Մասնակից:Միլենա Հովսեփյան 77/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Հին հունական գրականությունը գրվել է հին հունարենով վաղ ժամանակների տեքստերից մինչև Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանը։ Հին հունական գրականության ամենավաղ շրջանի պահպանված աշխատությունները, որոնք թվագրվում են վաղ արխաիկ դարաշրջանով, երկու էպիկական պոեմներն են՝ «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը, որոնք այսօր իդեալականացված արխաիկ անցյալի մասն են, և ենթադրաբար, որոշակի կապ ունեն Միկենյան դարաշրջանի հետ։ Այս երկու էպիկական պոեմները Հոմերոսյան հիմների և Հեսիոդոսի «Թեոգոնիա» և «Աշխատանք և օրեր» պոեմների հետ միասին կազմում էին Հունական գրական ավանդույթի հիմնարար մասը, որոնք շարունակվելու էին դասական, հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանում։
Քնարերգու բանաստեղծներ Սապփոն, Ալքայոսը և Պինդարոսն ազդեցիկ դեր ունեին հունական բանաստեղծական ավանդույթի զարգացման մեջ վաղ շրջանում։ Էսքիլեսը հունական ողբերգության ամենավաղ դրամատուրգն է, որի պիեսներն ամբողջությամբ պահպանվել են։ Սոֆոկլեսը հայտնի է Էդիպուսի մասին իր ողբերգություններով, հատկապես «Էդիպուս արքա»-ն և «Անտիգոնե»-ն։ Եվրիպիդեսը հայտնի է իր պիեսներով, որոնք հաճախ անցնում էին ողբերգական ժանրի սահմանները։ Կատակերգու-դրամատուրգ Արիստոփանեսը գրում էր հին կատակերգության ժանրով, մինչդեռ հետագայում դրամատուրգ Մենանդրոսը նոր կատակերգության նախաձեռնողն էր։ Պատմաբաններ Հերոդոտոս Հալիկառնասցին և Թուկիդիդեսը, որոնք երկուսն էլ ապրել են մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում, շարադրում էին իրենց կյանքի ընթացքում և դրանից անմիջապես առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Փիլիսոփա Պլատոնը գրում էր երկխոսություններ, որոնց առանցքում սովորաբար իր ուսուցիչ Սոկրատեսն էր և որոնք շոշափում էին տարբեր փիլիսոփայական թեմաներ, մինչդեռ իր աշակերտը՝ Արիստոտելը, գրում էր տրակտատներ, որոնք հետագայում շատ ազդեցիկ դարձան։
Ավելի ուշ շրջանի հեղինակավոր գրողների թվում էին Ապոլլոնիոս Հռոդոսացին, ով գրել է «Արգոնավտիկա» էպիկական պոեմն արգոնավորդների ճամփորդության մասին, Արքիմեդեսը, ով գրել է դարակազմիկ մաթեմատիկական տրակտատներ, և Պլուտարքոսը, ով հիմնականում գրել է կենսագրություններ և ակնարկներ։ Մեր թվարկության 2-րդ դարի հույն գրող Լուկիանոսը հիմնականում գրել է երգիծանքներ[1]։ Ընդհանուր առմամբ, Հին հունական գրականությունը խորն ազդեցություն է ունեցել հետագա հունական գրականության ու նաև արևմտյան գրականության վրա։ Մասնավորապես, շատ հին հռոմեացի հեղինակներ ոգեշնչվել են իրենց հույն նախնիներից։ Վերածննդի դարաշրջանից ի վեր եվրոպացի հեղինակները, ներառյալ՝ Դանթե Ալիգիերին, Ուիլյամ Շեքսպիրը, Ջոն Միլթոնը և Ջեյմս Ջոյսը, գերազանցապես անդրադարձել են դասական թեմաների և մոտիվների։