Հյուսիսային Ամերիկա
մայրցամաք / From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Ամերիկա, երկրագնդի վեց մայրցամաքներից մեկը, որը գտնվում է Հյուսիսային և գրեթե ամբողջությամբ Արևմտյան կիսագնդերում։ Կարելի է սահմանել նաև որպես Ամերիկա աշխարհամասի կամ մեկ միասնական մայրցամաքի հյուսիսային ենթամայրցամաքը։ Հյուսիսում նրա ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի, հարավում և արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի, իսկ հարավ-արևելքում սահմանակից է Հարավային Ամերիկային և Կարիբյան ծովին։ Չնայած գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա՝ աշխարհագրորեն Գրենլանդիա կղզին ներառված է Հյուսիսային Ամերիկայի կազմում։ Հյուսիսային Ամերիկայի տարածքը կազմում է մոտ 24 709 000 կմ² կամ Երկրագնդի ցամաքային տարածքի մոտ 16,5%-ը և ընդհանուր տարածքի՝ մոտ 4,8%-ը։ Իր տարածքով Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է և զիջում է միայն Եվրասիային և Աֆրիկային։ Բնակչության թվաքանակով ևս երրորդն է՝ դարձյալ զիջելով Եվրասիային և Աֆրիկային։ 2021 թվականի դրությամբ՝ մայրցամաքի բնակչությունը կազմում էր ավելի քան 592 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 7,46%-ը։ Առաջին մարդիկ Հյուսիսային Ամերիկա են հասել վերջին սառցե դարաշրջանի ընթացքում՝ մոտ 40 000-17 000 հազար տարի առաջ՝ հատելով Բերինգիան կամ Բերինգի ցամաքային կամուրջը։ Այսպես կոչված պալեոհնդկական ժամանակաշրջանն ավարտվեց մոտ 10 000 տարի առաջ (արխայիկ կամ մեզոհնդկական ժամանակաշրջանի սկիզբը)։ Դասական դարաշրջանն ընդգրկում է մոտ 6-13-րդ դարերը։ Առաջին եվրոպացիները, որոնք այցելել են Հյուսիսային Ամերիկա (բացի Գրենլանդիայից), վիկինգներն էին, որոնք ամերիկյան ափերին իջել են մեր թվարկության մոտ 1000 թվականին։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի ժամանումով սկսվեց միջատլանտյան փոխանակումը, որը նպաստեց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների և Վաղ-նոր ժամանակների շրջանում եվրոպացի գաղութարարների ներհոսքին։ Հյուսիսային Ամերիկայի ժամանակակից մշակութային և ազգային մոդելներն արտացոլում են եվրոպացի գաղութարարների, բնիկ ժողովուրդների, աֆրիկյան ստրուկների, Եվրոպայից, Ասիայից ներգաղթյալների և այս խմբերի ժառանգների փոխգործակցությունը։ Եվրոպացիների կողմից Ամերիկա աշխարհամասի գաղութացման պատճառով Հյուսիսային Ամերիկայի բնակիչների մեծ մասը խոսում է եվրոպական լեզուներով, այդ թվում՝ անգլերենով, իսպաներենով և ֆրանսերենով, իսկ նրանց մշակույթները հիմնականում արտացոլում են արևմտյան ավանդույթներն ու սովորույթները։ Այդուհանդերձ, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ հատվածներում բնիկ ժողովուրդները շարունակում են ապրել իրենց մշակութային ավանդույթներով և կիրառում են իրենց լեզուները։