Ձայնարկություն (խոսքի մաս)
From Wikipedia, the free encyclopedia
Ձայնարկություն, խոսքի մասերից մեկը, որը ցույց է տալիս խոսողի զգայական, ոչ դատողական վերաբերմունքը։
Ձայնարկությունները կազմված են մեկ կամ մի քանի հնչյուններից՝ մեկ ձայնավորից, մեկ ձայնավորից և մեկ կամ երկու բաղաձայնից, ինչպես և երկու ձայնավորից ու մեկ բաղաձայնից։ Որպես ձայնարկություններ՝ կարող են ձևավորվել հայերենի բոլոր ձայնավորները։
- 2 հնչյունից՝ այ, էյ, տո, ծո, ֆի, ուֆ, ուխ։
- 3 հնչյունից՝ վայ, վույ, հեյ, ջան, թուհ։
- 4 հնչյունից՝ ուխայ։
- 5 հնչյունից՝ հարայ։
Սակավահնչյունությունը ձայնարկությունների ձևային հատկանիշներից մեկն է։
Ձայնարկությունները սովորաբար չեն բաղադրվում ձևույթներից, նրանց հատուկ չէ բառերի կազմության մեջ մտնելը։ Ձայնարկությունները անիսկական բարդությունների կազմության բաղադրիչ կարող են լինել (ախ քաշել, վայ տալ, ախ ու վախ անել, ջան ասել), սակայն սրանք փոխանունության յուրահատուկ դրսևորումներ են, բացառություն, և օրինաչափության արժեք չունեն։
Ձայնարկություններն ունեն նաև իմաստ՝ ավարտված, վերջավորված իմաստ, այսինքն՝ վա՜յ, ջա՜ն ձևերն անիմաստ կապակցություններ չեն։ Սակայն ձայնարկությունների իմաստը նյութական կամ քերականական չէ։ Դրանք արտահայտում են խոսողի զգայական, ոչ դատողական վերաբերմունքը։ Զգայական վերաբերմունքից բացի ձայնարկությունները արտահայտում են նաև կամային վերաբերմունք. դրանով խոսողը դիմում է մեկին՝ դեպի գործողության կատարում մղելու կամ այլ նպատակով։
Ձայնարկություններին են հարում նմանաձայնությամբ կազմված որոշ բառեր, որոնք նույնպես անվանումներ չեն հանդիսանում։ Այդպիսիք են կենդանիների արտաբերած ձայնի ու առարկաների տարբեր տեսակի շարժումներից առաջացած ձայների մոտավոր հնչյունական վերարտադրությունները։ Այս բառերը ձայնարկությունների նման են նախ և առաջ իրենց ձայնային հատկանիշով՝ այդ թվում հնչյունային և առոգանական, իսկ իմաստային տեսակետից ձայնարկություններին հարում են դատողական, մտածված հատկանիշի պակասով։ Այս կարգի բառերի մի զգալի մասը արտահայտվում է կրկնությամբ։ Օրինակ՝ տըզզ, վըզզ, հաֆ, իաֆ, թըռռ, ո՜ւ, չրախկ և այլն։ Ձայնարկությունների ձևավորման համար բացառիկ նշանակություն ունի առոգանությունը։