From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստը Ռուսաստանի տարածքում, ՌՍՖՍՀ հրեա բնակչության համակարգված հալածանքներն ու ոչնչացումը գերմանացի նացիստների, նրանց դաշնակիցների ու կոլաբորացիոնիստների կողմից 1941-1944 թվականներին «հրեական հարցի վերջնական լուծման» քաղաքականության շրջանակներում։
ՌՍՖՍՀ տարածքում ստեղծվել է 41 գետտո․ տարբեր գնահատականների համաձայն՝ ՌՍՖՍՀ-ում (առանց Ղրիմի) զոհվել է 55-140 հազար հրեա։
1992 թվականից Ռուսաստանում գործում է «Հոլոքոստ» գիտական-լուսավորական կենտրոնը։ Ազգայնականների շրջանում առկա է Հոլոքոստի ժխտում երևույթը։
1941 թվականի հունիսի 22-ին նացիստական Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակումից հետո Ռուսաստանի արևմտյան ու հարավարևմտյան տարածքներն ընկել են վերմախտի տիրապետության տակ։ Հուլիսի 9-ին գրավվել է Պսկովը, հուլիսի 16-ին՝ Սմոլենսկը, օգոստոսի 15-ին՝ Նովգորոդը, հոկտեմբերի 6-ին՝ Բրյանսկը, 13-ին՝ Կալուգան, 14-ին՝ Կալինինը։ Երկրի հարավում հոկտեմբերի 17-ին գրավվել է Տագանրոգը։ Դոնի Ռոստովը նացիստներն օկուպացրել են երկու անգամ՝ 1941 թվականի նոյեմբերին և 1942 թվականի ամռանը։ 1942 թվականի ամռանը գերմանացիների ձեռքն են անցել նաև Ստավրոպոլը, Մայկոպը, Կրասնոդարը, Մոզդոկը և Նովոռոսիյսկը[1][2]։
Ռուսաստանի գրավված տարածքների մեծ մասը վերահսկում էր ռազմական ադմինիստրացիան։ Օրտսկոմենդատուրաներն ու ֆելդկոմենդատուրաները շարժվել են իրենց ռազմական միավորումների հետևից, և նրանց տեղն զբաղեցրել են թիկունքային շտաբները[3]։
Գրավված տարածքներում գերմանական վարչակարգը, վերմախտն ու ՍՍ սկսել են հրեա բնակչության զանգվածային կոտորած։
Զանգվածային գնդակահարությունները՝ որպես առաջ շարժվող գերմանական բանակի «թիկունքի մաքրման» միջոց, իրականացվել են այնզացխմբերի կողմից։ Գերմանական ճակատի թիկունքային գոտիներից յուրաքանչյուրում նշանակվել է ՍՍ և ոստիկանության գլխավոր ֆյուրեր (գերմ.՝ Hohere SS-und Polizeifuhrer, HSSPf), որի ընդհանուր հրամանատարության տակ են գտնվել վաֆեն-ՍՍ զորամասերը, այնզացխմբերը, կարգուկանոնի ոստիկանությունն ու ոստիկանական բաժանմունքները՝ կամավորներ տեղի բնակիչներից։ Նրանք բոլորը մասնակցել են հրեաների ոչնչացմանը[4]։
ՌՍՖՍՀ օկուպացված տարածքներում՝ Պսկովի, Սմոլսենսկի ու Բրյանսկի մարզերում[Ն․ 1] որոշակի քանակի հրեա բնակչություն ունեցող վայրերում կազմակերպվել են գետտոներ, և միայն դրանից հետո են սկսվել մասսայական գնդակահարությունները։
Կալուգայի և Կալինինի մարզերում Մոսկվայի տակ տեղի ունեցած հակահարձակման արդյունքում մի քանի բնակավայրերում (մասնավորապես Կալուգայում) նացիստները չեն հասցրել ոչնչացնել հրեաներին։ Կալինինում (ներկայում՝ Տվեր) օկուպացիայում մնացած 250 հրեաներից 200-ը սպանվել են[5]։
Լենինգրադի և Նովգորոդի մարզերում, Հյուսիսային Կովկասում և Ղրիմում (քիչ բացառություններով) հրեական բնակչության կոտորածն սկսվել է բնակավայրերի գրավումից անմիջապես հետո, և հրեաները որոշակի շենքերում հավաքվել են գնդակահարությունից ընդամենը մի քանի ժամ կամ մի քանի օր առաջ։
Ռուսաստանի հարավի ու Հյուսիսային Կովկասի հրեաների ոչնչացումն սկսվել է նացիստների կողմից այդ տարածքների գրավումից հետո՝ 1942 թվականի ամռանը։ Նույն թվականի հուլիսի 23-ին տեղի է ունեցել Դոնի Ռոստովի հրեաների զանգվածային սպանությունը Զմիյովսկայա Բալկայում։
