From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Գենադիևիչ Բասով (ռուս.՝ Николай Геннадиевич Басов, դեկտեմբերի 14, 1922[1][2][3][…], Ուսման, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 1, 2001[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան), սովետական ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։
Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին՝ տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից՝ տնօրեն)։ 1963-ից՝ Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։
Աշխատանքները նվիրված են քվանտային ռադիոֆիզիկայի և նրա բազմազան կիրառությունների հիմնահարցերին։
Հայտնագործել է քվանտային համակարգերի գեներացիայի և ուժեղացման սկզբունքը, մշակել հաճախությունների նմուշների ֆիզիկական հիմունքները, առաջադրել է մի շարք գաղափարներ քվանտային կիսահաղորդչային գեներատորների բնագավառում, կատարել է հետազոտություններ լույսի հզոր աղբյուրների ստացման և նրանց ուժեղացման ուղղությամբ, մշակել է պլազմայի տաքացման մեթոդը կառավարվող ջերմամիջուկային սինթեզի համար, զգալի աշխատանքներ ունի հզոր գազային քվանտային գեներատորների ստեղծման բնագավառում։ Ստեղծել է քվանտային լազերներ, առաջադրել է օպտիկաէլեկտրոնիկայի բնագավառում լազերների կիրառության նոր առաջադիմական գաղափարներ։
1954-ին, Ալեքսանդր Պրոխորովի, ստեղծել է առաջին քվանտային գեներատորը ամիակի մոլեկուկների փնջի օգտագործումով, իսկ 1955-ին առաջարկել է անհավասարակշռված քվանտային համակարգի եռամակարդակ մեթոդը, որը շատ լայն կիրառություն է ստացել քվանտային գեներատորներում և ուժեղացուցիչներում։
Գիտնականի այդ աշխատանքներով, ինչպես նաև ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Հարդ Թաունսի հետազոտություններով, փաստորեն, հիմք դրվեց նոր գիտական ուղղության, որն այսօր ողջ աշխարհում հայտնի է քվանտային էլեկտրոնիկա անվանումով։
1959-ին Բասովը և Պրոխորովը արժանացան Լենինյան, իսկ 1964-ին, Թաունսի հետ, լազերների և մազերների ստեղծման համար՝ Նոբելյան մրցանակի։
Բասովին է պատկանում լազերներում կիսահաղորդիչների օգտագործման գաղափարը, նա է զարգացրել կիսահաղորդչային լազերների ստեղծման զանազան մեթոդները։ 1961-ին Բասովը ուշադրություն է դարձրել ջերմամիջուկային սինթեզների օգտագործման հնարավորությունների վրա և նրա հետագա աշխատանքներով ստեղծել է լազերային ջերմամիջուկային սինթեզի մեթոդը։
1978-ից եղել է «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահ, արժանացել է Վոլտայի անվան մեդալի։
Նա «Քվանտային էլեկտրոնիկա» և «Պրիրոդա» հանրահայտ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.