From Wikipedia, the free encyclopedia
Միշել դը Մոնտեն (ֆր.՝ Michel Eyquem de Montaigne) (miʃɛl ekɛm də mõtɛɲ) (փետրվարի 28, 1533[1][2], Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 13, 1592[3][4][5][…], Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, և էսսեիզմի հիմնադիր։ Իր մտքերն ամփոփել է «Փորձեր» երկում (Les Essais, 1-ին հատոր՝ 1580 թ., 2-րդ հատոր՝ 1582 թ., աշխարհաբար հայերեն թարգմանությունը Ա. Խոցանյանի[10])։
Միշել դը Մոնտեն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1533[1][2] |
Ծննդավայր | Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1592[3][4][5][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Michel-de-Montaigne, Guyenne, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մայրենի լեզու | լատիներեն[6][7][8] |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | College of Guienne? և Թուլուզի համալսարան |
Երկեր | Փորձեր |
Մասնագիտություն | փիլիսոփա, թարգմանիչ, իրավաբան, ակնարկագիր, ինքնակենսագիր, քաղաքական գործիչ, բանաստեղծ-փաստաբան, ֆրանսիացի բարոյախոս և գրող |
Ամուսին | Françoise de La Chassaigne?[9] |
Ծնողներ | հայր՝ Պիեր Էյկեմ դը Մոնտեն |
Զբաղեցրած պաշտոններ | Բորդոյի քաղաքապետ |
Ստորագրություն | |
Michel de Montaigne Վիքիպահեստում |
Միշել դը Մոնտենը ծնվել է 1533 թվականին Սեն Միշել դը Մոնտեն քաղաքում (Դորդոն), Բորդոյի մոտակայքում գտնվող իրենց տոհմական կալվածքում, Էյքեմների վաճառականական ընտանիքում, որն ազնվականի կոչում էր ստացել 15-րդ դարի վերջին[11]։ Հայրը՝ Պիեր Էյքեմը, եղել է Բորդոյի քաղաքագլուխը։ Մայրը՝ Անտուանետտա դը Լոպեզը, ծագումով հրեական ընտանիքից էր։
Մոնտենը դաստիարակվել է հոր լիբերալ-հումանիստական մանկավարժական մեթոդիկայով։ Նրա ուսուցիչը գերմանացի էր և իր հետ խոսում էր բացառապես լատիներեն։ Դրա շնորհիվ՝ Մոնտենը լատիներենին տիրապետում էր մայրենիի նման[12]։
1539 թվականին՝ 6 տարեկան հասակում, Մոնտենը ընդունվել է Բորդոյի քոլեջ, և 13 տարեկանում՝ ժամանակից շուտ, ավարտել այն (1546): Չնայած նրան, որ Բորդոյի քոլեջը լավագույններից էր Ֆրանսիայում, և այնտեղ դասավանդում էին մի շարք հումանիստ մանկավարժներ, այդտեղ ստացած կրթությունը քիչ բան է տվել Մոնտենին։
Մոնտենի կյանքի հաջորդ մի քանի տարիների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ կրթությունը շարունակել է Թուլուզի համալսարանում, այն ավարտելով ստացել իրավաբանի մասնագիտություն[13]։
21 տարեկանում Մոնտենն աշխատանքի է անցել դատական համակարգում՝ փոխարինելով հորը՝ Պիեր Էյքեմին, վերջինս ստացել էր Բորդոյի քաղաքագլխի պաշտոնը և անցել նոր պարտականությունների կատարմանը։ Մոնտենն իր պաշտոնեական պարտականությունները բարեխղճորեն է կատարել, բայց առավել որդիական ակնածանքից դրդված, քան ներքին մղումով։
1557 թվականին Մոնտենն աշխատանքի է անցնում Բորդոյի դատական ատյանում՝ որպես խորհրդական և 30 տարի զբաղեցնում այդ պաշտոնը։
