Մասնակից:Tatev99/Ավազարկղ31
From Wikipedia, the free encyclopedia
Իրաքի տնտեսության մեջ գերակշռում է նավթային հատվածը, որն իր ժամանակակից պատմության ընթացքում ապահովել է արտարժութային եկամուտների մոտավորապես 99,7%-ը[1]: 2021 թվականի դրությամբ նավթային հատվածն ապահովում է արտարժութային եկամուտների մոտ 92%-ը[2]: Իրաքի մինչ այժմ ագրարային տնտեսությունը արագ զարգացում ապրեց հուլիսի 14-ի հեղափոխությունից հետո (1958 թվական), որը տապալեց Իրաքի Հաշիմյան միապետությունը: 1980 թվականին այն դարձել էր Մերձավոր Արևելքի երրորդ խոշորագույն տնտեսությունը։ Սա մասամբ պայմանավորված էր 1970-ականներին Իրաքի կառավարության հաջող արդյունաբերացման և ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնություններով, որոնք ներառում էին ոռոգման ծրագրեր, երկաթուղիների և մայրուղիների կառուցում և գյուղական համայնքների էլեկտրաֆիկացում[3]։
1980-ականներին ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին Իրան-իրաքյան պատերազմում հսկայական ծախսերի և Իրանի կողմից նավթի արտահանման օբյեկտներին հասցված վնասի հետևանքով, ստիպեցին Բաասի կառավարությանը խնայողությունների միջոցներ ձեռնարկել, մեծ պարտքեր վերցնել և հետագայում վերանայել արտաքին պարտքի վճարումները: Իրաքը պատերազմից կրել է առնվազն 80 միլիարդ դոլարի տնտեսական վնաս[4]։ 1988 թվականին ռազմական գործողություններն ավարտվեցին։ Նավթի արտահանումը աստիճանաբար ավելացավ նոր խողովակաշարերի կառուցմամբ և վնասված օբյեկտների վերականգնմամբ, սակայն Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո կրկին կտրուկ անկում ապրեց։ ՀՆԱ-ն իջավ մինչև 1980 թվականի երկրի համախառն ներքին արդյունքի մեկ չորրորդը և շարունակեց նվազել հետպատերազմյան միջազգային պատժամիջոցների ներքո, մինչև 1997 թվականին ՄԱԿ-ի Նավթ պարենի դիմաց օգնության ստանալը[5][3]։
Կոալիցիոն ժամանակավոր իշխանությունը ջանքեր է գործադրել արդիականացնելու Իրաքի տնտեսությունը 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած ներխուժումից հետո՝ սեփականաշնորհման և երկրի արտաքին պարտքի կրճատման միջոցով: Արդյունքում Իրաքի տնտեսությունն այս ընթացքում արագորեն ընդլայնվեց, թեև աճը կասեցվեց ապստամբության, տնտեսական վատ կառավարման և հնացած տեխնոլոգիաների պատճառով առաջացած նավթի պակասի պատճառով[3]։ 2009 թվականի կեսերից նավթի արտահանման եկամուտը վերադարձել է այն մակարդակին, որը նկատվում էր մինչև «Նոր լուսաբաց» գործողությունը: Կառավարության եկամուտներն աճել են նավթի համաշխարհային գների հետ մեկտեղ: 2011 թվականին Բաղդադը ավելացրեց նավթի արտահանումը այն ժամանակվա մակարդակից՝ օրական 1,900,000 բարել (300,000 մ3)՝ միջազգային նավթային ընկերությունների հետ նոր պայմանագրերի արդյունքում: Ենթադրվում էր, որ այն կարող է պակաս լինել օրական 2,400,000 բարելից (380,000 մ3), որը կանխատեսում էր իր բյուջեում: Իրաքի վերջին պայմանագրերը խոշոր նավթային ընկերությունների հետ ներուժ ունեն մեծապես ընդլայնելու նավթային եկամուտները, սակայն Իրաքը պետք է արդիականացնի իր նավթի վերամշակումը, խողովակաշարը և արտահանման ենթակառուցվածքները, որպեսզի այդ գործարքները կարողանան հասնել իրենց ներուժին:
Անվտանգության բարելավված միջավայրը և օտարերկրյա ներդրումների սկզբնական ալիքն օգնում են խթանել տնտեսական ակտիվությունը, հատկապես էներգետիկայի, շինարարության և մանրածախ առևտրի ոլորտներում: Տնտեսության ավելի լայն բարելավումը, երկարաժամկետ ֆինանսական առողջությունը և կենսամակարդակի կայուն աճը կախված են կառավարության կողմից քաղաքականության հիմնական բարեփոխումների իրականացումից և Իրաքի նավթի հսկայական պաշարների շարունակական զարգացումից: Թեև օտարերկրյա ներդրողները 2010 թվականին աճող հետաքրքրությամբ էին նայում Իրաքին, մեծամասնությանը դեռևս խոչընդոտում են նախագծերի համար հող ձեռք բերելու դժվարությունները և կարգավորող այլ խոչընդոտները: