Ներերակային բուժում
From Wikipedia, the free encyclopedia
Ներերակային բուժում. (կրճատ՝ ն/ե բուժում), բժշկական տեխնիկա, որի ընթացքում հեղուկները, դեղամիջոցները և սննդանյութերը ներարկվում են անմիջապես մարդու երակի մեջ։ Կիրառման ներերակային եղանակը հաճախ օգտագործվում է ռեհիդրատացիայի (օրգանիզմում ջրի անհրաժեշտ պաշարների վերականգնման), կամ սննդանյութեր հասցնելու նպատակով նրանց, ովքեր չեն կարող, կամ հոգեկան խնդիրների, կամ այլ պատճառներով չեն կիրառում ուտելիք կամ ջուր բերանի միջոցով։ Ներերակային ներարկման եղանակը կարող է օգտագործվել նաև դեղորայք և այլ բուժումներ, ինչպիսիք են՝ արյան բաղադրիչները և էլեկտրոլիտները, էլեկտրոլիտային հաշվեկշիռը վերականգնելու նպատակով։ Ներերակային բուժում իրականացնելու առաջին փորձը գրանցվել է դեռևս 1400-ական թվականներին, սակայն դրա կիրառումը լայն տարածում չի ստացել մինչև 1900-ականները, երբ մշակվել են եղանակի անվտանգ և արդյունավետ գործածման տեխնիկաներ։
Ներարկման ներերակային եղանակը ամբողջ մարմնում դեղորայք մատակարարելու և հեղուկների փոխարինման ամենաարագ եղանակն է, քանի որ դրանք անմիջականորեն ներարկվում են արյան շրջանառության համակարգ, ուստի արագորեն տեղաբաշխվում են։ Այդ իսկ պատճառով, ներերակային ներարկման եղանակը նաև կիրառվում է որոշ թմրամիջոցներ օգտագործելիս։ Բազմաթիվ բուժումներ իրականացվում են «բոլուս»-ային եղանակով, կամ մեկանգամյա դեղաչափի ձևով, բայց դրանք կարող են նաև գործածվել երկարատև ինֆուզիոն կամ կաթիլային եղանակներով։ Բուժման ներերակային կիրառման գործողությունը, կամ ներերակային մուտքի (ն/ե մուտք) տեղադրումը, հետագա օգտագործման նպատակով, պետք է իրականացվի հմուտ մասնագետի կողմից։ Ներերակային ներարկման ամենապարզ եղանակը արտաքին խողովակով ներարկչին ամրակցված ասեղով մաշկի ծակումն է՝ մուտք գործելով երակ։ Այս եղանակն օգտագործվում է ցանկալի բուժումն իրականացնելու նպատակով։ Այն դեպքերում, երբ հիվանդը բազմակի այսպիսի բուժումներ պետք է ստանա կարճ ժամանակամիջոցում (դրան հետևող երակի վնասման ռիսկով), նախընտրելի եղանակը կաթետերի տեղադրումն է, որի մի ծայրը տեղակայված է երակի լուսանցքում, և խողովակի մյուս ծայրը հեշտորեն հասանելի է հետագա բուժումները ներարկման միջոցով իրականացնելու համար։ Որոշ դեպքերում, բազմաթիվ դեղեր կամ բուժումներ տրվում են միևնույն ն/ե մուտքի միջոցով։
Ն/ե մուտքերը դասակարգվում են որպես «կենտրոնատկան մուտքեր», եթե դրանք ավարտվում են սրտին մոտ գտնվող խոշոր երակում, կամ որպես «ծայրամասային մուտքեր», եթե դրանք ավարտվում են ծայրամասային փոքր երակներում, ինչպես օրինակ ձեռքին։ Ներերակային մուտքը կարող է ծայրամասային երակի միջոցով հասցվել սրտին մոտ, ինչը կոչվում է «ծայրամասային մուտքով տեղադրված կենտրոնական կաթետր» կամ ԾՄՏԿԿ մուտք։ Եթե անձը, հավանաբար, երկարաժամկետ ներերակային բուժման կարիք է ունենալու, բժշկական պորտի (պորտ-ա-կաթ) տեղադրումը կարող է մեծացնել երակային մուտքի հասանելիությունը և ազատել երակը բազմակի անգամներ ծակելու և այդպիսով, այն վնասելու անհրաժեշտությունից։ Կաթետրը կարող է նաև տեղադրվել կենտրոնական երակի մեջ կրծքավանդակի միջով, որը կոչվում է թունելավորված մուտք։ Մուտքի հատվածում օգտագործվող կաթետրի յուրահատուկ տիպը կախված է ներարկման համար ցանկալի նյութի առանձնահատկությունների և մուտքի հատվածում երակների առողջության աստիճանից։
Ներերակային մուտքի տեղադրումը կարող է ցավոտ լինել, քանի որ անպայմանորեն մաշկի ծակում է ներառում։ Վարակները և բոորբոքումը (որը կոչվում է ֆլեբիտ) ևս ն/ե մուտքերի տեղադրման հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են։ Ֆլեբիտն (երակաբորբ) ավելի հավանական է, եթե միևնույն երակն օգտագործվում է բազմաթիվ անգամներ ներերակային մուտքի համար, և կարող է ի վերջո վերածվել կարծր ձգանի, որը ն/ե մուտքի համար այլևս պիտանի չէ։ Նյութի չմիտումնավորված ներարկումը երակից դուրս, որը կոչվում է էքստրավազացիա, կամ ինֆիլտրացիա (ներսփռում), կարող է այլ կողմնակի ազդեցությունների պատճառ հանդիսանալ։