Պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Շամս–է Թաբրիզի (պարս.՝ شمس تبریزی ) կամ Շամս ալ–ԴԻն Մուհամմադ (1185, Թավրիզ, Իրան - 1248, Խոյ, Արևմտյան Ադրբեջան, Իրան), պարսիկ[1] բանաստեղծ[2]։ Եղել է Մովիանա Ջալալ ադ–Դին Մուհամմադ Բալխիի (որը հայտնի է նաև Ռումի անունով) հոգևոր ուսուցիչը և մեծ ակնածանքով հիշատակվում է նրա բանաստեղծական ժողովածուի մեջ, մասնավորապես «Դիվան-է Շամս-է Թաբրիզիում» (Շամս Թաբրիզիի գործերը)։ Ըստ ավանդության, Շամսը նախքան Դամասկոս փախչելը Քոնյայում Ռումիին քառասուն օր ուսուցանել է մեկուսի մի վայրում։ Շամս–է Թաբրիզիի գերեզմանը վերջերս առաջադրվեց որպես ՅՈՒՆԵՍԿՕ–Ի համաշխարհային ժառանգության տարածք։
Շամս Թաբրիզի | |
---|---|
Ծնվել է | 1185 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Վախճանվել է | 1248 |
Վախճանի վայր | Խոյ, Արևմտյան Ադրբեջան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և գրող |
Քաղաքացիություն | Խորեզմի թագավորություն |
Shams Tabrizi Վիքիպահեստում |
Ըստ Սիփահ Սալարի՝ Ռումիի նվիրյալ և մտերիմ ընկերոջ, որը նրա հետ անցկացրել է քառասուն օր, Շամսը եղել է Իմամ Ալա ալ–Դինի որդին։ «Մենքիբալ–էրիֆին» (Գնոտիկսի ներբողները) կոչվող գրքում, Աֆլակին մի ինչ–որ Ալիի կոչում է Շամս–է Թաբրիզի հայրը, Մալիկդադին՝ պապը։ Ըստ երևույթին, իր հաշվարկներում հիմնվելով Հաջի Բեկթաշ Վելիի «Մաքըլթ» (Զրույցներ) գրքի վրա, Աֆլակին ենթադրում է, որ Շամսը Քոնյա է եկել վաթսուն տարեկան հասակում։ Թերևս, մի շարք գիտնականներ կասկածի տակ են առել Աֆլակիի տեղեկությունների հավաստի լինելը[3]։
Շամսը կրթություն է ստացել Թաբրիզում և եղել է Բաբա Քամալ ալ–Դին Ջումդիի աշակերտը։ Նախքան Ռումիին հանդիպելը, նա տեղից տեղ է գնացել, զամբյուղներ է հյուսել և գոտիներ է վաճառել ապրուստի միջոց վաստակելու համար[4]։ Չնայած զամբյուղագործի իր մասնագիտությանը՝ Շամսին տարբեր կենսագրական աղբյուրներում, ինչպես նաև պարսիկ պատմաբան Դավլաթշահի աշխատությունում, տրվել է «ասեղնագործ» (զարդուզ) մականունը։ Թեև սա Հաջի Բեկթաշ Վելիի «Մաքըլթում» նշված մասնագիտությունը չէ և ավելի շուտ Իսմայիլ Իմամ Շամս ալ–Դին Մուհամեդին տրված մականունն է, որը Թաբրիզում անանուն էր ապրում և աշխատում էր որպես ասեղնագործ։ Ռումիի ուսուցչի կենսագրության մեջ մականվան տեղ գտնելը հուշում է, որ Իմամի կենսագրությունը պետք է որ հայտնի լիներ Շամս–է Թաբրիզիի կենսագիրներին։ Այնուամենայնիվ, դեռևս հայտի չէ, թե ինչպես է մականունը տեղ գտել կենսագրության մեջ[3]։
1244 թվականի նոյեմբերի 15–ին ոտքից գլուխ սևազգեստ մի տղամարդ եկավ Քոնյայի շաքար վաճառողների հայտնի պանդոկ։ Նրա անունը Շամս Թաբրիզի էր։ Ասում էին, որ նա ճամփորդ վաճառական էր։ Ինչպես ասվում է Հաջի Բեկթաշ Վելիի «Մաքալաթ» գրքում, նա փնտրում էր մի բան, որը վիճակված էր գտնել Քոնյայում։ Ի վերջո, նա հանդիպեց Ռումիին, երբ վերջինս ձիավարում էր։