Ռուսաստանի երեք ինքնավար հանրապետությունների, երկու երկրամասերի ու երեք մարզերի տարածքներում, որ գրավվել են 1942 թվականի ամռանն ու աշնանը, զոհվել են շուրջ 70 000 հրեաներ[6]։ Տարբեր գնահատականների համաձայն՝ ՌՍՖՍՀ տարածքում (չհաշված Ղրիմը) զոհվել է 55-70-ից մինչև 140 հազար հրեա[7]։
Ըստ վկայությունների՝ Ռուսաստանի գրավված տարածքներում ստեղծվել են 41 գետտոներ 12 տարածաշրջաններում ու 40 բնակավայրերում (Նևելում եղել են երկուսը)։ Բոլոր գետտոների 2/3-ից ավելին եղել են Ռուսաստանի երեք մարզերի տարածքում։ Դրանցից 15-ը, որտեղ հայտնվել են ավելի քան 11 000 կալանավորներ, գտնվել են Սմոլենսկի մարզում, 9-ը՝ Պսկովի մարզում և 7-ը՝ Բրյանսկի։ Ամենամեծ գետտոն, որտեղ տարվել են 3000 կալանավորներ, եղել է Սմոլենսկում[8]։ Ռուսաստանի տարածքում (առանց Ղրիմի) եղած գետտոների կալանավորների ընդհանուր քանակը կազմել է ավելի քան 28 000 մարդ[9]։
«Հոլոքոստի ժամանակվա գետտոների հանրագիտարանի» («Յադ Վաշեմ»)[10], «Հոլոքոստն ու հրեական դիմադրությունը ԽՍՀՄ գրավված տարածքներում» (ռուս.՝ «Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР», Իլյա Ալտման), «Հոլոքոստը ԽՍՀՄ տարածքում» (ռուս.՝ «Холокост на территории СССР») հանրագիտարանի և այլ աղբյուրների համաձայն՝ ՌՍՖՍՀ այդ ժամանակվա տարածքում գետտոներ եղել են հետևյալ բնակավայրերում (ըստ նախապատերազմյան վարչական բաժանման)․
Մարզ | Բնակավայրեր, որտեղ եղել են գետտոներ |
---|---|
Ղրիմի ԻԽՍՀ[Ն․ 2] | Ջանկոյ, Յալթա |
Կալինինի մարզ | Լոկնյա, Նևել, Օպոչկա, Պուտոշկա, Ռժև, Սեբեժ, Տորոպեց |
Կուրսկի մարզ | Դմիտրիև-Լգովսկի |
Լենինգրադի մարզ | Վիրիցա, Պսկով, Հին Ռուսա |
Օրյոլի մարզ | Կլետնյա, Կլինցի, Մգլին, Ստարոդուբ, Ունեչա, Զլինկա |
Սմոլենսկի մարզ | Բեժանցի, Գուսինո, Իլինո[Ն․ 3], Կարաչև, Խիսլավիչի, Կրասնի, Լյուբավիչի, Միկուլինո, Մոնաստիրշչինա, Պետրովիչի, Պոչինոկ, Ռոսլավլ, Ռուդնյա, Շումյաչի, Սմոլենսկ, Տատարսկ, Ուստյավի, Վելիժ, Զախարինո |
Օրջոնիկիձեի երկրամաս (1943 թվականի հունվարի 12-ից՝ Ստավրոպոլի երկրամաս) | Եսենտուկի, Նալչիկ |
Տուլայի մարզ | Կալուգա |
Ռուսաստանի՝ Բելառուսի հետ սահմանակից տարածքների բնակչության շրջանում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ տեղի բնակչությունը, ոնենալով որոշակի հակասեմական նախապաշարմունքներ ու հրեաներին մեղադրելով «պասիվության» համար, այնուամենայնիվ հավանության չեն արժանացրել Հոլոքոստը (թեև հազվադեպ են կարեկցել հրեաներին՝ ընդգծելով հարազատ ժողովրդի շրջանում զոհերի առկայությունը)։ Հայտնի է, որ սլովոնական ժողովրդի ներկայացուցիչների կողմից հրեաներին օգնելու մի շարք դեպքեր, իսկ շատերն էլ հրաժարվում էին օգնել հրեաներին՝ վախենալով նացիստների հետապնդումներից (հրեաներին թաքցնելու համար նախատեսված էր մահապատիժ)։ Ուրիշ տեղաբնիկներ ակտիվորեն մասնակցել են հրեաների ոչնչացմանն ու նրանց ունեցվածքի թալանմանը։ Մեծամասնությունը, սակայն, զբաղեցրել է չեզոք դիրք՝ ոչինչ ձեռնարկելով։ Պատմաբան Դանիել Ռոմանովսկու կարծիքով՝ հրեաներին չօգնելու մեղքի զգացումը տեղի բնակությանն ստիպել է պատերազմից հետո Հոլոքոստը «բացատրել» հրեաների բացասական հատկանիշներով և նրանց «պասիվությամբ»[11]։
