Հին աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Հին աշխարհ (գիտական եզրով՝ լատին․՝ Antiquitas, հունարեն՝ Αρχαία Ιστορία, հունարենից տառադարձմամբ՝ «Արխայա իստորիա»), մարդկության պատմության առաջին պարբերափուլը, որն ընդգրկում է նախնադարյան ժամանակներից մինչև ստրկատիրական կարգերի քայքայումն ընկած ժամանակահատվածը։ տարբէրհնագիտական հետազոտությունների՝ համաշխարհային պատմության հինաշխարհյան դարաշրջանը տևել է 5000 տարի, ընդ որում, ընդունված է որպես հաշվարկման սկիզբ համարել շումերական սեպագրի կիրառության դրվելու տարեթիվը։ Այսպիսով, հին աշխարհի պատմությունն ընդգրկում է մ․թ․ա․ 30-րդ դարից մինչև 5-րդ դարն ընկած ժամանակաշրջանի դեպքերն ու իրադարձությունները։ Առավել վիճարկելի է վերջինիս ավարտի տարեթիվը, որը ներկայումս ընդունված է համարել 476 թվականը (նշանավորվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ)։ Որոշ այլ ուսումնասիրողներ որպես պարբերափուլի ավարտ համարում են Պլատոնյան ակադեմիայի փակումը, Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ի կառավարման ավարտը, իսլամի ծագումը, ֆրանկների մայորդոմ Կառլոս Մեծի թագադրությունը և այլն Հնագույն շրջանի պատմությունն իր հերթին բաժանված է երեք հիմնական շրջանների․ Քարի դար, Բրոնզի դար և Երկաթի դար։ Քարի դարի բաղկացուցիչ փուլերն են պալեոլիթը, մեզոլիթը, նեոլիթը և էնեոլիթը։ Քարի դարի ընթացքում ի հայտ է գալիս մարդկության պատմության առաջին գյուտը՝ կրակի հայտնաբերումը։ Ժամանակի ընթացքում մարդկության նվաճումները նախնադարյան համայնական հասարակարգի պայմաններում հանգեցնում են Նեղոսի դելտայում՝ ներկայիս Եգիպտոսի տարածքում, առաջին պետական կազմավորումների առաջացմանը։
Հին աշխարհի կարևորագույն կենտրոններից էր Մերձավոր Արևելքը։ Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում, գոյություն են ունեցել Աքքադն ու Շումերը, որոնք կուռ համակարգով առաջին պետություններն էին աշխարհում։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում հենց այս տարածքներում էլ ձևավորվում են Բաբելոնն ու Ասորեստանը, որոնք կարճ ժամանակահատվածում դառնում են տարածաշրջանային գերտերություններ։ Արևելքում քաղաքակրթությունը վերելք էր ապրում Հնդկաստանում (Ինդո) և Գանգես գետերի հովիտներում), Չինաստանում (Հուանհե գետի շրջակայքում) և Ճապոնական կղզիներում։ Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներում սկսվում է ձևավորվել Կրետեի ծովապետությունը, որով հիմք է դրվում հին հունական, իսկ առավել գլոբալ իմաստով՝ արևմտյան քաղաքակրթության վերելքին։ Հին Հունաստանը համարվում է ոչ միայն արևմտյան քաղաքակրթության, այլ նաև ժողովրդավարության, փիլիսոփայական գիտության և թատրոնի բնօրրանը։ Մ․թ․ա․ 8-րդ դարում, արդեն, հիմնադրվում է Հռոմը, որը հետագայում դառնում է Հռոմեական տիրակալության քաղաքամայրն ու աշխարհի կենտրոններից մեկը։
Հայկական լեռնաշխարհը նախնադարյան մարդու բնակեցման նախնական օրրաններից է։ Վերջին տարիների ընթացքում Արևմտյան Հայաստանի տարբեր մասերում հայտնաբերվել են քարեդարյան մշակույթի զանազան փուլերին վերաբերող հնագիտական հարուստ նյութեր, որոնք անգնահատելի նշանակություն ունեն Հայաստանում մարդու վաղ բնակության և նախամարդու տարաբնակեցման կարևոր հարցերի լուծման համար։ Հինաշխարհյան շրջանում հայ ժողովրդի պատմական նախահայրենիքի տարածքում ձևավորվել են մի շարք ցեղեր, ցեղային միություններ և պետական կազմավորումներ։ Ավելի ուշ շրջանում ի հայտ է գալիս Վանի թագավորությունը, որը հընթացս գերիշխող դիրք է ձեռք բերում տարածաշրջանում։ Հինաշխարհյան շրջանում հայկական տարածքներում ձևավորվում է Երվանդունիների և Արտաշեսյանների համահայկական թագավորությունները։ Այս շրջանում Տիգրան Մեծ արքայի օրոք Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին։