Նեկրոզ
From Wikipedia, the free encyclopedia
Նեկրոզ կամ մեռուկ (հունարեն՝ νεκρός - մահացած), կենդանի օրգանիզմում բջիջների և հյուսվածքների մահ, որով լրիվ դադարում է տվյալ բջջի կամ հյուսվածքի կենսագործունեությունը։
Կենդանի օրգանիզմում առանձին օրգանների, դրանց մասերի, հյուսվածքների կամ բջիջների մահացում։ Ըստ պատճառների տարբերում են վնասվածքային (ցրտահարություն, այրվածք), նյարդա-սնուցողական (Մեռուկացման բորի նյարդային ձևի, սիրինգոմիելիայի դեպքում), շրջանառու կամ սակավարյունային (ինֆրակտ, գանգրենա), թունավոր, ալերգիական (Մեռուկացում ալերգիական հիվանդությունների դեպքում)։ Մեռուկացմանը բնորոշ են բջիջների և միջբջջային նյութի փոփոխությունները․ կորիզը և բջջապլազման կնճռոտվում են (մակարդում), քայքայվում և լուծվում (լիզիս)։
Շարակցական հյուսվածքի կառուցվածքներում զարգանում են ֆիբրինոիդ փոփոխություններ, նյարդաթելերում՝ բեկորային քայքայում։ Մեռուկացման կլինիկամորֆոլոգիական դրսևորումները և հետևանքները կախված են պրոցեսի տեղադրությունից և տարածվածությունից, առաջացման պայմաններից ու մեխանիզմներից։