Մեծշեն (Մարտակերտի շրջան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Մեծշեն | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 322[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մեծշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մեծշեն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 20 կմ արևմուտք, Ստեփանակերտից` 75 կմ, Թարթառ գետի աջ կողմում՝ 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 3255 հեկտար։
Պատմություն
Հնում այն կոչվել է Բերդակուռ, եղել է Մելիք Ադամի նստավայրը։ 12-13-րդ դդ. գյուղն ունեցել է մի քանի հազար ծուխ, այդ պատճառով էլ կոչվել է Մեծշեն։ Գյուղի պատմությունն սկսվում է 7-րդ դարից։ Մինչև 1920-ական թվականները կանգուն է եղել հնում կառուցված եկեղեցին, որը քանդվել է։ Հայտնի է որպես հեղափոխական շարժումների կենտրոն։ Այստեղ են տեղի ունեցել Ջրաբերդի կուսկազմակերպության ընդհատակյա նիստերը Հ. Կամարու և Թևատրոս Միրզաբեկյանի ղեկավարությամբ։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են միջնադարյան 3 եկեղեցի, վիմագրություններ, խաչքարեր։ Շրջակայքում հայտնի են Տնջրեն, Պըլպըլան, Տամբուլ ձորի, Նվավոր, Ցուրտ աղբյուրները, Հարթապտուկ տեղամասը, Ղուզե անտառը և այլ վայրեր[2]։
Մեծշենը Հայրենական մեծ պատերազմում
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 237 մարդ, զոհվել է 97-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան։
Մեծշենը Արցախյան ազատամարտում
1989 թվականից Մեծշենում կազմավորվել է կամավորական ջոկատ, որը Մարտակերտի պաշտպանական շրջանի զորամիավորումների կազմում մասնակցել է ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականի հուլիսի 4-ին գյուղը գրավվել և ավերվել է։ 1993 թվականի մայիսին ՊԲ-ի կազմավորումները, Էջմիածնի և այլ կամավորական ջոկատներ ազատագրել են Մեծշենը։ 1996 թվականից գյուղը վերաբնակեցվում և վերակառուցվում է։ Մեծշենից զոհվել է 19 ազատամարտիկ[3]։
Կլիմա
Դիրքը լեռնային է, ունի գեղատեսիլ բնություն, պտղատուներով հայտնի անտառներ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 750 մետր է։
Տնտեսություն
Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ, այգեգործությամբ։
Հայտնի մեծշենցիներ
- Դավիթ Անանուն (Տեր-Դանիելյան, 1879-1942), հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։
- Լևոն Մայիլյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Սերգեյ Մովսեսյան, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
- Սերգեյ Մայիլյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Ռաֆայել Մայիլյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Ջալալ Աբրահամյան, քիմիական գիտությունների դոկտոր
- Կառլեն Եսայան, ՀՀ վաստակավոր բժիշկ
- Շուրա Հարությունյան, ՀԽՍՀ պետական գործիչ, Երևանի Օրջոնիկիձեյի շրջանի գործկոմի նախագահ
Ծանոթագրություններ
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Լեռնային Ղարաբաղ, Սերգեյ Մելքումյան, Երևան, 1999
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 485։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.