի Հանրապետությունում, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է[1][2]։

Արագ փաստեր Ծննդյան օր՝, Ծննդավայր՝ ...
Հայկ Խանումյան
Thumb
Արցախի Հանրապետություն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 12, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր՝Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 12-ին, Խորհրդային Հայաստանի Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցում, 2001 թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը։ 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան, քաղաքագիտության գծով մասնագիտացել Կովկասի ինստիտուտում (Երևան)[3], իսկ եվրոպական ուսումնասիրությունների գծով՝ Ստրասբուրգի համալսարանում[3]։ 2009-2010 թթ. քաղաքագիտական առարկաներ է դասավանդել Արցախի պետական համալսարանում[3]։

2010 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է Արցախի եվրոպական շարժում հասարակական կազմակերպությունը, որի նպատակը միջազգային ոչ կառավարական սեկտորում Արցախը ճանաչելի դարձնելն էր[4]։

Ամուսնացած է Դիանա Մովսիսյանի հետ։

Լրագրողական գործունեությունը

2009 թ.-ից սկսած Հայկ Խանումյանն ակտիվորեն հանդես է գալիս մամուլում, հեղինակային սյունակներ վարելով Մեդիամաքսում (mediamax.am), ապա՝ Սիվիլնեթում (civilnet.am)։ Հրապարակախոսական հոդվածներում Հ.Խանումյանը հիմնականում անդրադառնում է Արցախին վերաբերող հարցերին՝ հաճախ քննադատության ենթարկելով Արցախի իշխանություններին և նրանց վարած քաղաքականությունը[5][6]։

Ընդդիմադիր քաղաքական գործունեություն

Thumb
Հայկ Խանումյանը 2014 թվականին

Հայկ Խանումյանը երկար տարիներ Արցախի Հանրապետությունում հանդես է եկել որպես ընդդիմադիր գործիչ[7]։

2011 թվականին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ինքն ընդգծված ազգայնական է, Արցախի հարցում բացառում է որևէ տարածքային զիջում, կողմ է Արցախի թերբնակեցված շրջանների ինտենսիվ վերաբնակեցմանը[3]։

2012 թվականին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանին և նախընտրական արշավում համակարգել վերջինի շտաբի հասարակայնության հետ կապերը[8]։

2013 թվականի հունվարին Լեոնիդ Հայրապետյանի և Վարդան Առուստամյանի հետ հայտարարել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ստեղծման մտադրության մասին և նույն թվականի փետրվարի 23-ին կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության ժամանակավոր նախագահ, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ կուսակցության նախագահ[9]։

Պատգամավորական գործունեություն

2015 թվականի մայիսի 3-ի Արցախի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում իր ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունից ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր[10]։

Արցախի ՏԿԵ նախարար

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Հայկ Խանումյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[1]։

Քրեական գործ

Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել նախարար Հայկ Խանումյանի նկատմամբ՝ մեղադրելով, որ նա, որպես նախարար, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել, ծառայության նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ոչ պատշաճ է կատարել համապատասխան իրավական ակտերով և իմ կողմից նշված պայմանագրերով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափ կազմող 69 միլիոն 485 հազար ՀՀ դրամի գումար վնաս[11]։ Հայկ Խանումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել[11]։

Տարածքների հանձնում

2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[12]։ Բնակչության հեռացման գործընթացը վերահսկում և կազմակերպում է նախարար Հայկ Խանումյանը[12][13]։

Հետաքրքիր փաստեր

Հայկ Խանումյանը ֆիլմ է նկարահանել Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Ալլահվերդի Բագիրովի մասին։ Ֆիլմում նա ներկայացրել է Ակնայում Ալլահվերդի Բագիրովի տապանաքարի տեղադրման պատմությունը։ Խանումյանը Ֆիլմում ներկայացել է, որ 1994 թվականին այդ տապանաքարը տեղադրել է Բագիրովի մարզընկեր ֆուտբոլիստ Ռազմիկ Պետրոսյանը։ Ներկայացվել է նաև, որ տարիներ անց Ռազմիկ Պետրոսյանը ցանկացել է նոր տապանաքար տեղադրել՝ փոխարինելով հինը։ Արցախի Հանրապետության իշխանություններից թույլտվություն ստանալու նպատակով Հայկ Խանումյանը դիմել է այն ժամանակ ազգային անվտանգության տնօրեն Արշավիր Ղարամյանին։ Նոր տապանաքարի տեղադրման արարողությունը նույնպես տեղ է գտել ֆիլմում։ 2018 թվականին Ալլահվերդի Բագիրովի նոր տապանաքարը մի խումբ երիտասարդների կողմից տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաք և ոչնչացվել[14]։

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.