Հասուն տարիք
From Wikipedia, the free encyclopedia
Հասուն տարիք (30-ից, մինչև 60-70 տարեկան), անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որը նախորդում է ծերացմանը։ Հասունությունը մարդկանց մեծամասնության համար կյանքի ամենաերկարատև շրջանն է։ Նրա վերին սահմանը տարբեր հեղինակներ տարբեր կերպ են սահմանում՝ 50-55 տարեկանից մինչև 65-70 տարեկան։ Սովորաբար այս տարիքային փուլի եզրափակումը կապում են կենսաթոշակի անցնելու հետ։ Ըստ Էրիկ Էրիկսոնի՝ հասունությունն ընդգրկում է 25-ից մինչև 65 տարեկանը, այսինքն՝ 40 տարի։ Եթե հաշվի առնենք, որ հասունության վերին սահմանը կախված է մարդու անհատականությունից, ապա նրա տևողությունը կարող է գնահատվել լայն սահմաններում, ընդհուպ մինչև 50 տարի և ավել։
Հասուն տարիքը նշանակալից տարիքային փուլ է, որը պայմանավորում, բնութագրում է մարդու կյանքն ամբողջությամբ։ Հասունությունը երբեմն համարվում է անձի ամբողջական «ծաղկման» շրջանը, երբ մարդը կարող է իրացնել իր ամբողջ պոտենցիալը, հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում։ Սա սեփական առաքելության իրականացման ժամանակաշրջանն է, ինչպես մասնագիտական կամ հասարակական գործունեության, այնպես էլ սերունդների հաջորդականության տեսանկյունից։