Հարմոնիա (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Հարմոնիա (հին հունարեն՝ Ἁρμονία՝ համաձայն, ներդաշնակ), հունական դիցաբանության մեջ համաձայնության, երջանիկ ամուսնունթյուն մարմնավորող աստվածուհին, իրար «հակադիր» աստվածություններ Արեսի և Աֆրոդիտեի դուստրը[1], մեկ այլ վարկածով՝ Զևսի և Էլեկտրայի դուստրը[2], Կադմոսի կինը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարմոնիա (այլ կիրառումներ)
Հարմոնիայի և Կադմոսի հարսանիքին ներկա են եղել Օլիմպոսի բոլոր աստվածները։ Ինքն Ապոլլոնը հարսանիքին կիթառ էր նվագում, իսկ Մուսաները՝ ձայնակցում փողերով։ Հերմեսը Հարմոնիային նվեր ընծայեց քնար, Դեմետրան՝ ցորենի բերք, Կադմոսը դեռատի կնոջը նվիրում է Հեփեստոսի պատրաստած կախարդական մանյակը, որը հետագայում ճակատագրական դեր է խաղացել Յոթն ընդդեմ Թեբեի արշավանքի ընթացքում և դարձել է Ալկմեոնի կործանման պատճառը։ Նրա որդիները մանյակը հետագայում ընծայաբերում են Դելփյան սրբավայրին[3]։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Հարմոնիա (40) աստերոիդը՝ հայտնաբերված 1856 թ.։ Անվանումն ընտրվել է ի նշանավորումն 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ավարտի[4]։