From Wikipedia, the free encyclopedia
Նյու Յորքի Մեծ հրդեհը սկսվել է 1845 թվականի հուլիսի 19-ին վորվանի և մոմերի արտադրության ձեռնարկությունում: Կրակը արագ տարածվել է հարևան փայտե շինություններով թաղամասերում: Հրդեհը դիպել է Բրոդ սթրիթում գտնվող պահեստանոցին, որտեղ պահվում էր վառելիքային սելիտրա, ինչը հանգեցրել է ծավալուն պայթյունի, որի հետևանքով հրդեհը տարածվել է ավելի հեռու[1]։
Մինչև հրդեհը մարվելը, այն ոչնչացրել է 345 շենք[2] Նյու Յորք քաղաքի Ներքին Մանհեթենի հատվածում և 5-10 միլիոն դոլար վնաս է հասցրել (մոտ 250 միլիոն դոլար՝ 21-րդ դարի դոլարի գնով): Մահացել է 4 հրշեջ և քաղաքի 26 բնակիչ[3]։ 1845 թվականի հրդեհը դարձավ երեք խոշոր հրդեհներից մեկնը (1776 և 1835), դիպչելով Մանհեթենի սրտին: 1845 թվականի հրդեհը ծայր աստիճան կործանարար էր, բայց հիմնականում հարվածել է փայտե կարկասաձև տներին համեմատաբար փոքր տարածքում: Դա ցույց է տվել նախորդ տասնամյակների ընթացքում ձեռնարկված հրդեհային անվտանգության միջոցառումների արդյունավետությունը քաղաքի հարևան տարածքներում՝ շինարարության ընթացքում[1][4]։
Հրդեհը բռնկվել է 1845 թվականի հուլիսի 19-ին, շաբաթ օրը, առավոտյան ժամը 2:30-ին, Մանհեթենի Նյու Սթրիթ 34 հասցեում գտնվող կետի ճարպի վաճառական և ստեարինե մոմեր արտադրող Ջ. Լ. Վան Դորենի տան երրորդ հարկում: Կրակը արագ ընդարձակվել է հարակից շենքերի վրա[5]։ Քաղաքապետարանում ահազանգը սկսել է հնչել ժամը 03։00-ից՝ հավաքելով հրշեջներին[1][6]։
Նյու Յորքի քաղաքային հրշեջ վարչության (FDNY) հրշեջները, որոնք այն ժամանակ կամավորական կազմակերպություն էին, ժամանել են գլխավոր ինժեներ Կորնելիուս Անդերսենի հրամանատարությամբ: Հրդեհի տարածման հետ մեկտեղ FDNY անձնակազմին միացան քաղաքի այլ հրշեջներ և Բրուքլինի, Նյուարքի և Ուիլյամսբուրգի հրշեջ բրիգադները[1][7]։ Հրշեջները կրակի հետ պայքարում օգտագործում էին Կրոտոնի ջրմուղի ջուրը, որի շինարարությունը ավարտվել է 1845 թվականին[8]։ Կրակի ինտենսիվությունը աստիճանաբար նվազել է, դեր են խաղացել հրշեջների ջանքերը: Հրդեհը մարվել է 13:00-ին[1][7]։
Հրդեհի ընդարձակման առաջին երկու ժամվա ընթացքում կրակը հասել է Բրոդ սթրիթում գտնվող Crocker & Warren-ի կողմից զբաղեցված մեծ բազմահարկ պահեստին, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ վառելիքային սելիտրա[7][9]։ Engine Co. 22-ի ժամանումով հրաման է տրվում ջուր մղել պահեստ։ Հրշեջ ընկերությունները մտան պահեստ և քողովակը աստիճաններով քաշ տվեցին դեպի վերև, որպեսզի ջրով լցնեն չորրորդ հարկը: Երբ աստիճանը սկսել է ծածկվել թանձր սև ծուխով, հրշեջ Գարեթ Բ. Լեյնը իր մարդկանց տարհանման հրաման է տվել: Հրշեջ Ֆրենսիս Հարթ-կրտսերը, ով փորձում էր խողովակը հավաքել, հայտնվել է թակարդում, վազել է տանիք և վազել հարևան շենքերի տանիքներով[7]։
Ժամը 3:30-ին կամ 4:00-ին՝ տարհանումից հինգ րոպե անց, պահեստը պայթել է[1][7]։ Պայթյունը հողին հավասարեցրեց վեց կամ ութ շենք, վնասեց Բրոդ սթրիթի հակառակ շենքերի ճակատները, պայթյունից որոշ հեռավորության վրա գտնվող շենքերից պոկվեց փեղկերն ու դռները և օդ ուղարկվեց աղյուսների և այլ «արկերի» զանգված, որոնք ընկան մարդկանց վրա, հասնելով նույնիսկ Բիվեր սթրիթ: Հրդեհը հեռու ու լայն է ընդարձակվել, հարևան շրջանները շրջապատվել են կրակով[10]։ Պայթյունի ալիքը կոտրել է պայթյունից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող շենքերի պատուհանները, և պայթյունի ձայնը լսվել է մինչև Սենդի Հուկ (Նյու Ջերսի)[7]։ Engine Co. 22-ի կառքը շրջվել է Բրոդ սթրիթում և ամբողջությամբ այրվել: Վաշտի մի քանի հրշեջ աշխատողներ վիրավորվել են[1]։
