Մուսա լեռան քառասուն օրը
From Wikipedia, the free encyclopedia
«Մուսա լեռան քառասուն օրը» (գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh), ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը՝ գրված իրական փաստերի հիման վրա։
Հեղինակ | Ֆրանց Վերֆել[1] |
---|---|
Անվանվել է | Մուսա լեռան հերոսամարտ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն և Մուսա լեռան հերոսամարտ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն[1] |
Նկարագրում է | Մուսա լեռ |
Երկիր | Ավստրիա[1] |
Հրատարակման տարեթիվ | 1933[1] |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/werfel/musadagh/musadagh.html |
Վիքիքաղվածք | Մուսա լեռան քառասուն օրը |
Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ)։ Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս[2]։
1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ[3]։
Գրքի ստեղծման գաղափարը Վրանց Վերֆելի մտքում ծագել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի գնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենով, իսկ մինչ այդ Վերֆելն ուսումնասիրել է ամբողջ հայոց պատմությունը։
Գիրքը լույս է տեսել 1933 թվականին՝ շուտով արժանանալով ընթերցասերների ջերմ ընդունելությանը։ Դրա վառ ապացույցն է այն, որ գիրքը թարգմանվել է 34 լեզուներով։ ԱՄՆ-ում 1934 թվականին գրքի լույս ընծայումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում վաճառվել է 34 000 օրինակով[4]։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը գիրքը համարել է ամսվա գիրք։
Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ այս վեպը հայերեն է թարգմանել բանաստեղծ և թարգմանիչ Պարույր Միքայելյանը։ Լույս է տեսել 1964 թվականին, Երևանում։ Վեպն այնուհետև ունեցել է հայերեն ևս երեք հրատարակություն (1987, 1990 և 2015 թվականներին)։