Միմոս
From Wikipedia, the free encyclopedia
Միմոս (հուն․՝ μίμος — նմանակող, նմանակում), կատակերգակ դերասան Հին Հունաստանում, Հռոմում և Բյուզանդիայում։ Դերասանի այս տիպը զարգացել է հատկապես հելլենիզմի դարաշրջանում (III—I դարեր) և դարձել հռոմ․, ապա՝ վաղ միջնադարյան առաջավորասիական թատրոնին բնորոշ երևույթ։ Միմոս են կոչվել նաև հելլենիզմի շրջանի պիեսները, որոնք նախատեսել են մնջկատակի, պարի, երգի ու խոսքի համատեղում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միմոս (այլ կիրառումներ)
Թե՛ հին, թե՛ միջին դարերում, արքունիքներում և անհատների տներում, քաղաքների հրապարակներում, հանդիպում էին առանձնահատուկ տիպի մարդիկ, որոնց հանձնարարված էր զվարճացնել նրանց, ում համար կյանքը թվում է միապաղաղ ու ձանձրալի։ Այդ միմոսներից մի քանիսը իրենց արհեստն այն աստիճանի էին բարձրացրել, որ կարող էին վերցնել իրենց վրա ավելի վեհ, ավելի կարևոր պարտականություններ։ Այս մարդիկ, օգտվելով իրենց անպատժելիությունից, ճշմարտությունն էին ասում անմիջապես իրենց ղեկավարներին՝ այդպիսով հասցնելով բարի խորհուրդները գահին, կամ էլ ողորմություն էին խնդրում ճնշվածների համար։
Միմոսներին թույլատրվում է ասել ամեն ինչ՝ այն իրավունքը, որից նրանք օգտվում էին, ժամանակ առ ժամանակ չարաշահում էին, բայց պաշտոնապես միմոսները հաճախ ներկայանում էին որպես իրականության սերմանողներ ու տարածողներ։ Հենց նրանց օգնությամբ էր իրականությունը հասնում տիրակալներին, կամ հակառակը։ Շատ միմոսների վերաբերյալ հորինվում էին լեգենդներ, որպեսզի նրանց անուններն անմահացնեին։ Այդպիսին է, օրինակ, Տրիբուլը, ում Վիկտոր Հյուգոն ներկայացրել է իր լավագույն վեպում[1]։