Մի օր Ռումին, գրքերի հսկա տրցակը կողքին, նստած կարդում էր, երբ Շամս Թաբրիզին անցնելիս հարցրեց նրան․ «Ի՞նչ եք անում», իսկ Ռումին ծաղրական տոնով պատասխանեց․ «Դուք չեք հասկանա» (Սա հասու չէ տգետներին)։ Այս լսելով Շամսը գրքերի կույտը նետեց մոտակա ջրավազանը։ Ռումին հապճեպ հավաքեց գրքերը, և ի զարմանս նրա՝ բոլորը չոր էին։ Հետո նա հարցրեց Շամսին․ «Այս ի՞նչ էր», ինչին վերջինս պատասխանեց․ «Ուսուցիչ, սա այն է, ինչը Դուք չեք կարող հասկանալ»։ (Սա հասու չէ գիտուններին)։
Պատմության երկրորդ վարկածում Շամսը անցնում է Ռումիի կողքով, երբ վերջինս կրկին գիրք էր կարդում։ Ռումին նրան անկիրթ օտարականի տեղ է դնում։ Շամսը Ռումիին հարցնում է, թե ինչ է անում, ինչին վերջինս պատասխանում է․ «Մի բան, որը Դուք չեք հասկանա»։ Հենց այդ պահին գրքերը հանկարծ բռնկվում են, և Ռումին խնդրում է Շամսին բացատրել՝ ինչ կատարվեց։ Նա պատասխանում է․ «Մի բան, որը Դուք չեք հասկանա»[5]։
Այս հանդիպման մեկ այլ վարկածը հետևյալն է․ Ռումին՝ իր աշակերտներով շրջապատված շրջում է Քոնյայի շուկայի բամբակի կրպակների, շաքար վաճառողների և բանջարեղենի վաճառասեղանների միջով։ Շամսը իր ավանակի սանձը ձեռքին՝ մարտահրավեր նետեց վարպետին՝ նրան 2 հարց ուղղելով։ «Ո՞վ է եղել ամենամեծ խորհրդապաշտը․ Բայազի՞դը (Սուֆիական ուսմունքի սրբերից մեկը), թե՞ Մուհամմեդը»,–հարցրեց Շամսը։ «Այս ի՞նչ տարօրինակ հարց է։ Մուհամմեդն է եղել բոլոր սրբերից ամենահզորը»,– պատասխանեց Ռումին։ «Ուրեմն ինչու՞ այն ժամանակ Մուհամմեդն ասաց Աստծուն․ «Ես Քեզ չեմ ճանաչել այնպես, ինչպես որ հարկն էր», մինչդեռ Բայազիդը հայտարարում էր․«Փա՛ռք ինձ։ Որքան վսեմ է իմ փառքը» (նա իրեն Աստված էր համարում)։ Ռումին բացատրեց, որ այդ երկուսից հզորը Մուհամմեդն էր, որովհետև Բայազիդը կարող էր լցվել նույնիսկ Աստվածային միայն մեկ օրհնանքից։ Նա կորցրել էր իրեն և լցվեց Աստծով։ Մուհամմեդի կարողություններ անսահման էին և երբևէ լցվելու կարիք չունեին։ Նրա փափագն անսպառ էր և նա միշտ ծարավի։ Նա ամեն րոպե ավելի ու ավելի էր մոտենում Աստծուն և ափսոսում իր նախկին հեռացած վիճակի համար։ Հենց այդ պատճառով նա ասաց․ «Ես Քեզ չեմ ճանաչել այնպես, ինչպես որ հարկն էր»։ Ասվում է, որ այս զրույցից հետո Ռումին զգացել է, թե ինչպես է իր գլխի վերևի մասում պատուհան բացվում և այնտեղից ծուխ է բարձրանում դեպի երկինք։ Նա բղավում է և ընկնում գետնին՝ մոտ մեկ ժամ կորցնելով գիտակցությունը։ Լսելով նրա պատասխաննրը Շամսը հասկանում է, որ դեմ առ դեմ կանգնած է իր տենչանքի առարկայի հետ․ մի մարդու, որի հանար աղոթում էր, որ Աստված ուղարկի։ Երբ Ռումին արթնանում է, բռնում է Շամսի ձեռքը, և նրանք միասին ոտքով վերադառնում են Ռումիի դպրոց։
