Մասնակից:Ihugat/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ասպիրին, նաև հայտնի որպես ացետիլսալիցիլաթթու, ցավը, տենդը կամ բորբոքումը նվազեցնելու նպատակով կիրառվող դեղորայք[1]։ Յուրահատուկ բորբոքային հիվանդությունները, որոնց բուժման մեջ կիրառվում է ասպիրին, ներառում են՝ Կավասակի հիվանդությունը, պերիկարդիտը և ռևմատիկ տենդը[1]։ Ասպիրինի կարճատև օգտագործումը սրտային գրոհից հետո նվազեցնում է մահվան ռիսկը[1]։ Ասպիրինը նաև օգտագործվում է երկարատև՝ սրտային գրոհները, իշեմիկ ինսուլտները, արյան մակարդուկների առաջացումը բարձր ռիսկով մարդկանց շրջանում կանխարգելելու նպատակով[1]։ Այն կարող է նաև նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների՝ հատկապես կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը[2]։ Ցավի կամ տենդի պարագայում ազդեցությունը զարգանում է 30 րոպեի ընթացքում[1]։ Ասպիրինը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԴ) է և թողնում է այլ ՈՍՀԴ-ներին համապատասխան ազդեցություն, ինչպես նաև՝ ընկճում է թրոմբոցիտների ֆունկցիան[1]։
Տարածված կողմնակի ազդեցություններից է ստամոքսի ցավի առաջացումը[1]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են ստամոքսի խոցի, ստամոքսաղիքային արյունահոսության առաջացումը, ասթմայի ընթացքի վատթարացումը[1]։ Արյունահոսական ռիսկը ավելի բարձր է ծերերի, ալկոհոլ օգտագործողների, այլ ՈՍՀԴ-ներ և/կամ որևէ տիպի արյան մակարդելիությունը նվազեցնող դեղորայք օգտագործողների շրջանում[1]։ Ասպիրինի օգտագործումը խորհուրդ չի տրվում հղիության վերջին շրջանում[1]։ Դրա կիրառումը սովորաբար հակացուցված է երեխաների շրջանում՝ Ռեյի համախտանիշի զարգացման ռիսկի պատճառով[1]։ Բարձր դեղաչափերը կարող են բերել ականջներում զնգոցի առաջացմանը[1]։
Ասպիրինի նախանյութը հայտնաբերվել է ուռենու տերևներում, որոնք իրենց ազդեցության համար օգտագործվել են ավելի քան 2,400 տարի[3][4]։ 1853թ․-ին քիմիկ Չարլզ Ֆրեդերիկ Գերհարդը դեղամիջոց նատրիումի սալիցիլատը մշակեց ացետիլ քլորիդով և առաջին անգամ անջատեց ացետիլսալիցիլաթթուն [5]։ Հաջորդող հիսուն տարիների ընթացքում այլ քիմիկներ ճանաչեցին քիմիական կառուցվածքը և մշակեցին ստացման ավելի արդյունավետ մեթոդներ[5]:69–75։ 1897թ․-ին Բայեր ընկերության գիտնականները սկսեցին հետազոտել ացելտիլսալիցիլաթթուն՝ որպես ավելի քիչ գրգռող ազդեցություն ունեցող փոխարինող միջոց տարածված սալիցիլատային դեղամիջոցների համար[5]:69–75[6]։ Արդեն 1899թ․-ին Բայեր ընկերությունը այն անվանել էր <<Ասպիրին>> և վաճառում էր ողջ աշխարհում[7]։ Ասպիրինի հայտնիությունն աճեց քսաներորդ դարի առաջին կեսին հանգեցնելով տարբեր բրենդների միջև մրցակցության[8]։ Ասպիրինը Բայերի բրենդային անվանումն էր, սակայն նրանց իրավունքը ապրանքային նշանի նկատմամբ կորցվեց կամ վաճառվեց շատ երկրներում[8]։
Ասպիրինը ամենալայնորեն կիրառվող դեղորայքներից մեկն է ողջ աշխարհում՝ մոտավորապես 40,000 տոննա (50-ից 120 բիլիոն հաբ) տարեկան սպառումով[3][9]։ Այն Համաշխարհային առողջապահական կազմակերպության անփոխարինելի դեղամիջոցների ցանկում է, որում ընդգրկված են առողջապահական համակարգում անհրաժեշտ առավել անվտանգ և արդյունավետ դեղամիջոցները[10]։ Այն հասանելի է, որպես ջեներիկ դեղամիջոց[1]։ 2017թ․-ին ԱՄՆ-ում այն առավել հաճախակի նշանակվող դեղամիջոցների շարքում գրավել է 42-րդ տեղը՝ ավելի քան 17 միլիոն նշանակմամբ[11][12]։