Հունական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Հունական խոհանոց (հուն․՝ Ελληνική Κουζίνα), Հունաստանի ազգային խոհանոց, որը ձևավորվել է բալկանյան և միջերկրածովյան մյուս ժողովուրդների խոհանոցների ազդեցությամբ։
Այն նմանություն ունի ֆրանսիական, թուրքական և իտալական ազգային խոհանոցներին[1]։ Հունական խոհանոցն ունի չորս հիմնական հենքեր՝ թարմ մթերքներ, բուսական համեմունքների և կանաչեղենի հմուտ օգտագործում, ձիթապտղի լայն կիրառում, ինչպես նաև ճաշերի պարզություն։
Ձիթապտուղը համարվում է հունական խոհանոցի գլխավոր խորհրդանիշը[2]։ Հունական խոհանոցում ձիթապտղի լայն կիրառումը կապված է հին հույների շրջանում ձիթենու պաշտամունքի հետ[2]։ Ամառային ճաշատեսակներից ամենահայտնին հունական աղցանն է։ Պետք է նշել նաև, որ հույները միայն աղցանը պատրաստելու ժամանակ են մաքրում վարունգը կեղևից և աղցանը խառնում են միայն մատուցելուց առաջ։
Արագ սննդատեսակներից համաշխարհային հայտնիություն է վայելում գիրոսը, որը նման է թուրքական դոներին և արաբական շաուրմային։ Տարբերությունը նրանում է, որ սոուսով և մսով գիրոսի մեջ օգտագործվում է նաև կարտոֆիլի ֆրի։