ՌՍՖՍՀ չօկուպացված տարածքների որոշ բնակիչներ պաշտոնապես հայտարարել են, որ անտարբեր են հրեաների տառապանքների նկատմամբ կամ նույնիսկ պատրաստակամություն են հայտնել գերմանացիների գալու դեպքում օժանդակել հրեաների ոչնչացմանը։ Պատմաբան Օլեգ Բուդնիցկու կարծիքով՝ ՌՍՖՍՀ բնաչկության շրջանում հակասեմական տրամադրությունները բավական տարածված են եղել․ հենց դրա հետ է պատմաբանը կապում Հոլոքոստը լռության մատնելն ու ուշստալինյան պետական հակասեմականությունը[12]։
Իսրայելի «Յադ Վաշեմ» աղետի ու հերոսականության ինստիտուտը շնորհում է «աշխարհի արդարակյաց» պատվավոր կոչումն այն մարդկանց, ովքեր փրկել են հրեաներին Հոլոքոստի ժամանակ։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Ռուսաստանում այդ կոչմանն արժանացել է 197 մարդ[13]։ 2013 թվականի մայիսի 11-ի տվյալներով՝ ռուս արդարակյացներից կենդանի էր վեց մարդ[14]։
Եվրոպական շատ երկրներում որտեղ ապրում են աշխարհի արդարակյացներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ուկրաինայում, նրանք պարգևատրվում են ազգային պարգևներով[15]։ 2004 թվականին «Հոլոքոստ» գիտական-լուսավորական կենտրոնի ղեկավարներ Ալլա Գերբերն ու Իլյա Ալտմանը դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գնահատել ռուս աշխարհի արդարակյացների ներդրումը, սակայն մեկ տարի անց հատկացումները վերադարձվել են[16]։ Ավելի ուշ Իլյա Ալտմանը հայտարարել է[17]․
Ռուսաստանը միակ պետությունն է, որ ոչ մի ձևով չի պարգևտրել պետական պարգևներով այն մարդկանց, որ Յադ Վաշեմի կողմից ճանաչվել են «աշխարհի արդարակյացներ»։
Ռուսաստանի հրեական կոնգրեսը 1996 թվականից Ռուսաստանում ապրող աշխարհի արդարակյացներին հատկացնում է ամենամսյա նյութական օգնություն[18][16]։
ԽՍՀՄ-ում պատերազմի ավարտից հետո Հոլոքոստի լռության է մատնվել գաղափարախոսական պատճառներով[19][20]։ Համաձայն խորհրդային տարբերակի՝ նացիստներն ու նրանց մեղսակիցները հրեաներին սպանել են ոչ թե նրա համար, որ նրանք հրեա են, այլ նրա համար, որ նրանք Խորհրդային Միության քաղաքացիներ են[21]։ Հիշատակվել են Գերմանիայում ու օկուպացված մյուս երկրներում, բայց ոչ ԽՍՀՄ տարածքում եղած հրեա զոհերի մասին։ Խորհրդային պատմագրությունը ԽՍՀՄ տարածքում նացիստների կողմից հրեաների ոչնացումը չի առանձնացրել որպես ուսումնասիրման ինքնուրույն խնդիր[22]։ Հոլոքոստը շարունակել է լռության մատնվել նաև հետխորհրդային Ռուսաստանում 1990-ական և 2000-ական թվականներին[23]։ Տվյալ թեման բացակայել է կրթական ծրագրերից և գրեթե չի ներկայացվել դասագրքերում[24] մինչև 2004 թվականը։ 2008 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի հրեական կոնգրեսի համատեղ փորձագիտական խումբը նշել է, որ Հոլոքոստը բավարար չափով լուսաբանված չէ դպրոցի համար նախատեսված ուսումնական նյութերում (թեև ընդունել է, որ այդ հարցում առաջընթաց կա խորհրդային տարիների հետ համեմատած)․ ըստ փորձագիտական խմբի զեկույցի հեղինակների՝ մի շարք դասագրքերում Հոլոքոստը ներկայացված է ընդհանուր գծերով կամ բոլորովին լռության է մատնված[25][26]։ Սակայն ընդհանուր առմամբ 2000-ական թվականների երկրորդ կեսին և հետագայում իրադրությունն էապես փոխվել է․ հրեաների հալածանքների ու ոչնչացման թեման ընդգրկվել է դպրոցական գրեթե բոլոր դասագրքերում և Պետական միասնական քննության ծրագրում[27]։
