Միզուղիների ինֆեկցիաներ
From Wikipedia, the free encyclopedia
Միզուղիների ինֆեկցիաներ (ՄՈՒԻ), ինֆեկցիաներ, որոնք ախտահարում են միզուղիները[2]։ Երբ այն ախտահարում է ստորին միզուղիները, ապա կոչվում է միզապարկի ինֆեկցիա (ցիստիտ), իսկ երբ վերին միզուղիները՝ երիկամների ինֆեկցիա (պիելոնեֆրիտ)[3]։ Ստորին միզուղիների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են ցավը միզարձակության ժամանակ, հաճախակի միզարձակումը և միզարձակության զգացողությունը, չնայած միզապարկը դատարկ է[2]։ Երիկամների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են տենդը և ցավը, որոնց հաճախ միանում են ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանիշները[3]։ Հազվադեպ կարող է դիտվել արյունամիզություն[4]։ Տարեցների և երեխաների մոտ կարող է ընթանալ անախտանիշ կամ ոչ սպեցիֆիկ[2][5]։
Միզուղիների ինֆեկցիաներ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | արյունամիզություն[1], տենդ[1], dysuria?[1], որովայնային ցավ[1] և frequent urination?[1] |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
Infectious diseases and disorders of the urinary system Վիքիպահեստում |
Ինֆեկցիաների ամենահաճախակի պատճառը աղիքային ցուպիկն է, բայց կարղ են լինել նաև այլ բակտերիաներ և սնկեր[6]։ Ռիսկի ֆակտորներից են իգական սեռին պատկանելը, սեռական հարաբերությունը, դիաբետը, գիրությունը և ընտանեկան անամնեզը։ Չնայած սեռական հարաբերությունը հանդիսանում է ռիսկի ֆակտոր, բայց ՄՈՒԻ-ն չի հանդիսանում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա[7]։ Երիկամների ինֆեկցիան հաճախ զուգակցվում է միզպարկի ինֆեկցիայի հետ, սակայն կարող է լինել արյան միջոցով փոխանցվող ինֆեկցիա[8]։ Երիտասարդ կանանց մոտ կարող է ախտորոշվել միայն ախտանիշների հիման վրա։ Անորոշ ախտանիշներով մարդկանց մոտ ախտորոշումը լինում է դժվար, քանզի բակտերիաները կարող են լինել առանց ինֆեկցիայի[9]։ Բարդ դեպքերում մեզի անալիզը կարող է օգտակար լինել[10]։
Չբարդացած դեպքերում ՄՈՒԻ-ն բուժում են հակաբիոտիկների կարճ կուրսով՝ նիտրոֆուրանտոին կամ տրիմետոպրիմ[4]։ Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը շարունակաբար աճում է։ Բարդացած դեպքերում կարող է առաջանալ անհրաժեշտություն հակաբիոտիկների ավելի երկարատև կուրսերի կամ ներերակային օգտագործման[4]։ Եթե հիվանդի վիճակը 2-3 օրվա ընթացքում չի բարելավվում, ապա առաջանում է հետագա ախտորոշիչ մեթոդների կիրառման անհրաժեշտություն[10]։ Ֆենազոպիրիդինը կարող է օգնել ախտանիշների մեղմացմանը։ Նրանց մոտ, ովքեր չունեն ախտանիշներ, բայց մեզում կան բակտերիաներ կամ լեյկոցիտներ ապա հակաբիոտիկների կիրառման անհրաժեշտություն չի լինում՝ բացառությամբ հղիների[11][12]։ Հաճախակի հիվանդացողներին նշանակում են հակաբիոտիկների կարճատև կուրս ախտանիշների ի հայտ գալու ժամանակ, կամ որպես պրոֆիլակտիկ միջոց տալիս են երկար ազդեցության հակաբիոտիկներ[13]։
Ավելի հաճախ հիվանդանում են կանայք և այն հանդիսանում է կանանց մոտ ամենահաճախ հանդիպող բակտերիալ ինֆեկցիան[14]։ Ավելի հաճախ հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կրկնություններ հաճախ են դիտվում։ ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվական[15]։