Մակերիկամային անբավարարություն
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Մակերիկամային անբավարարություն, վիճակ, որի դեպքում մակերիկամները չեն արտադրում բավարար քանակի ստերոիդ հորմոններ, առաջնայնորեն՝ կորտիզոլ, բայց կարող է նաև խանգարված լինել ալդոստերոնի (միներալոկորտիկոիդ) արտադրությունը, որը կարգավորում է օրգանիզմում նատրիումի կոնցենտրացիան, կալիումի սեկրեցիան երիկամներով և ջրի հետներծծումը[1][2]։ Քանզի այս դեպքում մեզի միջոցով հիվանդը կորցնում է մեծ քանակով նարտիում, նրա մոտ մեծանում է պահանջը աղի սնունդի կամ աղի նկատմամբ[3]։
Մակերիկամային անբավարարություն | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) |
ՀՄԴ-9 | 255.4 |
ՀՄԴ-10 | E27.1 և E27.4 |
Adrenal insufficiency Վիքիպահեստում |
Ադիսոնի հիվանդությունը և մակերիկամների բնածին հիպերպլազիան կարող են դրսևորվել մակերիկամային անբավարարությամբ։ Բուժման բացակայության պարագայում մակերիկամային անբավարարությունը կարող է առաջացնել որովայնի ցավ, փսխում, մկանային թուլություն և հոգնածություն, դեպրեսիա, արյան ցածր ճնշում, քաշի կորուստ, երիկամային անբավարարություն, տրամադրության և անձի փոփոխություն և շոկ (մակերիկամային կրիզ)[4]։ Մակերիկամային կրիզը կարող է առաջանալ այն դեպքում, երբ մարդու օրգանիզմը ենթարկվի սթրեսի, օրինակ՝ որևէ պատահար, վնասվածք, վիրահատություն կամ ծանր վարակ։ Կրիզից հետո կարող է շատ արագ վրա հասնել մահը[4]։
Մակերիկամային անբավարարություն նաև կարող է առաջանալ, երբ հիպոթալամուսի կամ հիպոֆիզի կողմից խանգարվեն մակերիկամների ֆունկցիան վերահսկող հորմոնների արտադրությունը[1][5][6]։ Այս դեպքում մակերիկամային անբավարարությունը կոչվում է երկրորդային կամ երրորդային, և առաջանում է համապատասխանաբար կամ հիպոֆիզի կողմից ԱԿՏՀ-ի (ադրենոկորտիկոտրոպ հորմոն) արտադրության խանգարման պատճառով, կամ էլ հիպոթալամուսի կողմից ԿՌՀ-ի (կորտիկոտրոպ ռիլիզինգ հորմոն) արտադրության խանգարման հետևանքով[7]։