ԽՍՀՄ պետական համակսեմականությունը նրա անկումից հետո նպաստել է Ռուսաստանում ազգայնական ու պրոֆաշիստական շարժումների առաջացմանը։ 1990-ական թվականների կեսերին տպագրվել է գրականություն, որում ժխտվել է Հոլոքոստը կամ կասկածի տակ են դրվել նրա էական կողմերը[28]։ Գիտնականները նշում են ռուս ժխտողների մոտ ինքնուրույն թարմ գաղափարների ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը[20][29][30]։
2002 թվականի հունվարի 26-27-ին Մոսկվայում անցկացվել է «Համաշխարհային պատմության գլոբալ խնդիրների միջազգային գիտաժողով», որին մասնակցել են ռեվիզիոնիստական համաշխարհային շարժման հայտնի ակտիվիստներ[31]։ Հոլոքոստի արևմտյան ժխտողները պնդում են, որ հենց Ռուսաստանում է իրենց հաջողվել գտնել ընդունելություն և օժանդակություն[32][33]։
2000-ական թվականների վերջերից հայտնի են փաստեր, որ Հոոքոստը ժխտող առանձին արտահայտություններ դատարանների կողմից ճանաչվել են որպես ծայրահեղականությանը համազդման մասին օրենքի նորմերը խախտող (այդ թվում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի հոդված 282)[34][35], արգելվել են ժխտողների հրապարակումների՝ որպես ծայահեղական նյութերի տարածումը[36][Ն․ 4]։ 2014 թվականի մայիսից նախատեսված է քրեական պատասխանատվություն Նյուրնբերգի գործընթացի արդյունքում հաստատված փաստերի ժխտման, նրանց կողմից սահմանված հանցագործությունները հավանության արժանացնելու համար[37]։ Իրավագետների կարծիքով՝ այդ օրենը նման է մյուս պետություններում ընդունվածներին, որոնք քրեականացնում են պատմական ռեվիզիոնիզմի տարբեր տեսակներ և առաջին հերթին Հոլոքոստը։ Օրենքի ընդունումը մի շարք զանգվածային լրատվամիջոցների կողմից գնահատվել է որպես Հոլոքոստի ժխտման արգելք[38][39]։
Իշխանությունների վերաբերմունքի պատճառով խորհրդային տարիներին Հոլոքոստին նվիրված հուշարձանների ստեղծումը դժվար ր։ Զոհված հրեաների հիշատակին նվիրված հուշարձանների վրա «հրեա» բառի փոխարեն գրում էին «խաղաղ բնակիչներ» կամ «խորհրդային քաղաքացիներ»[40][41]։ Խորհրդային Միությունում Հոլոքոստի թեմայի լռության մատնվելը ռուսական հասարակության, իշխանությունների ու գիտության վրա ավելի մեծ ազդեցություն է թողել, քան հետխորհրդային մյուս եվրոպական պետություններում[42]․ 1996 թվականին Ռուսաստանում անցկացված սոցիալական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցված ռուսների 91 %-ը չի իմացել «Հոլոքոստ» տերմինի նշանակությունը, իսկ 49 %-ը ոչինչ չեն լսել Օսվենցիմի, Դախաուի և Տրեբլինկայի մասին[43]։
Այնուամենայնիվ, 1992 թվականին Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից գրանցվել է հետխորհրդային տարածքում հառաջին մասնագիտացված հասարակական կազմակերպությունը՝ «Հոլոքոստ» գիտական-լուսավորական կենտրոնը։ Այն փորձում է նպաստել Հոլոքոստի հիշատակի պահպանմանը որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ողբերգության ու հերոսականության պատմության բաղկացուցիչ մաս։ 1994-2002 թվականներին «Հոլոքոստ» կենտրոնը Մոսկվայում կազմակերպել է «Հոլոքոստի դասերն ու ժամանակակից Ռուսաստանը» չորս միջազգային գիտաժողովներ, իսկ հետագայում նախապատրաստել է մի շարք հրատարակություններ, ներառյալ «ԽՍՀՄ տարածքում իրականացված Հոլոքոստի հանրագիտարանը» (ռուս.՝ «Энциклопедию Холокоста на территории СССР»)[44][45]։
