Մելբուռն[4] (անգլ.՝ Melbourne /ˈmɛlbə(r)n/, տեղական արտասանության ձևն է նաև ˈmælbən, -bn̩), Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է 4 246 345 մարդ (2013 թվականի դրությամբ)[5]։ Մելբուռնն աշխարհի ամենահարավային քաղաք-միլիոնատերն է։
Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուռնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները[6]։ Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։ 1956 թվականին Մելբուռնում են անցկացվել ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2006 թվականին՝ Համագործակցության խաղերը։ 2015 թվականին The Economist ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Մելբուռն քաղաքը ճանաչել է բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ քաղաքը[7]։