Ֆրենսիս Հարթը պայթյունի ալիքով դուրս էր նետվել ամբողջ տանիքից, բայց միայն մի փոքր վնասվածք էր ստացել կոկորդին: Հրշեջ Լ. Քոուդրյուն՝ Engine Co. 42-ից, և Engine Co. 5-ից Դեյվ վան Վինկլը ջրում էին հարևան շենքը, երբ պահեստը երկրորդ պայթյունի ենթարկվեց, որը վան Վինկլին դուրս նետեց փողոց[7]։ Քոուդյուն մահացավ։ Վաշտի ընկերները երկու օր փնտրեցին նրա մարմինը կոտրված քարերի մեջ[9], բայց նրա մարմինը երբեք չի գտնվել: Նրա անունը այլ կամավոր հրշեջների անունների հետ միասին հայտնվել է Նյու Յորքի սբ․ Երրորդություն եկեղեցու բակում գտնվող հուշարձանի վրա, ովքեր զոհվել են իրենց պարտքքազ»ոսքը կատարելիս[11]։
Տասը ժամ տևած հրդեհի ընթացքում հրդեհը ոչնչացրել է Բրոդ սթրիթից, ներքևում Ուոլ սթրիթից մինչև Սթոուն սթրիթ, վերևում Ուայթհոլ սթրիթից դեպի Բոուլինգ Գրին այգի և վերևում Բրոդվեյից մինչև Էքսչեյնջ փլեյս գտնվող շենքերը[10]։ Հրդեհը խլել է չորս հրշեջի և 26 քաղաքացու կյանք։ Հաղորդվում է, որ շենքերը ոչնչացվել են Բրոդվեյում, Նյու Սթրիթում, Բրոդ Սթրիթում, Էքսչեյնջ Փլեյսում, Բիվեր սթրիթում, Մարկետֆիլդ սթրիթում, Ուայթհոլ Սթրիթում և Սաութ Ուիլյամում[1][4][7]։ Ըստ պատմությունների՝ հրդեհը ոչնչացրել է 345 շինություն և պատճառել 5-ից 10 միլիոն դոլարի վնաս (ժամանակակից գներով՝ 127-253 միլիոն դոլար)։
Հրդեհի ընթացքում և դրանից հետո բազմաթիվ լուրեր են արձանագրվել կողոպուտների մասին, որոնց թիրախը դարձել են ինչպես ձեռնարկությունները, այնպես էլ մասնավոր տները: Առնվազն երկու տարեց կանայք հայտնել են, որ երիտասարդները առաջարկել են իրենց իրերը տեղափոխել ավերված շենքերից և արդյունքում գողացել են դրանք[9]։
Հրդեհի պատճառը քննարկվում էր պայթյունից մի քանի օր հետո: Հանրյին քննարկումները հանգեցրին պահեստի վարձակալուներ Կրուկերի և Ուորենի ձեռբակալմանը։ The Daily-Tribune թերթը հայտնել է, որ պայթյունը չէր կարող տեղի ունենալ առանց վառոդի, սելիտրայից բացի: Այդ պատճառով էլ վարձակալները կասկածվում էին վառոդ պահելու մեջ, ինչը կարող էր հանգեցնել սպանության մեղադրանքների[9]։ Այնուամենայնիվ, հետաքննությունը Քրուքերին և Ուորենին արդարացրեց բոլոր մեղադրանքներից, քանի որ վառոդի ապացույցներ չկային:[12].
Ենթադրություններ կային, որ NY Gas Light Co.-ի գազի բաքը պայթել է։ Բայց հրդեհի օրը գլխավոր ինժեներ Կոռնելիուս Անդերսենը հայտարարություն է տարածել, որ պայթյունը տեղի է ունեցել նախքան կրակը գազի բաք հասնելը[9]։
1845 թվականի Նյու Յորքի մեծ հրդեհը վերջինն էր այն երեք հրդեհներից (1776 և 1835[en]) , որոնք վնասեցին Մանհեթենի ներքին շրջանները: 1845 թվականի հրդեհը շատ կործանարար էր և ապացուցեց շինարարության մասին օրենքների անհրաժեշտությունը, որոնք արգելում էին խիտ բնակավայրերում փայտե կարկասաձև տներ կառուցել: Հրդեհը ապացուցեց այդ արգելքների արդյունավետությունը, քանի որ հրդեհի տարածումը փոխվեց այն բանից հետո, երբ կրակը հասավ 1835 թվականի հրդեհից հետո վերակառուցված շրջաններին: Նոր շենքերը կառուցվել են քարից և աղյուսից, ունեին երկաթե տանիքներ և փեղկեր[4]։ Չնայած ընդհանուր նորամուծություններին, հրդեհը վերածել է հրդեհների կանխարգելման և հրդեհների մարման հարցերում ավելի ակտիվ դիրքորոշման հանրային կոչերի[7]։
Քաղաքի հակահրդեհային հնարավորությունները ուժեղացնելու համար, քաղաքային իշխանությունները 1845 թվականին կազմեցին պահուստային զորամաս՝ «ազատագրված հրշեջ-վաշտ» (Exempt Fireman's Company) անունով, քանի որ վաշտը հավաքագրվում էր ոստիկանությունից և վթարային ծառայությունից ազատված հրշեջներից: նկերությունը ղեկավարում էր վետերան հրշեջ Զոֆար Միլսը (Zophar Mills), ով պայքարում էր 1835 թվականի հրդեհի դեմ՝ դադարեցնելու դրա տարածումը Ուոլ Սթրիթում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.