Ռուսաստանը չի անդամակցել «Թասկ Ֆորս» միջազգային կազմակերպությանը, որ Հոլոքոստի հարցին նվիրված կրթական ծրագրեր է իրականացնում մանկավարժների շրջանում։ Չնայած բազմիցս դիմումներ են ուղղվել իշխանություններին, պաշտոնական մակարդակում չի հաստատվել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշելը (ՌԴ եղել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նրա անդամ երկրներին այդ օրը նշելը երաշխավորող բանաձևի ընդունման նախաձեռնողներից մեկը։ Մասնավորապես 2011 թվականի մայիսին ի պատասխան համապատասխան դիմումի ՌԴ նախագահի ադմինիստրացիայում հայտարարել են, որ Ռուսաստանում արդեն կա պատերազմի բոլոր զոհերի հիշատակը հարգելու օր՝ Հիշատակի ու սուգի օրը հունիսի 22-ին[46]։ Ի տարբերություն աշխարհի շատ երկրների՝ Ռուսաստանում դեռևս չկա Հոլոքոստի ողբերգության իմաստավորման թանգարանային-կրթական կենտրոն (թեև 1998 թվականին Մոսկվայում՝ Պոկլոննայա Գորայի Հուշային սինագոգում Ռուսաստանի նախագահի կողմից բացվել է ԱՊՀ-ում առաջին էքսպոզիցիան՝ նվիրված Հոլոքոստի պատմությանը)[47]։
Իլյա Ալտմանի կարծիքով՝ Ռուսաստանը նկատելիորեն հետ է մնում հարևան երկրներից Հոլոքոստին նվիրված հուշարձանների թվով[44], դրանք տեղադրվում են հիմնականում առանձին էնտուզիաստների նախաձեռնությամբ[48]։
Պոկլոննայա գորայի տարածքում Զուրաբ Ծերեթելու կողմից տեղադրվել է հուշարձան[49], որ նախապես կոչվում էր «Հրեա ժողովրդի ողբերգությունը», սակայն հետո վերանվանվել է «Ժողովուրդների ողբերգությունը»։ Հուշարձանի վրա նացիստների կողմից օկուպացված արևմտաեվրոպական բոլոր ժողովուրդների լեզուներով գրված է․ «Թող սուրբ լինի նրանց հիշատակը, թող պահպանվի այն դարերով» (ռուս.՝ «Да будет память о них священна, да сохранится она на века»)։ Մոսկվայի կառավարության կողմից 2001 թվականին հրատարակված գրքույկում, որ նվիրված է Պոկլոննայա գորային, Հոլոքոստը կոչվում է «Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների ամենադրամատիկական էպիզոդներից մեկը։ Ուսումնասիրողների կարծիքով՝ Հոլոքոստի հիշատակն այդպիսով ստորադասվում է Հայրենական մեծ պատերազմի հիշատակին, իսկ հրեա ժողովրդի ողբերգությունն իր տեղը զիջում է արևմտաեվրոպական ժողովուրդների և հատկապես ռուս ժողովրդի ողբերգությանը[50][51]։
2008 թվականին անցկացված սոցիոլոգիական հարցման (որտեղ հարցվածները պետք է ընտրեին չորս պատասխաններից մեկը) արդյունքում պարզվել է, որ ռուսների 52,1%-ը գիտեն, թե ինչ է Հոլոքոստը, 55,3%-ը գիտեն, որ Հոլոքոստից տուժել են հրեաները (35,6%-ն ընտրել է «խաղաղ բնակչություն» տարբերակը) 68,7%-ը կարծում է, որ հալածանքների պատճառը եղել է ազգային ատելությունը (21,7%՝ ռասայական), 93,2%-ն իմացել է Օսվենցիմի մասին, 72,4%-ն ասել է, որ կօգներ նացիստական հալածանքների զոհերին, եթե ապրեր Հոլոքոստի ժամանակ, իսկ 64,4%-ը համարել է, որ տրամաբանական կլիներ Ռուսաստանում ստեղծել Հոլոքոստի թանգարան։ 25,9%-ը գիտեն, թե ինչ է Յադ Վաշեմը (30,0% պատասխանել են, թե դա համկենտրոնացման ճամբար է, 23,6%-ը՝ հայտնի ճակատամարտի վայր, 20,5%-ը՝ ազգային հոծ բնակւթյան վայր), 29,4%-ը գիտեին, թե երբ է նշվում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը։ Հարցված ռուսների 42,0%-ը ենթադրում են, Հոլոքոստի դահիճներն ու զոհերը միշտ եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու