Մատենագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Մատենագիտություն նշանակում է «մատյանների գիտություն»։ Կազմված է մատենագետ բառից։ Ըստ Հայկազյան բառարանի՝ նշանակում է «գիտակ և հմուտ մատենից»[1]։ Այս իմաստով էլ մատենագետ բառն օգտագործվել է դեռևս V դարում՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ։ Հայ իրականության մեջ մատենագիտությունն իբրև գիտական տերմին գործածական է դարձել սկսած XIX դարի առաջին կեսից՝ վենետիկյան Մխիթարյանների կողմից։ Այն թարգմանությունն է հունարեն բիբլիոգրաֆիա բառից։ Եղել են կարծիքներ, որ ավելի ճիշտ թարգմանությունը ոչ թե մատենագիտությունն է, այլ մատենագրությունը։ Սակայն, քանի որ վերջինս այսօր ունի գրականության, ավելի ճիշտ՝ հայ հին գրականության իմաստ, ուստի շրջանառության մեջ է մնում մատենագիտությունը։