Բորդոյի դատական ատյանում աշխատելու տարիները Մոնտենի համար նշանավորվում են հայտնի ֆրանսիացի հումանիստ մտածող, հրապարակախոս Էթիեն դե լա Բոեսիի հետ նրա ծանոթությամբ։ 1558 թվականին սկսված այս ծանոթությունը կարճ ժամանակ անց վեր է ածվում ջերմ ընկերական փոխհարաբերությունների, որը, սակայն, ընդհատվել է Լա Բոեսիի մահով (1563)։ Հետագայում՝ 1570 թվականին, Մոնտենը հրատարակում է Լա Բոեսիի գրական երկերը[Ն 2]։
Մոնտենը Լա Բոեսիի հետ ունեցած ընկերության մասին գրել է իր «Փորձեր» աշխատության մեջ։
1581 թվականին Մոնտենը ընտրվում է Բորդոյի քաղաքագլուխ, երբ նա ճանապարհորդում էր Ֆրանսիայի սահմաններից հեռու[14]։ Ինքն այս ընտրության համար ոչ մի ջանք չի գործադրել։ Մոնտենի թեկնածությունը հավանության է արժանանում նաև այդ տարիներին թագավորող Հենրիխ 3-րդի կողմից, և նրան հրամայվում է անհապաղ անցնել իր պարտականությունների կատարմանը։
1565 թվականին Մոնտենն ամուսնանում է Ֆրանսուազ դը լա Շասենի հետ։
1568 թվականին՝ հոր մահից հետո նա պաշտոնաթող է լինում և 1571 թվականին հիմնավորվում տոհմական կալվածքում։
Ծառայության բերումով որոշ ժամանակ Մոնտենը անց է կացրել արքունիքում։ Տեղեկություններ կան, որ նա Եկատերինա Մեդիչիի հորդորով՝ Կարլոս 9-րդի համար գրել է խրատներ։
Հայտնի է նաև, որ թագավորը Մոնտենին շնորհել է Սուրբ Միքայելի շքանշան՝ ֆրանսիական ազնվականության բարձր պարգևը։
1572 թվականին 38 տարեկան հասակում, Մոնտենը սկսում է գրել իր «Փորձեր» հայտնի աշխատությունը (1-ին երկու գրքերը լույս են տեսել 1580 թվականին, Բորդոյում)[15]։
Հայտնի է նաև 1584 թվականի ձմռանը Մոնտենն իր դղյակում ընդունել է հոգևորականների առաջնորդ Հենրիկոս Բուրբոնին՝ իր շքախմբով։ Պահպանվել է նրա նամակագրությունը Հենրիկոսի հետ, ով պատրաստվելով գահ բարձրանալ, համառորեն ձգտում էր մտերմություն հաստատել փիլիոփայի հետ։ Սակայն պալատական պաշտոնակալությունը չի գրավում Մոնտենին։
«Փորձեր» աշխատությունը գրելուց հետո Մոնտենը ձեռնարկել է մի տևական ճանապարհորդություն Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա և կյանքի վերջում՝ կարճատև, բայց իրադարձություններով հարուստ ուղևորություն դեպի Փարիզ[16]։
Կյանքի վերջում՝ 1588 թվականին Մոնտենը գալիս է Փարիզ, որպեսզի ներկա գտնվի իր «Փորձերի» հերթական՝ երրորդ գրքի լրացված հրատարակությանը։ Մոնտենն այստեղ հայտնվում է քաղաքական լարված իրադարձությունների կիազակետում։ Ապստամբած քաղաքային ստորին խավերն իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, Հենրիկոս 3-րդ թագավորն իր պալատականներով փախչում է Փարիզից։ Մոնտենը հետևում է արքունիքին մինչև Շարտր և Ռուան, ապա վերադառնում Փարիզ։ Այստեղ նրան Հենրիկոս Գիզի ղեկավարած «Կաթոլիկական լիգայի» կոմնակիցները ձերբակալում են և բանտարկում՝ որպես պատանդ։
Եկատերինա Մեդիչիի միջոնրդությամբ[Ն 3] ազատվում է բանտից, այնուհետև ուղևորվում Բլուա և ներկա գտնվում այնտեղ գումարված Գլխավոր նահանգներին (այն ժամանակվա ֆրանսիական պառլամենտը)[17][18]։