տարբեր կրոնների հետևորդներ (36,8%-ը կարծում է, որ դահիճների ու զոհերի ազգություններն ու կրոնները կարող էին լինել նույնը կամ տարբեր, իսկ 16,5%-ը համարում է, որ դահիճներն ուշադրություն չեն դարձրել զոհերի ազգության ու կրոնի վրա))։ 36,9%-ը կարծում է, որ Հլոքոստի զոհերը անմասնակից են եղել նրա անցկացմանը (24,7%-ը ենթադրում է, որ զոհերն իրենք են հրահրել Հոլոքոստը, 21,2%-ն ասել է, որ նրանք մեղավոր են եղել Հոլոքոստի սկսման համար), 37,5%-ը պատասխանել է, որ Հոլոքոստի կրկնվելը հնարավոր չէ ոչ մի պարագայում (35,5%-ը՝ «հնարավոր է որոշակի դեպքերում», 20,7%-ը՝ «հնարավոր է, բայց ինքը վստահ չէ», 6,3%-ը՝ «պարտադիր կերպով»)։ Հարցվածների միայն 7,0-ն Հոլոքոստի մասին իմացել դպրոցական ծրագրից (գեղարվեստական ստեղծագործություններից՝ 32,6%, մամուլից՝ 28,7%, հարազատներից ու ընկերներից՝ 16,8%), հարցվածների 91,4%-ը Հոլոքոստի մասին չի սովորել ոչ մի ուսումնական հաստատությունում, 54,8%-ը չի կարողացել նշել գեղարվեստական գրականության կամ արվեստի որևէ նմուշ՝ նվիրված Հոլոքոստին[52]։
1998 թվականին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը բացել է «Հոլոքոստի թանգարան» Մոսկվայի Պոկլոննայա Գորայում[53]։
1999 թվականին ՌԴ քաղաքացիների՝ Հոլոքոստի զոհերին հատկացված դրամական միջոցները համարվել են նյութական օգնություն և ազատվել եկամտահարկից[54]։
2004 թվականին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների մի խումբ առաջարկել է զոհված հրեաների հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ։ Սակայն Վլադիմիր Ժիրինովսկին հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել և նրան այդ հարցում կողմնակից է եղել Նատալյա Նարոչնիցկայան[55][56]։ 2007 թվականին ռուս պատգամավորների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ բոլորը միաձայն դեմ են Հոլոքոստի ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմի ընդունմանը։ Ռուս պատգամավորների կարծիքով՝ այդ հարցը պետք չէ առանձնացնել ֆաշիզմի մյուս հանցագործություններից[57]։ Այդպիսի հանցագործությունների ժխտման համար պատասխանատվություն սահմանող ընդհանուր նորմը ՌԴ քրեական օրենսգրքում ներառվել է 2014 թվականին[37]։
2012 թվականի նոյեմբերին կայացած «Հրեական թանգարանի և հանդուրժողականության կենտրոնի» բացման արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է[58]․
Մենք պիտի հստակ հասկանանք, որ մեծ հաղթանակի գործում մեր երկրի ունեցած ներդրումը վերանայելու ցանկացած փորձը, Հոլոքոստի՝ համաշխարհային պատմության ամոթալի էջի ժխտումը ոչ միայն լկտիություն է ու անսկզբունքային սուտ, դա պատմության դասերի մոռացում է, որ կարող է հանգեցնել ողբերգության կրկնման։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Мы должны четко понимать, что любые попытки пересмотреть вклад нашей страны в великую победу, отрицать Холокост — позорную страницу мировой истории — это не просто цинично и беспринципная ложь, это забвение уроков истории, которое может привести к повторению трагедии․
Հոլոքոստի ժշտումը մեկ անգամ չէ, որ քննադատվել է ՌԴ պետական մարմինների, այդ թվում նաև ՌԴ արտգործնախարարության[59] և Դաշնային խորհրդի[60] կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.