Ղպտիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ղպտիներ (հուն․՝ αιγυπτος-ից - եգիպտացի, ղպտիերեն` ⲟⲩⲢⲉⲙ̀ⲛⲭⲏⲙⲓ ̀ⲛ̀Ⲭⲣⲏⲥⲧⲓ̀ⲁⲛⲟⲥ արաբ․՝ قبط, հոգնակի أقباط), եգիպտացի քրիստոնյաներ, ովքեր կազմում են Եգիպտոսի բնակչության 10%-ը։ Ղպտիների մեծ մասը դավանում է Քրիստոնեություն` Ղպտի ուղղափառ եկեղեցի, որը պատկանում է Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների դասին։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ․) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։ Ղպտիների մի մասը (մոտ 100 հազար) պատկանում է Ղպտի կաթոլիկ եկեղեցուն։ Ղպտիներն աշխարհի հնագույն ազգերից են։ Հանդիսանում են հին եգիպտացիների հետնորդները։
Ղպտիներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ղպտիական խաչ | |||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
10.000.000-20.000.000 |
|||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
Ղպտիերեն, արաբերեն | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
Ղպտի ուղղափառ եկեղեցի | |||||||||||||||
Ծագել են | |||||||||||||||
Եգիպտոսում |
«Ղպտի» անվանումն առաջացել է Եգիպտոս տեղանվան աղավաղումից։ Ղպտիները բնակվում են հիմնականում քաղաքներում՝ Ասյութ, Ախմիմ, Կահիրե և այլն։ Ոչ մեծ համայնքներ կան նաև Սուդանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Քուվեյթում, Թուրքիայում։ Հիմնականում ծառայողներ են, առևտրականներ, արհեստավորներ։
II - III դդ․, Եգիպտոսում քրիստոնեության տարածման ընթացքում, ստեղծվեց ղպտիական գիրը, ղպտիերենով ծաղկում ապրեց մատենագրությունը (մինչև 7-րդ դ․)։ 7-րդ դարում Եգիպտոս ներխուժեցին արաբները։ Ղպտիները բազմիցս ապստամբեցին իրենց հայրենիքը նվաճած ու ստրկացրած արաբների դեմ (ամենախոշորը և վերջինը 831-ին էր), սակայն ղպտիների նկատմամբ եկվոր արաբների ազգային, կրոնական (բռնի մահմեդականացում), տնտեսական ճնշման հետևանքով ղպտիների թիվը նվազեց՝ կազմելով բնակչության փոքրամասնությունը (հոգևոր համայնքի ձևով), անկում ապրեց ղպտիների մշակույթը։ 12-րդ դարում ղպտիերենը դադարեց խոսակցական լեզու լինելուց (մնաց իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու), ղպտիները դարձան արաբախոս։