Մանիքեություն
From Wikipedia, the free encyclopedia
Մանիքեություն, III դարում Սասանյան Իրանում ծագած գնոստիկական կրոն։ Հիմնադիրն է Մանին` ծնված Հարավային Միջագետքում, 216-ին։ Որդին էր Արշակունի իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը։ Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա Շապուհ I-ի օրոք (240–271): Սկզբնական շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, Վահրամ I արքան նրան մահապատժի է ենթարկել։ Մանիքեությունը շուտով տարածվել է Հռոմեական կայսրության սահմաններում, Մերձավոր Արևելքում, հասել մինչև Չինաստան։ VIII դ. վերջին մանիքեությունը դարձել է ույղուրական խաքանության պետական կրոնը։ Մանիքեական գրություններ հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայում, Ֆայումում և Հյուսիս-Արևմտյան Թուրքեստանում։ Մանիի գլխավոր գրվածքներն են «Գաղտնիքների գիրքը», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրքը» և այլն։
Մանիքեությունը բուդդայականության, զրադաշտականության, հունական մշակույթի և քրիստոնեության նպատակադրված համադրությունն էր։ Այստեղից էլ այն սուր վեճերը, թե այդ կրոններից ու տարրերից որ մեկը կարելի է ընդունել որպես ելակետային և կառուցվածքային։ Մինչև XIX դ. Մանիքեությունը համարվել է քրիստոնեական աղանդ։ Իրանագետները պաշտպանել են Մանիքեյության արևելյան ծագումը։ XX դ. կեսից, նոր աղբյուրների հայտնագործմամբ՝ Մանիքեության քրիստոնեական գաղափարներն է՛լ ավելի ցցուն են դարձել։ Բայց, հակառակ դրան, այն բնորոշվում է ոչ թե որպես քրիստոնեական աղանդ, այլ՝ յուրատեսակ կրոն, որը մրցակցության մեջ էր քրիստոնեության հետ։