խոշոր թռչուն, թվով երկրորդ տեսակի Կռունկներ From Wikipedia, the free encyclopedia
Մոխրագույն կռունկ (լատին․՝ Grus grus), կռունկների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Մոխրագույն կռունկ | |
Մոխրագույն կռունկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Կռունկանմաններ (Gruiformes) |
Ընտանիք | Կռունկներ (Gruidae) |
Ցեղ | Կռունկներ (Grus) |
Տեսակ | Մոխրագույն կռունկ (G. grus) |
Միջազգային անվանում | |
Grus grus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մարմնի երկարությունը 110-120 սմ է, թևերի բացվածքը՝ 220-245 սմ, կենդանի զանգվածը՝ 4-5,5 կգ։ Հասուն կռունկի փետրածածկը մոխրագույն է, գլուխը՝ սև՝ սպիտակ շերտով, որը գլխի կողքով տարածվում է մինչև սև վիզը։ Աչքերն ու գագաթի բիծը կարմիր են, ոտքերը՝ երկար և սև, պոչին կա մեծ փետրածփքերի փունջ։ Երիտասարդ կռունկի գլուխը և վզի վերին մասը նարնջադարչնագույն են։ Թռչում է թևերի հզոր թափահարումներով և երկարատև սավառնումներով, գլուխը, վիզը և ոտքերը ձգած, որոնք թռիչքի ընթացքում մարմնի համեմատ թվում են ներքև խոնարհված։
Չուի ընթացքում սավառնում և թռչում է սեպաձև երամ կազմած։ Բնակվում է լեռնատափաստաններում, փոքր խոնավ տարածքներում, ցանքադաշտերի կամ մարգագետինների հարևանությամբ։ Հայաստանում մոխրագույն կռունկի բնադրատեղիներում հանդիպում է մարտի վերջ ապրիլի սկզբին։ Յուրօրինակ հարսանեկան խաղերը տեղի են ունենում գարնանը։
Սնվում է բույսերով, որդերով, միջատներով, մանր ողնաշարավորներով։
Բնադրում է ճահճուտներում։ Բույնը սաղր է, գավաթաձև և նման է բույսերի կույտի։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի առաջին տասնօրյակին։ Դնում է 94 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն կամ ձիթապտղագույն, կարմրադարչնագույն պտերով 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի մոտ 4 %-ը)։ Թխսակալում են էգը և արուն՝ 28-30 օր։ 2 ամսական ձագերը կարողանում են լիարժեք թռչել, սակայն մինչև ձմեռանոցներ չվելը հետևում են ծնողներին։ Ձագերի կորուստը ծնող-թռչունները ծանր են տանում։ Նրանք սուր ողբալի ճչում ու անհանգիստ շրջանաձև թռիչքներ են կատարում բնի սահմաններում։ Հայ մատենագրության էջերում, ավանդապատումներում, գեղարվեստական գրականության մեջ և այլն, կռունկը համարվում է հույսի ու հավատի խորհրդանիշ։
Տարածված է Եվրոպայից մինչև Միջին Ասիա։
Հայաստանում մշտապես բնադրել է Սևանա լճի ջրավազանում, գլխավորապես՝ Գիլլի լճի եղեգնուտներում։ Վերջին տարիներին բնադրավայրերը հայտնաբերվել են Աշոցքի, Տավուշի և Ստեփանավանի շրջաններում[1]։
Հայաստանի համար քիչ տարածված տեսակ է, որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։ Տեսակը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Աշոցքի շրջանում ամեն տարի բնադրում են 2-3, Տավուշի շրջանում` 4-5, Ստեփանավանի շրջանում` 2 զույգ։ Հայաստանում բնադրում են, հավանաբար, մոխրագույն կռունկի մոտ 10 զույգ։
Թվաքանակի վրա բացասական ազդեցություն են թողնում ճահճացած տարածքների չորացումը և մարգագետինների ինտենսիվ օգտագործումը որպես արոտավայրեր։
Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.