Ներսես Գ Տայեցի
From Wikipedia, the free encyclopedia
Ներսես Գ Տայեցի (հայտնի է նաև որպես Ներսես Գ Իշխանցի, Ներսես Գ Շինող, , Իշխան Վերին, Տայք, Հայկական մարզպանություն - 661, Դվին), Ամենայն հայոց կաթողիկոս 641 թվականից։ Հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցուն։ Ծնվել է Տայքի Իշխան գյուղում։ Կրթվել է Բյուզանդիայում, մտել այնտեղ զինվորական ծառայության։ Վերադառնալով հայրենիք՝ ձեռնադրվել է, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս։ Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական բուռն գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը։ Նորոգել է Դվինի Ս. Սարգիս, Վաղարշապատի Ս. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրականի Ձորոյ վանքը, կառուցել Խոր վիրապի Ս. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ 645 թվականին գումարել է Դվինի չորրորդ ժողովը, որի ընթացքում ընդունվել է 12 կանոնները։ 648 թվականի Դվինի հինգերորդ ժողովում Ներսես Գ Տայեցին և Թեոդորոս Ռշտունին մերժել են բյուզանդական կայսր Կոստաս II-ի (Կոստանդին) և Կ. Պոլսի պատրիարք Պողոս II-ի՝ Քաղկեդոնի ժողովն ընդունելու առաջարկը։ 652 թվականին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը։ Այդ նպատակով, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, որի ընթացքում կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները։ 652 թվականին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է Կ. Պոլիս՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը։
Ներսես Գ Տայեցի | |
---|---|
Ծննդավայր | Իշխան Վերին, Տայք, Հայկական մարզպանություն |
Մահացել է | 661 |
Մահվան վայր | Դվին |
Մասնագիտություն | քահանա և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև 659 թվականը քաշվել հայրենի Իշխան գյուղը՝ մեկուսանալով երկրի քաղաքական գործերից։ Թեոդորոս Ռշտունու մահից (658) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659 թվականին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը։ Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր ս. Խաչի գյուտը և այդ առթիվ Վարագա ս. Խաչի տոնի հաստատումը (653)։ Կաթողիկոսը նույն վայրում՝ Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին։ Ներսես Գ Տայեցին ամփոփվել է Զվարթնոցի հյուսիսային կողմում, իր կենդանության օրոք կերտած շիրիմում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Անաստաս Ա Ակոռեցին։