From Wikipedia, the free encyclopedia
Հիլմա աֆ Կլինտ (շվեդ.՝ Hilma af Klint, հոկտեմբերի 26, 1862[1][2][3][…], Սոլնա, Շվեդիա[4][5][6][…] - հոկտեմբերի 21, 1944[7][8][2][…], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][9]), շվեդ նկարչուհի և միստիկ, աբստրակտ գեղանկարչության առաջին ներկայացուցիչներից մեկը։ Նրա ստեղծագործությունները կանխագործել են այնպիսի աբստրակտ գեղանկարիչների աշխատանքներ, ինչպիսին է Վասիլի Կանդինսկին[14]։ Եղել է համախոհ կանանց «Հինգ» (De Fem) ընկերակցական խմբի անդամ՝ իր հավատով կիսվելով, այսպես կոչված, «հոգևոր ուսուցիչների» հետ շփումներում, որոնք հաճախ տեղի էին ունենում ոգեհարցության սեանսների միջոցով։ Նրա նկարները, որոնք երբեմն նման են դիագրամների, խորը հոգևոր աշխարհայացքի արտահայտություն են։
Հիլմա աֆ Կլինտ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոլնա, Շվեդիա[4][5][6][…] |
Վախճանվել է | հոկտեմբերի 21, 1944[7][8][2][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][9] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կոնստֆակ և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1889) |
Մասնագիտություն | female painter և արվեստագետ |
Ոճ | աբստրակցիոնիզմ[10] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[11], այլաբանություն[11], բնանկար[11], կենդանիների նկարչություն[11], դիմապատկեր[11] և նյու[11] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Կերստին Կարդոն |
Անդամակցություն | Q10501244?, The Five?[12] և Edelweiss Society?[13] |
Hilma af Klint Վիքիպահեստում |
Հիլմա աֆ Կլինտի վերացական արվեստի հավաքածուն ներառում է ավելի քան 1200 աշխատանք, այն պատկանում և գտնվում է Ստոկհոլմի «Հիլմա աֆ Կլինտի հիմնադրամի» տնօրինության տակ։
Հիլմա աֆ Կլինտը ծնվել է 1862 թվականի հոկտեմբերի 26-ին Սոլնայում։ Նա եղել է ծովային սպա և քարտեզագրող Վիկտոր աֆ Կլինտի և Մաթիլդա Զոնտագի հինգ երեխաներից չորրորդը։ Ընտանիքն ամառները սովորաբար անցկացրել է Հանմորի իրենց ֆերմայում (Մելարեն լճի մոտ)։ Այդ վայրի անդորր շրջապատում Հիլման դեռ վաղ հասակից սովորել է նրբորեն զգալ ու հասկանալ բնությունը, իսկ բույսերի պատկերների ասոցիատիվությունը ոգեշնչել է նրան աշխատելու։ Իր հորից նա ժառանգել է նաև մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը։
1872 թվականին Կլինտի ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Հիլման սովորել է Տեխնիկական դպրոցում (այժմ՝ Կիրառական արվեստի դպրոց), այնուհետև դասընթացներ է անցել դիմանկարչությունից ու բնանկարչությունից և 5 տարի (մինչև 1887 թվականը) ուսումը շարունակել Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1889-ական թվականների վերջերից մինչև 1908 թվականն աշխատել է Ստոկհոլմի իր սեփական ատելիեում (Համնգատան, տուն 5)՝ գտնվելով Էդվարդ Մունկի էքսպրեսիոնիստական գեղանկարչության ազդեցության տակ։ Նկարչուհին ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ և ժանրային կտավներ, կազմակերպել իր առաջին ցուցահանդեսները։ Երիտասարդ չամուսնացած կնոջ ինքնուրույնությունն ու ֆինանսական անկախությունն անսովոր երևույթ էր այդ ժամանակվա հասարակության համար։
1879-1882 թվականներին պարբերաբար մասնակցել է քրիստոնեական ուղղվածություն ունեցող աղանդավորական խմբավորումներից մեկի ոգեհարցության սեանսներին, որից հետագայում հեռացել է։ 1880 թվականին մահացել է նրա կրտսեր քույրը՝ Հերմինան, և և այդ պահից ի վեր կյանքի հոգևոր կողմը Հիլմայի համար ձեռք է բերել առավելագույն նշանակություն։ Հոգևոր որոնումը Հիլմային հանգեցրել է ուսումնասիրելու փիլիսոփայական և կրոնական զանազան ուղղություններ, նա հետաքրքրվել է Ելենա Բլավատսկայայի թեոսոֆյան գաղափարներով և Քրիստիան Ռոզենկրեյցի փիլիսոփայությամբ։
