Մասնակից:Lilit Mkoyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Թենիսը գնդաթիային (ռակետ) սպորտաձև է, որը կարելի է խաղալ մեկ հակառակորդի դեմ (մենախաղ) կամ էլ 2 խաղացողներից բաղկացած երկու թիմերի միջև (զուգախաղ)։ Յուրաքանչյուր խաղացող գործածում է օվալաձև եզերքին ձգված լարերով գնդաթի, որով թաղիքապատ դատարկ ռետինե գնդակին հարվածելով ցանցի վրայից կամ կողքով ուղարկում են հակառակորդի խաղադաշտ (կորտ)։ Խաղի նպատակն է գնդակը հմտորեն այնպես ուղարկել, որպեսզի հակառակորդը չկարողանա վերադարձնել այն։ Խաղացողը, որը չի կարողանում գնդակը վերադարձնել, միավոր չի ստանում, մինչդեռ ստանում է հակառակորդը։
Թենիսը օլիմպիական սպորտաձև է և այն խաղում են հասարակության բոլոր խավերի և տարիքի մարդիկ։ Այս սպորտով կարող են զբաղվել բոլոր նրանք, ովքեր կարող են բռնել գնդաթին, ներառյալ անվասայլակից օգտվողները։ Թենիսի ժամանակակից խաղը սկիզբ է առել Բիրմինգհեմում, Անգլիա, 19-րդ դարի վերջին, որպես լոուն թենիս (անգլ. lawn «մարգագետին»)։ Այն սերտ կապված էր տարբեր դաշտային (լոուն) խաղերի հետ, ինչպիսիք են կրոկետը և բոուլզը, ինչպես նաև ավելի հին գնդաթիային սպորտի հետ, որն այսօր կոչվում է իսկական թենիս։ 19-րդ դարի ընթացքում իրականում «թենիս» բառը վերաբերում էր իսկական այլ ոչ թե լոուն թենիսին։
1890-ական թվականներից ի վեր թենիսի կանոնները մի փոքր են փոխվել։ Երկու փոփոխություններ են եղել, որոնցից մեկն այն է, որ 1908 թվականից մինչև 1961 թվականը, հարված մատուցողը պետք է ամբողջ ընթացքում մեկ ոտքը գետնին պահեր , իսկ երկրորդը 1970-ական թվականներին թայ-բրեյքի ընդունումն է։ Պրոֆեսիոնալ թենիսի վերջին նորամուծություններից է էլեկտրոնային վերանայման տեխնիկան միացված փոյնթ չելենջ (point-challenge) համակարգին, որը թույլ է տալիս խաղացողին վիճարկել գծային խախտման ազդանշանը, և այդ համակարգը կոչվում է Բազեի աչք (Hawk-Eye) ։
Թենիս խաղում են միլիոնավոր մարդիկ և այն համաշխարհային հանդիսատես ունեցող հայտնի սպորտաձև է։ Հատկապես հայտնի են չորս "Մեծ Սաղավարտ" մրցաշարերը` Ավստրալիայի բաց առաջնությունը, որն անցկացվում է ամուր նյութերից պատրաստված կորտերի վրա, Ֆրանսիայի Բաց առաջնությունը՝ հողածածկ կորտերի, Ուիմբլդոնի մրցաշարը՝ խոտածածկ և ԱՄՆ բաց առաջնությունը, որը նույնպես անցկացվում է ամուր նյութերից պատրաստված կորտերի վրա։