Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Բաքու)
From Wikipedia, the free encyclopedia
Բաքվի հայկական Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոց, Հայ աղջիկների համար բացված ամենահին դպրոցներից է։ Հիմնվել է 1869-ի հունիսի 14-ին, մի փաստաթղթի համաձայն 1870-ին։ Պահվել է Բաքվի մարդասիրական ընկերության հաշվին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)
Հռիփսիմյան օրիորդաց դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | հունիսի 14, 1869 |
Աշակերտներ | 399 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Բաքու |
1872-ին ունեցել է նախապատրաստական և առաջին դասարաններ, որոնցում միասին սովորել են 36 հայ աղջիկներ։ Նախապատրաստականում անցել են հայոց լեզվի ընթերցանություն և վայելչագրություն, քրիստոնեական վարդապետություն, ռուսաց լեզվի ընթերցանություն և վայելչագրություն, թվաբանության առաջին մասը, ձեռագործություն և երգեցողություն։
Առաջին դասարանում անցել են հայերենի քերականություն, թարգմանություն գրաբարից աշխարհաբար, քրիստոնեական վարդապետություն և սրբազան պատմություն, ազգային պատմություն, ռուսաց լեզվի ընթերցանություն, թարգմանություն և վայելչագրություն, ռուսաց լեզվով՝ թվաբանություն, աշխարհագրություն և բնական գիտություն, ձեռագործություն և երգեցողություն։
1885-ին փակվել է։ Վերաբացվել է 1886-ի սեպտեմբերին՝ Բաքվի մարդասիրական ընկերության շենքում, մնալով երկդասյան իգական դպրոց։
1888-89 ուստարում ունեցել է 137 աշակերտուհի։ Ըստ սոցիալական դրության նրանք բաժանվել են այսպես. հոգևորականների աղջիկներ՝ 6, ազնվականների՝ 7, աստիճանավորների (ծառայողների)՝ 10, վաճառականների՝ 73, արհեստավորների՝ 50, երկրագործների՝ 3։ Թոշակ են վճարել 89, անվճար են սովորել 48 հոգի։ Փոխադրվել են հաջորդ դասարաններ՝ 87, մնացել են 43 հոգի։
1896-ի երկրորդ փակումից առաջ ունեցել է 250 աշակերտուհի։
Վերաբացվել է 1906-ին։ 1908-09 ուստարում եղել է իգական երկդասյան դպրոց, որտեղ սովորել են 368 հայ աղջիկներ։ 1911-12 ուստարում դարձել է յոթամյա դպրոց, սակայն աշակերտուհիների թիվը նվազել է, իջնելով 287-ի։ 1914-ին, աշակերտուհիների թիվը նկատելիորեն աճել է, հասնելով 399-ի (ուսուցիչներ՝ 14)։ 1917-ին գործել է որպես իգական միջնակարգ դպրոց։
Դպրոցն ունեցել է մանկավարժական ուղղություն[1]։