Ակադեմիայում սովորելու ժամանակ Հիլման ծանոթացել է Աննա Կասսելի հետ՝ այն չորս կանանցից առաջինը, որոնց հետ ավելի ուշ կազմակերպել է «Հինգ» խումբը (De Fem)՝ իր հոգևոր գաղափարները կիսող նկարիչների ընկերակցություն։ 1896-1906 թվականներին նրանք հանդիպել են յուրաքանչյուր ուրբաթ, կարդացել ու ուսումնասիրել Նոր Կտակարանը, անցկացրել մեդիտացիաներ և ոգեհարցության սեանսներ, այնուհետև ուշադիր արձանագրել ստացված «ուղերձները»։ Հիլմայի և նրա համախոհների հետ, համաձայն նրա գրառումների, կապ են հաստատել Գրեգերի, Կլեմենտի, Ամելիելի և Անանդայի հոգիները, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների և օգնականների մի ամբողջ խումբ։ Հիլման գրել է, որ հոգևոր արարածից ուղերձ է ստացել, որում իրեն բացատրել են, որ ինքն ստեղծելու է ոգեմիջնորդ նկարներ։ 1906 թվականի վերջին՝ իր «հոգևոր առաջնորդների» ցուցումներից հետո, նա ստեղծել է վերացական աշխատանքների առաջին շարքը՝ պայծառ, բազմագույն կոմպոզիցիաներ՝ երկրաչափական և զարդաքանդակավոր մոտիվներով։
1908 թվականին Հիլման ծանոթացել է ավստրիացի հայտնի թեոսոֆիստ և անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների հետ, որի գրքերը գիտեր։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Ստոկհոլմում՝ Հիլմայի արվեստանոցում, որտեղ Շտայները տեսել է Հիլմայի առաջին աշխատանքները։ Շտայերը չի մեկնաբանել դրանք և նույնիսկ նկատել է, որ առաջիկա 50 տարիներին դրանք չեն հասկացվի։ Անտրոպոսոֆիան նշանակալի ազդեցություն է ունեցել շվեդ նկարչի աշխատանքի վրա։ Նրա գործերում սկսել են հայտնվել այդ ուսմունքից ոգեշնչված մոտիվներ՝ խեցիների, օձերի, շուշանների և խաչերի պատկերներ[15]։
1917 թվականին Հիլմա աֆ Կլինտը տեղափոխվել է Մունսի նոր ստուդիա, որ կառուցված էր նրա «Ֆուրուհեյմ» ամառանոցի մոտ։ Մոր մահից հետո (1920) Հիլման մեկնել է Հելսինկի, որտեղ բնակվել է իր մոր բուժքույր Թոմասին Անդերսոնի հետ, որի հետ ընկերուհիներ են եղել մինչև կյանքի վերջ։ 1920-1930 թվականներին նրանք շատ ժամանակ են անցկացրել Դորնախում (Շվեյցարիա)՝ նկարչուհու նկարների իմաստի որոնման համար ուսումնասիրելով 1913 թվականին Ռուդոլֆ Շտայների կողմից հիմնադրած անտրոպոսոֆիական ընկերության (կենտրոնը Դորնախի Գյոթեանումն է) արխիվները։
1935 թվականին Հիլման Թոմասին Անդերսոնի հետ տեղափոխվել է Լյունդ։ 1940 թվականին՝ Թոմասինի մահից հետո, Հիլման բնակություն է հաստատել իր ազգական Հեդվիգ աֆ Կլինտի վիլլայում՝ Ստոկհոլմի մերձակայքում գտնվող Յուրշհոլմում։ 1944 թվականին ենթարկվելով ավտովթարի՝ Հիլմա աֆ Կլինտը մահացել է գրեթե 82 տարեկան հասակում։
«Հինգ» խմբում իր մասնակցության և համագործակցության շնորհիվ 1896 թվականին Հիլման ստեղծել է փորձարարական «ավտոմատ» նկարը, որի միջոցով նա ստեղծել է սեփական վիզուալ գեղարվեստական լեզուն, որը կարող է արտահայտել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աշխարհի անտեսանելի ուժերը։ Երբ արտահայտման այս ձևը նրա համար դարձել է ավելի սովորական և բնական, Հիլման բարձրագույն հոգևոր էությունից ստացել է «Տաճար» նկարների շարք ստեղծելու ուղերձ։ Նկարչուհին զգացել է, որ ինչ-որ արտաքին ուժ իր ձեռքին «ուղղություն է տալիս»։ Այս ժամանակ նա իր օրագրում գրել է. «Նկարը նկարվել է ուղղակիորեն «ինձանից», առանց նախնական ուրվագծերի և մեծ ուժերի։ Ես գաղափար չունեի, թե ինչ նկար պետք է պատկերեմ, և չնայած դրան՝ ես աշխատեցի արագ ու վստահորեն, առանց վրձնի մեկ հարված փոխելու»։
