Հոգեդիագնոստիկա
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեդիագնոստիկա (հին հունարեն՝ ψυχή - «հոգի» և διάγνωσις - «դիագնոսիս»՝ «ինչ-որ բանի էություն կամ պատճառների բացահայտում»), հոգեբանության ճյուղ։ Դիագնոստիկան կիրառվում է տարբեր բնագավառներում և իրականացվում է տվյալ բնագավառին բնորոշ տրամաբանությամբ և մեթոդաբանությամբ։ Ավելի հաճախ դիագնոստիկա եզրույթն օգտագործվում է անսարքությունների, թերությունների, խանգարումների, հիվանդությունների բացահայտման համար, ինչի հետևանքով հայերենում որպես «դիագնոստիկա» բառի թարգմանություն արմատավորվել է «ախտորոշում» եզրույթը, որը բացի այդ նաև նշանակում է «հիվանդության որոշում»։
«Հոգեդիագնոստիկա դիագնոզ» հասկացությունը ախտորոշում է անձի հոգեբանական առանձնահատկությունները՝ հնարավորինս մոտենալով դրանց դրսևորումների պատճառահետևանքային կապերին, և տիպաբանական ախտորոշման ճանապարհով փորձում է ճանաչել և գնահատել հոգեբանական տվյալների տեղն ու դերը անձի դինամիկ կառույցում։ Ուստի նպատակահարմար է օգտագործել ոչ թե «հոգեախտորոշում» եզրույթը, այլ հենց «հոգեդիագնոստիկա»։
Անձի հետազոտման ենթատեքստում արտասահմանյան գրականության մեջ «հոգեդիագնոստիկա» եզրույթը հիմնականում օգտագործվում է բժշկական հոգեբանության մեջ՝ արտահայտելով հենց հոգեկան խանգարումների և սահմանային վիճակների բացահայտումը, իսկ հոգեբանական առանձնահատկությունների չափման ու գնահատման գործընթացի համար օգտագործվում է «հոգեբանական թեստավորում» արտահայտությունը։ Ժամանակակից մասնագիտական գրականության մեջ հաճախ հանդիպում է նաև «հոգեբանական գնահատում» (psychological assessment) արտահայտությունը, որն ունի ավելի լայն մեկնաբանում, քան հոգեբանական թեստավորումը, քանի որ արտացոլում է ոչ միայն գործընթացը, այլ նաև դրա վերջնական արդյունքը։
Հոգեդիագնոստիկան, որպես գիտակարգ, ուղղված է անձի անհատական-հոգեբանական առանձնահատկությունների բացահայտմանը և հետազոտմանը, որն իրականացնելու համար արդյունավետ հոգեբանական մեթոդների և մեթոդիկաների մշակման, տեղայնացման և ժամանակի ընթացքում դրանց կատարելագործման անհրաժեշտություն է առաջանում։
Հոգեդիագնոստիկան միավորում է հոգեբանության տեսական, հետազոտական և գործնական ուղղությունները՝ դառնալով հիմք հոգեբանության տարբեր բնագավառների համար։ Այն գործնական կիրառություն ունի դիֆերենցիալ, տարիքային, մանկավարժական, սոցիալական, բժշկական, իրավաբանական, կառավարման և այլ հոգեբանական գիտակարգերի համար։
Որպես կիրառական ուղղություն՝ հոգեդիագնոստիկան իր կարևոր նշանակությունն ունի հոգեբանական հետազոտությունների իրականացման, արդյունքների հաշվարկման, նորմատիվային ցուցանիշներ կազմելու և գծային և ոչ գծային փոխկապակցվածությունների գտնելու համար։ Այն կիրառելի է հոգեբանական գործնական աշխատանքում՝ անհատական, խմբային, խորհրդատվական, հոգեթերապևտիկ և այլն։ Հոգեդիագնոստիկական մեթոդներն արդյունավետ կիրառվում են մասնագիտական կողմնորոշման, ընտրության և պիտանելության որոշման խնդիրների լուծման համար։ Տարբեր հաստատություններում, կրթօջախներում, կազմակերպություններում այսօր իրականացվող հոգեբանական մասնագիտական խորհրդատվությունը նպաստում է առավել արդյունավետ անցկացնել կադրերի ընտրություն և մասնագիտական հոգեբանական դիմանկարները կազմելու արդյունքում բարձրացնել ուսումնական և աշխատանքային գործունեության արդյունավետությունը։
Հոգեդիգնոստիկան կիրառական նշանակություն ունի նաև դատավարական պրակտիկայում, հատկապես դատական փորձաքննությունների իրականացման գործընթացում։ Հոգեդիագնոստիկ գիտելիքների և հմտություններին տիրապետող հոգեբան մասնագետը կարող է իրականացնել հանդիպումներ և ախտորոշիչ աշխատանքներ ինչպես տուժածների, կասկածյալների, այնպես էլ վկաների հետ, բացահայել նրանց անձնային որակները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները և հանգել դատական գործընթացի համար արժեքավոր եզրակացությունների։ Հոգեբանության զարգացմանը զուգընթաց, չկորցնելով իր արդիականությունն այսօր՝ հոգեդիագնոստիկան շարունակում է մնալ հոգեբան մասնագետների ուշադրության կենտրոնում՝ որպես տեսական և կիրառական գիատակարգ։