Ներարգանդային պարույր
From Wikipedia, the free encyclopedia
Ներարգանդային միջոցներ կամ, ինչպես հաճախ անվանում են, ներարգանդային պարույրներ (ՆԱՊ, գալար)[1] բեղմնականխման համար նախատեսված փոքր հարմարանքներ են, հաճախ` T-աձև, պղինձ կամ լեվոնորգեստրել պարունակող, որոնք տեղադրվում են արգանդի մեջ։ Դրանք երկարաժամկետ և դարձելի բեղմնականխման ամենաարդյունավետ միջոցներից մեկն են համարվում[2]։ Պղինձ պարունակող ՆԱՊ-երի ձախողման ցուցանիշն առաջին տարվա օգտագործման ընթացքում կազմում է շուրջ 0.8%, մինչդեռ լեվոնորգեստրել պարունակողներինը նույն ժամանակահատվածի համար կազմում է 0.2%[3]։ Բեղմնականխման մյուս միջոցների համեմատ՝ ՆԱՊ-եր ու բեղմնականխիչ իմպլանտներ օգտագործողները գոհ են այս միջոցների արդյունավետությունից[4]։ Ըստ 2007 թվականի տվյալների՝ ՆԱՊ-ը եղել է դարձելի բեղմնականխման ամենատարածված մեթոդն աշխարհում, իսկ դրանից օգտվողների թվաքանակը գերազանցել է 180 միլիոնը[5]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/IUDCPCopperT380A.gif/220px-IUDCPCopperT380A.gif)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Mirena_IntraUterine_System.jpg/640px-Mirena_IntraUterine_System.jpg)
Տվյալները հաստատում են, որ ՆԱՊ-ն արդյունավետ և ապահով միջոց է ինչպես դեռահասների[4], այնպես էլ չծծնդաբերած կանանց համար[6]։ ՆԱՊ-ը չի ազդում կրծքով կերակրման վրա և կարող է տեղադրվել ծննդաբերությունից անմիջապես հետո[7]։ Այն կարող տեղադրվել նաև աբորտից անմիջապես հետո[8]։ Արգանդից հեռացնելուց հետո, նույնիսկ, եթե այն տեղադրված է եղել վաղուց, պտղաբերությունն անմիջապես վերականգնվում է[9]։
Եթե պղնձե ՆԱՊ-երը կարող են ավելացնել դաշտանային արյունահոսությունը և առաջացնել առավել ցավոտ կծկումներ[10], հորմոնային ՆԱՊ-երը կարող են նվազեցնել դաշտանային արյունահոսությունը կամ ընդհանրապես դադարեցնել դաշտանը[11]։ Կծկումները կարող են բուժվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործմամբ[12]։ Հնարավոր այլ բարդություններից են արգանդի հեռացումը (2-5%) և ավելի քիչ դեպքերում արգանդի թափածակումը (0.7%)[11][12] Եթե 1970-ակնանների սկզբին լայնորեն օգտագործվող ներարգանդային միջոցի՝ Դալկոնի վահանի հետ կապում էին ֆալոպյան փողերի բորբոքային հիվանդությունների առաջացման վտանգի մեծացումը, ապա ժամանակակից միջոցները որևէ ազդեցություն չեն ունենում այդ վտանգի ավելացման կամ նվազեցման վրա, եթե կինը ՆԱՊ-ի տեղադրման պահին սեռական ճանապարհով փոխանցվող որևէ վարակ չի կրում[13]։