Թագավորական հանձնարարությունները կատարելիս դրսևորած իմաստությունը, արքունիքին և բարձրաշխարհիկ հասարակությանը մոտ լինելը նրա առջև վերստին ճանապարհ են բացում դեպի պետական պատվավոր ծառայությունը։ Սակայն պալատական ծառայությունը չի գրավում Մոնտենին, և նա այն մեկընդմիշտ թողնելու որոշում է կայացնում։
Վերադառնալով տուն՝ Մոնտենը իր «Փորձերը» համալրում է «Բարձր դիրքի ճնշող ազդեցության մասին» գլխով։
Իր ապրած ժամանակաշրջանը Մոնտենը բնորոշել է հետևյալ կերպ․ «Ինձ վիճակվել է ապրել այնպիսի ժամանակ, երբ մեր շուրջը թիվ ու համրանք չկար քաղաքացիական պատերազմների ծնած բարոյական անկման արդյունք անհավանական դաժանություններին։ Հին տարեգրություններում մենք չենք գտնում հիշատակումներ ավելի սոսկալի բաների մասին, քան նրանք, որ այժմ ամեն օր կատարվում են մեզ մոտ[19]»։
Մոնտենը մահացել է 1592 թվականի սեպտեմբերի 13-ին։ 1886 թվականի մարտի 11-ին նրա մասունքները փոխադրվել և թաղվել են Բորդոյի համալսարանի շենքում[20]
Իր սոցիալական համոզմունքներով Մոնտենը հակված չէր ծայրահեղությունների։ Նա գիտակցում էր ժամանակակից հասարակարգի, քաղաքական ու իրավական հաստատությունների, բարքերի ու կենսակերպի թերությունները․ «Կա արդյոք առավել արտառոց բան, քան այն, որ չգրված օրենքով դատական պաշտոնները վաճառվեն, իսկ դատավճիռները վճարվեն դրամով, որտեղ նման ձևով միանգամայն օրինականորեն, արդար դատաստանը մերժում է նրանց, ովքեր դրա դիմաց վճարելիք չունեն»,- գրում է նա[21]։
Մոնտենը 15 տարի աշխատել էր դատական համակարգում և լավ գիտեր գոյություն ունեցող իրավիճակը։ Իր «Փորձեր» աշխատությունը լի է սոցիալական անհավասարության, կառավարչական ապարատի քարացածության, կրթական ու դաստիարակչական համակարգի հիմնավոր ու բովանդակալից քննադատությամբ։ Ըստ Մոնտենի՝ այդ հաստատություններն ընդունակ չեն վերջ դնելու բռնություններին ու վայրագությանը։
Միևնույն ժամանակ՝ Մոնտենը ծայրաստիճան զգուշավորությամբ է վերաբերվում պետական կարգի ու գոյություն ունեցող օրենքների փոփոխմանը․ «Օրենքները պետք է անվերապահորեն կատարվեն։ Դրանց բարեբերությունը ամենից առաջ, պայմանավորված է դրանց անսասանությամբ, այլ ոչ թե բարոյական հատկանիշներով»[22]։
Մոնտենը կարծում է, որ առկա դրության ոչ մի փոփոխություն ի վիճակի չէ սպասված շահեկանությամբ գերազանցել այն չարիքին, որ առաջանում է դրա հեղաշրջումից։ Ըստ նրա՝ նրանք ովքեր խարխլում են պետական կարգը, շատ հաճախ առաջինն իրենք են զոհվում դրա փլուզումից։ Իսկ հասարակարգի լավագույն ձևերի վերաբերյալ ճամարտակությունները պիտանի են մտքի նրբակրթման համար, բայց հազիվ թե արժանի են գործնական վերաբերմունքի․
Ինձ, ճիշտն ասած, չափից դուրս եսասիրություն ու մեծագույն սնապարծություն է թվում սեփական հայացքներն այնքան գերագնահատել, որ հանուն դրանց հաղթանակի կանգ չառնել հասարակական անդորրը խանգարելու և այնքան անխուսափելի աղետների անկման միջև, որ իրենց հետ բերում են քաղաքացիական պատերազմները[23]։ - «Փորձեր» |
