From Wikipedia, the free encyclopedia
Միքելանջելո Բուոնարոտի (իտալ.՝ Michelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni, մարտի 6, 1475[1][2][3][…], Կապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5] - փետրվարի 18, 1564[6][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[4][3][5]), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։
Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում, Արեցոյի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թվականներին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիան։ Մանուկ հասակում ապրել ու դաստիարակվել է Ֆլորենցիայում, այնուհետև որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
1488 թվականին Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։
1494-1495 թվականներին Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվականին նա նորից գնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ Ջիրոլամո Սավոնարոլան և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Բաքոսը»։
1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ 1503-1505 թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգեի մադոննան» և այլ ստեղծագործություններ։
1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Շղթայված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։
Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կրոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Իր երկրային կյանքում համեստ կենցաղավարությամբ աչքի ընկած, մշտապես քչով բավարարված այդ բազմաքանքար մեծությունը մահից առաջ թելադրել է իր կտակը իրեն բնորոշ լակոնիկ ոճով.
Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։ |
Իր ստեղծագործություններում Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները, կոթողայնորեն արտացոլել մարդու գեղեցկությունն ու անսահման կարողությունները։ Նա համարվում է արվեստի մեջ բարոկկո ոճի, մաներայնության հիմնադիրը[9]։ Հատկապես 1520 թվականից հետո նրա ստեղծած գործերում վառ կերպով արտահայտված են բարոկկոյի միտումները, նոր մտածողությունը, հեղինակի մեծագույն տենչը՝ ներշնչելու մարդուն, որ ինքը բարձրագույն էակ է՝ մնացած արարածներից տարբերվող։
Միքելանջելոն Արևմուտքի առաջին արվեստագետն է, ում կենսագրությունը հրատարակվել է դեռևս իր կենդանության օրոք։ Ընդ որում՝ այդ կենսագրություններից մեկի հեղինակը՝ համբավավոր Ջորջո Վազարին, պնդում էր, որ Միքելանջելոյի աշխատանքները կապրեն ավելի երկար, քան շատ ու շատ այլ նկարիչների կամ քանդակագործների որևիցե ստեղծագործություն։ Նա ավելացնում էր, որ Միքելանջելոն գերազանց վարպետ է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք արվեստներում՝ նկարչությունում, քանդակագործությունում, ճարտարապետությունում[10](Վազարին տեղյակ չէր, որ բազմաթիվ ուսումնասիրողների կողմից Վերածննդի տիտան հռչակված Լեոնարդո դա Վինչիի արժանավոր մրցակից այդ բազմակի հանճարը նաև հրաշալի բանաստեղծություններ է հեղինակել)։ Հարկ է հավելել նաև, որ դեռ կենդանության օրոք նրան բնութագրել են որպես Il Divino Աստվածային արվեստագետ[11]։
Միքելանջելոն համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով։ Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը։ Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում։
1501-1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին։ Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին։ Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը։ Դրա ընդօրինակված տարբերակը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում)։
Միքելանջելոյի ամենահզոր ստեղծագործություններից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված հիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն։ Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա։ Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ։
Արվեստագետը 1536 թվականին վերադարձել է այստեղ, որպեսզի, կատարելով Պողոս Երրորդ պապի պատվերը, մատուռի խորանի պատին պատկերի ահեղ դատաստանը։ Այդ որմնանկարը արտացոլում է մարդկության մեծագույն ողբերգությունը՝ աշխարհի կործանումը։ Նախորդ պատկերազարդումներից անցել էր քսան տարուց ավելի ժամանակ, և զգացվում է, որ այդ ընթացքում արվեստագետի աշխարհայացքն ու ձեռագիրը լուրջ, դրամատիկ փոփոխություններ են կրել։ Այս աշխատանքում ի ցույց է հանված նաև հենց իր՝ արվեստագետի հոգու ճգնաժամը, գործի է դրված պատկերավորման մի բոլորովին նոր համակարգ, որը տիրապետող է դարձել Միքելանջելոյի հետագա ստեղծագործություններում։ Որմնանկարը տոգորված է անհանգիստ խռովքով, տագնապով, սարսափով, վհատությամբ։
Կյանքի վերջին տարիներին Միքելանջելոյի հոգեվիճակը խորությամբ արտացոլվել է հատկապես Մեդիչիների տոհմական Սուրբ Լավրենտիուսի եկեղեցու մատուռում (Ֆլորենցիա) նրա ստեղծած աշխատանքներում (1520-1534 թթ.): Ճարտարապետական և արձանային անսամբլներում խորապես տպավորիչ են Ժամանակի խորհրդանիշերի քանդակները՝ "Առավոտը", "Ցերեկը", "Երեկոն" ու "Գիշերը", դուքս Ջուլիանոյի ու Լորենցո Մեդիչիի արձանները և սարկոֆագների վրա տեղադրված ալեգորիկ (այլաբանական), տարակուսալի, ողբերգաշունչ ֆիգուրները (կերպարանքները)։
Ա. Ջիվելեգով. «Միքելանջելո», «Սովետական գրող» հրատ., Երևան 1977 թ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.