Ռումիի հետ մի քանի տարի Քոնյայում անցկացնելուց հետո Շամսը հեռանում է և հաստատվում Խոյում։ Տարիներն անցնում էին, և Ռումին ավելի ու ավելի շատ էր իր բանաստեղծություններում հիշատակում Շամսին՝ ի նշան իր հեռացած ընկերոջ և ուսուցչի հանդեպ ունեցած սիրո։ Ռումիի պոեզիայում Շամսը դառնում է Ալլահի (Արարիչ) սիրո ուղեցույցը մարդկության հանդեպ. Շամսը արև էր (արաբերեն «Շամս» նշանակում է «Արև»)․ Արևի փայլուն շող՝ որպես ճիշտ ուղի Երկրի վրա Ռումիի սրտում, մտքում և մարմնում խավարը ցրելու համար։ Շամսի դասախոսությունների աղբյուրը սուֆիզմի հայր Ալի իբն Աբու Թալիբի ուսմունքն էր[6][7]։
Ժամանակակից սուֆի ավանդույթի համաձայն՝ Շամս Թաբրիզին անհետացել է խորհրդավոր կերպով։ Ոմանք ասում են, որ սպանվել է Մովլանա Ջալալուդդին Ռումիի մերձավոր աշակերտների կողմից, ովքեր նախանձում էին Ռումիի և Շամսի միջև սերտ հարաբերություններին, բայց, ըստ մի շարք այլ վկայությունների, նա հեռացել է Քոնյայից և մահացել Խոյում, որտեղ էլ նրան թաղել են։ Սուլթան Վալադը ՝ Ռումիի որդին, իր Վալադ-Նամա մաթնավիում պարզապես առանց որևէ մանրամասների նշում է, որ Շամսը խորհրդավոր կերպով անհետացել է Քոնյայից[8][9]։
Խոյում գտնվող Շամս Թաբրիզի գերեզմանը, հուշահամալիրում գտնվող հուշարձան–աշտարակի կողքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջադրվել է որպես Համաշխարհային մշակութային ժառանգության կենտրոն[10]։
«Մաքալաթ–է Շամս–է Թաբրիզին» (Շամս–է Թաբրիզիի ուսմունք) պարսկական արձակ է՝ գրված Շամսի կողմից[11]։ «Մաքալաթը» կարծես գրվել է Շամսի կյանքի վերջին տարիների ընթացքում, քանի որ ինքն իր մասին խոսում է որպես ծեր մարդ։ Ընդհանուր առմամբ, այն իր մեջ կրում է իսլամի միստիկական մեկնաբանություն և պարունակում է հոգևոր խորհուրդներ:«Մաքալաթի» որոշ հատվածներ ավելի խորը պատկերացում են տալիս Շամսի մտքերի մասին․
Միստիկ պոեզիայի շարքերից մեկը, որը հագեցած է նվիրական տրամադրություններով և Ալիդական ուժեղ հակումներով, պարսից իսլամական աշխարհում վերագրվել է Շամս-է Թաբրիզիին։ Գիտնականները, ինչպիսին է Գաբրիել վան դեն Բերգը, կասկածի տակ են առել այն հարցը, թե արդյոք դրա հեղինակը Շամս-է Թաբրիզին է։ Սակայն հետագայում գիտնականները նշել են, որ կարող է մեկ այլ հարց ծագել, թե արդյոք Շամս-է Թաբրիզիի անունը օգտագործվել է մի քանիսի փոխարեն։ Վան դեն Բերգը կարծում է, որ այս նույնականացումը Ռումիի գրական կեղծանունն է։ Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ չնայած Շամսին վերագրվող բանաստեղծությունների մեծ թվին, որոնք կազմում են Բադախշանի Իսմայիլիներին նվիրված երգացանկը, դրանց ճնշող մեծամասնությունը տեղ չի գտել Ռումիի ունեցած որևէ գործում։ Փոխարենը, ինչպես նկատում է Վիրանին, դրանցից մի քանիսը առկա են «Շամսի վարդի պարտեզում» (Գուլզար-է Շամս), որի հեղինակը՝ Մուլուկշահը Իսմայիլիի Պիր Շամսի սերնդից է, ինչպես նաև այլ աշխատություններում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.