Մոնտենի այս վերբերմունքը փոփոխություններին պայմանավորված էր նրանով, որ ավատատիրական պատերազմներում առաջին տեղում տեղում իշխանության հասնելու մոլուցքն էր, ագահությունն ու մոլեռանդությունը։
Սոցիալական տեղաշարժերը, փոփոխությունները որքան էլ խոստումնալից լինեին, այնուամենայնիվ կապված են մեծ արյունահեղությունների հետ։ Մոնտենը գիտակցում էր, որ եթե անգամ ցնցումները հանգեցնում են բարեփոխումների, ապա դա միայն ապագայի համար է։ Իսկ այդ ժամանակ այդ փորձերը սանձազերծում են միայն բռնության, դաժանության բնազդները, վատ օրենքները լավով փոխարինելուց ոչ մի օգուտ չկա, եթե այդ փոփոխությունների ընթացքում մարդկային զանգվածները ձեռք են բերում ցանկացած օրենք ոտնակոխ անելու մոլություն։ Ըստ նրա՝ ամեն մի մասնակցություն երկպառակտչական կռիվներին՝ հղի է անձնական ազատության, ինքնուրույնության ու անկախ կարծիքի կորստով։
Բորդոյի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցնելու ամբողջ ընթացքում նա համառորեն հաշտեցնում է հակամարտող կողմերին, ձգտելով մեղմացնել բախումների սրությունը, բացահայտորեն չհարելով կուսակցություններից ոչ մեկին․ «Հիմնարություն է գործի մեջ մտնել այնտեղ, ուր գլխացավը բուժում են գլխատումով։ Շատ ավելի խելամիտ կլինի եղած գժտություններին նորերը չավելացնել և հետամուտ լինել կարգուկանոնի ու խաղաղության»[24]։
Թագավորական դինաստիան, որին հարում էր Մոնտենը, ձգտում էր պետության կենտրոնացման և կայունացման։ Մոնտենը անձնական ոչ մի շահ չէր հետապնդում․ այդ է վկայում Հենրիկոս Նավարացու հետ ունեցած նրա նամակագրությունը։ Նամակներից մեկում Մոնտենը մերժում է ապագա թագավորի՝ իրեն վարձրահատույց լինելու առաջարկությունը, պատասխանելով․ «Ես երբևէ չեմ օգտվել արքայական որևէ շնորհից, երբեք չեմ հայցել, ասենք արժանի էլ չեմ եղել, ու արքունի ծառայության մեջ երբեք ոչ մի քայլիս համար որևէ վարձատրություն չեմ ստացել»[25]։
Մոնտենի կողմից թագավորական իշխանությանը սատարումը թելադրված էր ժողովրդի՝ իբրև մեկ միասնական ամբողջության պահպանման պետական շահերով։
Փիլիսոփայության մեջ Մոնտենը փնտրում է «ինքնաճանաչում, նաև ճանաչում այն բանի, ինչը կարող է սովորեցնել հանգիստ մեռնել և հանգիստ ապրել»։ Մոնտենը իմաստնացած է կենսափորձով և հակամետ չէ ծայրահեղությունների, այդ թվում և գիտությամբ զբաղվելիս։ «Եթե փիլիսոփայության մեջ տարվենք ավելորդություններով, այն կխլի մեր բնական ազատությունը և մեզ կշեղի բնության մատնանշած գեղեցիկ ու հարթ ճանապարհից»[26]։
«Փորձերի» գլուխներից մեկում ասվում է, որ չարի ու բարու մարդու ընկալումը նշանակալի չափով պայմանավորված է դրանց մասին նրա ունեցած պատկերացումներով։ Մոնտենն ապացուցում է, որ յուրաքանչյուրը լավ կամ վատ է ապրում՝ կախված այն բանից, թե ինքն այդ մասին ինչ է մտածում։ Այդ առնչությամբ Մոնտենը խորհրդածում է հարստության, փառքի, առողջության, մահվան մասին։ Նույն կերպ նա խորհրդածում է նաև բանականության հնարավորությունների շուրջ։
