Ձեռնաշարժություն
From Wikipedia, the free encyclopedia
Ձեռնաշարժություն, ինքնաբավարարում կամ մաստուրբացիա, սեփական սեռական օրգանների գրգռումն է սեռական վայելքի կամ այլ սեռական հաճույք ստանալու նպատակով, որը սովորաբար ավարտվում է օրգազմով[1][2][3]։ Գրգռումը կարող է կատարվել ձեռքերի, մատների, տարբեր առարկաների, սեռական խաղալիքների, օրինակ՝ վիբրատորների միջոցով կամ մի քանիսի համադրությամբ[1][3]։ Փոխադարձ ձեռնաշարժությունը սեռական զուգընկերոջ հետ իրականացվող ձեռնաշարժությունն է[2][4]։ Այն կարող է ներառել զուգընկերոջ սեռական օրգանների գրգռումը ձեռքով (ֆինգերինգ կամ հենդջոբ)[4] և կիրառվել որպես ոչ ներթափանցողական սեռական հարաբերության եղանակ[5]։
Ձեռնաշարժությունը հանդիպում է մարդու բոլոր սեռերի և տարիքների մոտ։ Սեռական գործողություններին և մասնավորապես ձեռնաշարժությանը բժշկական և հոգեբանական բազմաթիվ օգուտներ են վերագրվել։ Ոչ մի ապացուցված կապ չկա ձեռնաշարժության և հոգեկան կամ ֆիզիկական որևէ խանգարման միջև[6][7]։ Արևմտյան աշխարհում ձեռնաշարժությունը կամ փոխադարձ ձեռնաշարժությունը դիտվում է որպես նորմալ և առողջ սեռական վայելքի եղանակ։
Ձեռնաշարժությունը արվեստում պատկերվել է նախապատմական ժամանակներից, այն հիշատակվել և քննարկվել է շատ վաղ ձեռագրերում։ 18-րդ և 19-րդ դարերում եվրոպական որոշ աստվածաբաններ և բժիշկներ այն բնութագրել են որպես «գարշելի», «ողբալի» և «զզվելի», բայց 20-րդ դարի ընթացքում այս տաբուները, ընդհանուր առմամբ, սկսել են անհետանալ։ Դրանից հետո արվեստի, փոփ երաժշտության, հեռուստատեսության, կինոնկարների, գրականության մեջ մաստուրբացիան սկսել է ավելի հաճախ քննարկվել և պատկերվել։ Ներկայումս կրոնները տարբեր տեսակետ ունեն ձեռնաշարժության վերաբերյալ. որոշները այն համարում են հոգեպես վնասակար գործողություն, մյուսները՝ հոգեպես անվնաս, իսկ մնացածը՝ իրավիճակային տեսակետ ունեն։ Ձեռնաշարժության իրավական կարգավիճակը նույնպես տարբեր է եղել պատմության ընթացքում, ներկայումս հանրային ձեռնաշարժությունը շատ երկրներում անօրինական է[8]։ Կենդանիների մոտ ձեռնաշարժություն նկարագրվել է շատ տեսակների մոտ, ինչպես ազատության, այնպես անազատության մեջ գտնվող կենդանիների մոտ[9][10][11]։