1906 թվականին՝ իր ստեղծագործական գործունեության 20-ամյակից հետ, Հիլմա աֆ Կլինտը 44 տարեկանում նկարել է վերացական ստեղծագործությունների իր առաջին շարքը։
«Տաճար» շարքի վրա աշխատանքները շարունակվել են 1906-1915 թվականների ընթացքում երկու փուլով, ընդմիջում է արվել 1908 և 1912 թվականների միջև։ Տեսողական արտահայտման ձևը դարձել է նրա գեղարվեստական լեզուն։ Ժամանակի ընթացքում նրա նկարչական արվեստը դարձել է ավելի ինքնուրույն ու բովանդակալից, սակայն հոգևոր աղբյուրը մինչև նրա կյանքի վերջը շարունակել է մնալ նրա ստեղծագործության գլխավոր ոգեշնչողը։
«Տաճար» շարքը կազմված է 193 նկարից, որոնք խմբավորված են առանձին ենթախմբերում։ 1907 թվականին վերաբերող հիմնական աշխատանքներն ունեն համեմատաբար մեծ չափեր՝ մոտավորապես 2,40 × 3,20 մետր, և կոչվում են «10 ամենամեծերը»։ Դրանք պատկերում են կյանքի տարբեր շրջանները` ծննդյան պահից մինչև ծերություն։ Գրաֆիկական տարրեր վերցնելով գիտության ոլորտից, ինչպես նաև օգտագործելով բուսական մոտիվներ՝ աֆ Կլինտը փորձել է պատկերել գաղտնի հոգևեր գործընթացներ։ Հիլմա աֆ Կլինտի արվեստի աշխարհը լի է սիմվոլներով, բառերով և տառերով։ Նկարներն արտացոլում են աշխարհի բնական երկվությունը` երկրայինը և հոգևորը, ներքինը և արտաքինը, արականը և իգականը, բարին և չարը։ Գունային լուծումը փոխաբերական է. կապույտը պատասխանատու է կանացի հոգևոր էության համար, դեղինը՝ տղամարդկայինի, վարդագույնը` ֆիզիկական սիրո, իսկ կարմիրը՝ հոգևորի։ Հիլմայի նկարներն ուղեցույց են դեպի մեկ այլ հարթություն, որտեղ հասկացողությունը տեղի է ունենում իր տեսածի գեղարվեստական և հոգևոր պատկերացմամբ։
«Տաճարի» շուրջ աշխատանքի ավարտին հոգևոր ղեկավարումը դադարել է։ Հիլման շարունակել է վերացական նկարչությամբ զբաղվել առանց արտաքին հսկողության։ Նա սկսում է ջրաներկ օգտագործել, նրա գործերը չափերով ավելի փոքր են եղել։ Ստեղծագործությունները հետևել են նրա էզոթերիկ և գեղարվեստական ուսումնասիրություններին, 1920 թվականից նրանցում կարելի է զգալ Անտրոպոսոֆիայի ընկերության կողմից մշակված արվեստի տեսությունների որոշակի ազդեցությունը։
Իր ողջ կյանքի ընթացքում Հիլմա աֆ Կլինտը փորձել է հասկանալ շփման առեղծվածը, որը հասել էր նրան իր աշխատանքի միջոցով։ Նա իրենից հետո թողել է 150 տետր, որտեղ գրի էր առել իր մտքերն ու հետազոտությունները։
Հիլմա աֆ Կլինտն իր աշխատանքները չի ցուցադրել, ավելի քան 1200 նկարներ ապագայի ակնկալիքով խնամքով պահվել են նրա արվեստանոցում։ Բոլոր աշխատանքները կտակել է իր զարմիկ, Շվեդիայի Թագավորական նավատորմի փոխծովակալ Էրիկ աֆ Կլինտին, այն պայմանով, որ դրանք իր մահից հետո 20 տարի չցուցադրվեն։ Երբ 1960-ական թվականների վերջին բացել են նկարների արկղերը, շատ քչերն են իմացել դրանց սյուժեն։
1970-ական թվականների վերջին Հիլմա աֆ Կլինտի աշխատանքները որպես նվեր առաջարկվել են Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանին, որը հրաժարվել է նվիրատվությունից։ Միայն արվեստագետ Օկա Ֆանտի շնորհիվ Հիլմա աֆ Կլինտի արվեստը 1980 թվականին ցուցադրվել է միջազգային հանրությանը, 1984 թվականին Ֆանտը Կլինտի աշխատանքները Ստոկհոլմում ներկայացրել Նորդիկ համաժողովում։ ԱՄՆ-ում Հիլմա աֆ Կլինտի վերացական արվեստն առաջին անգամ ներկայացվել է «Հոգևորությունն արվեստում, 1890-1985 թվականների վերացական գեղանկարչությունը» ցուցահանդեսում, որը 1986 թվականին Լոս Անջելեսում կազմակերպել էր Մորիս Տուչմանը։ Այդ ցուցահանդեսը Կլինտի արվեստի միջազգային ճանաչման սկիզբն էր։
2017 թվականին շվեդ գրող Աննա Լարսոնը նկարչուհու մասին գրել է «Hilma – en roman om gåtan Hilma af Klint» վեպը[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.