Մոնտենն ուզում էր, որ գիտությունը ծառայի մարդուն, լուսավորի նրա գործերն ու արարքները, նրան դնի ճիշտ ճանապարհի վրա։ Հենց որ բանականությունը կորցնում է իրական հողը, մարդը զրկվում է կյանքին և ինքն իրեն սթափորեն վերաբերվելու ընդունակությունից։
Մոնտենին անհիմն է թվում բանականության հավակնությունը ամեն ինչի էության սպառիչ ճանաչման նկատմամբ։ Չէ որ միտքը միշտ անհատական է, և նրան հասանելի է երևույթների չափազանց աննշան մասը, որով անկարելի է հավաստի դատել ամբողջ աշխարհի մասին։ Մոնտենը թերահավատորեն է վերաբերվում այն ամենին, ինչ բանականության անվան տակ մատուցվում է որպես անառարկելի դոգմա և պատվիրան։ Մոնտենի այս դիրքորոշման մեջ չկան ագնոստիցիզմի տարրեր և բնության ու աշխարհի ճանաչման համար բանականության հնարավորությունները սահմանափակելու ձգտում։ Մոնտենի քննադատությունն ուղղված է ոչ թե բանականության, այլ տիեզերքի համակողմանի ու ավարտուն ճանաչման հավակնող մետաֆիզիկայի դեմ։
Մոնտենը ոչինչ չի հաստատում, կտրականապես ոչինչ չի պնդում։ Նա ձգտում է սասանել ու խորտակել քրիստոնեական գաղափարախոսության դոգմաները։ Այդ նպատակին են հետամուտ նրա կասկածները, նրա սկեպտիցիզմը։
Մոնտենին հաճախ են քննադատում սկեպտիցիզմի համար, նշելով, որ այն խանգարել է նրան գիտության պատմության մեջ ավելի խոր հետք թողնելու համար։
Մոնտենն իր «Փորձեր» աշխատության մեջ մարդուն դիտարկում է որպես բարձրագույն արժեք՝ հավատում նրա անսպառ հնարավորություններին և կասկածանքով վերաբերվում աստվածային նախախնամությանը․ «Մենտենը գերադասում էր Աստծո առաջ հանել գլխարկը, բայց ծնկի չգալ»[27]։
Իր «Փորձերում» Մոնտենը ջախջախիչ քննադատության է ենթարկել սխոլաստիկ կրթությունը, «կիկերոնականությունը», մակերեսային և դատարկ «գիտնականությունը»։ Մոնտենը ծաղրի է ենթարկում «գրքերով բեռնված ավանակներին», որոնց մոտ «գիտությունը լողում է ուղեղի մակերեսի վրա»։ Նրա իդեալը խոհուն, քնննադատորեն մտածող մարդն է։ Մոնտենը կողմնակից է գիտելիքների գիտակցական յուրացմանը, աշակերտների ինքնագործունեությանը, նրանց մեջ հարցասիրություն և իրենց գիտելիքներն ազատորեն գործադրելու կարողություն զարգացնելուն[28]։
Ըստ Մոնտենի՝ սխոլաստիկ ուսումը հոգ չի տանում ուղեղի զարգացման մասին և արհամարհում է առաքինությունների դաստիարակությունը․ «Մենք աշխատում ենք միայն նրա համար, որ լցնենք մեր հիշողությունը, իսկ մեր բանականությունն ու խիղճը չենք լցնում»[29]։
Նա պահանջում էր, որ դաստիարակն ստիպի աշակերտին սեփական մաղով մաղել այն ամենը, ինչ ինքը մատուցում է նրան, և ոչինչ «չմտցնի նրա գլուխը՝ հենվելով լոկ իր հեղինակության ու ազդեցության վրա․․․»։
Մոնտենը կարևորում էր երեխաներին ինքնուրույն մտածելու հնարավորություն տալը, աշակերտի պարտականությունը միայն լսածը կրկնելը չպետք է լինի։ Հարկավոր է թույլ տալ, որ աշակերտն իր հնարավորություններին ընդունակություններին համապատասխան կարողանա արտահայտվել, երբեմն պետք է ուսուցիչը ուղի ցույց տա, բայց երբեմն էլ պետք է թողնել, որ աշակերտն ինքը գտնի այդ ուղին[30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.