Մարի Կյուրի
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Սկլոդովսկա-Կյուրի (ֆր.՝ Marie Curie[27], լեհ.՝ Maria Salomea Skłodowska-Curie, նոյեմբերի 7, 1867(1867-11-07)[1][2][3][…], Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - հուլիսի 4, 1934(1934-07-04)[1][2][3][…], Սանսելմոզ, Passy[1][3]), լեհական ֆիզիկոս որը ապրել և գործել է Ֆրանսիայում, ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի կինը։
Ամուսնու հետ ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում (լատին․՝ radium - ճառագայթող) և պոլոնիում (լատին․՝ polonium (Polonia - «Լեհաստան») քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդ, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։ Առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներից։
Նա նաև եղել է Փարիզի համալսարանի առաջին կին պրոֆեսորը, իսկ 1995 թվականին, երբ նրա աճյունն ամփոփվել է Փարիզի Պանթեոնում, դարձել է առաջին կինը, որն այնտեղ թաղված է սեփական արժանիքների և գիտական ձեռքբերումների համար։
Մարի Կյուրին ծնվել է Վարշավայում, Լեհական թագավորությունում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության մի մասն էր կազմում։ Նախնական կրթությունը ստացել է Վարշավայի «Թռիչք» համալսարանում (գաղտնի գործող ուսումնական հաստատություն, որը պահպանում էր լեհական ավանդույթները), ապա սկսել է զբաղվել բնագիտության գործնական ուսումնասիրմամբ։ 1891 թվականին, 24 տարեկան հասակում նա հետևում է ավագ քրոջը՝ Բրոնիսլավային և մեկնում Փարիզ՝ ուսումը շարունակելու։ Այնտեղ նա բարձրագույն կրթություն է ստանում և շարունակում իր հետագա գիտական ուսումնասիրությունները։ 1894 թվականին Մարիան հանդիպում է Պիեռ Կյուրիին, իսկ 1895 թվականին նրանք ամուսնանում են։ Միասին սկսում են ուսումնասիրել ուրանի աղերի արձակած անսովոր ճառագայթները։ 1903 թվականին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և ֆիզիկոս Անրի Բեքերելի հետ մեկտեղ ստանում է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում։ 1911 թվականին Նոբելյան մրցանակ է ստանում քիմիայի բնագավառում։ Նրա ձեռքբերումները ներառում են «ռադիոակտիվության» տեսության զարգացումը (տեսություն, որի անունը ինքն էր հորինել[28][29][30]), ռադիոակտիվ իզոտոպերի մեկուսացման տեխնիկան և երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի հայտնագործումը։ Նրա ղեկավարությամբ աշխարհում առաջին անգամ սկսվեցին ուսումնասիրություններ կատարվել նորագոյացությունները ռադիոակտիվ իզոտոպերով բուժելու ուղղությամբ։ Նա հիմնադրել է Փարիզի և Վարշավայի Կյուրիի անվան ինստիտուտները, որոնք մինչև օրս հանդիսանում են բժշկական հետազոտությունների գլխավոր կենտրոններ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մշակեց ռենտգենյան ճառագայթներով զինված շարժական ռադիոգրության միավորներ՝ դաշտային հիվանդանոցների համար։
Լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ Մարիա Սկլոդովսկա Կյուրին, որն օգտագործում էր երկու ազգանուններն էլ[31][32], երբեք չի մոռացել իր ազգային ինքնության մասին։ Նա իր դուստրերին լեհերեն էր սովորեցնում և նրանց հետ այցելում էր Լեհաստան[33]։ 1898 թվականին նրա հայտնաբերած պոլոնիում քիմիական տարրը այդպես է կոչվել ի պատիվ նրա հայրենի Լեհաստանի։ Մարի Կյուրին մահացել է 1934 թվականին Ֆրանսիայում, Վերին Սավոյի առողջարաններից մեկում, ապլաստիկ անեմիայից։ Նրա մահվան պատճառը երկար տարիներ ռադիացիայից չպաշտպանված կենսակերպ վարելն էր և առաջին համաշխարհայինի տարիներին դաշտային հիվանդանոցներում ռադիոգրության սարքերով աշխատելը[34]։ Աշխատելով ռադիոակտիվ նյութերի հետ՝ Մարի Կյուրին զգուշություն չէր ցուցաբերում և նույնիսկ որպես կախազարդ օգտագործում էր ռադիումով անոթ։ Մարի և Պիեռ Կյուրիների գործը շարունակել են նրանց դուստր Իրեն Կյուրին և նրա ամուսինը՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։