Շրջանագիծ
From Wikipedia, the free encyclopedia
Շրջանագիծ, փակ կոր հարթության մեջ, որի բոլոր կետերը գտնվում են նույն հարթության մեջ գտնվող տրված կետից հավասար հեռավորության վրա[1]։ Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն։ Կենտրոնը շրջանագծի որևէ կետի հետ միացնող հատվածը կոչվում է շրջանագծի շառավիղ (շառավիղ կոչվում է նաև այդ հատվածի երկարությունը)։ Շրջանագիծը հարթությունը բաժանում է երկու մասի[2]՝ վերջավոր ներքին և անվերջ արտաքին։ Շրջանագծից ներս ընկած հարթությունը կոչվում է շրջան, սահմանային կետերը (այսինքն՝ հենց շրջանագիծը), կախված մոտեցումից, կարող է ներառվել կամ չներառվել շրջանի մեջ։
Շրջանագծի երկու կետերը միացնող և նրա կենտրոնով անցնող հատվածը կոչվում է տրամագիծ։ Շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծի երկարությանը միևնույնն է բոլոր շրջանագծերի համար։ Այդ հարաբերությունը տրանսցենդենտ թիվ է․ այն նշանակում են հունարեն այբուբենի π տառով (π=3, 14159․․․)։
Շրջանագծի կառուցման համար օգտագործվում է կարկին։
Շրջանագիծը կոչվում է միավոր շրջանագիծ, եթե նրա շառավիղը հավասար է մեկ միավորի։ Միավոր շրջանագիծը եռանկյունաչափության հիմնական օբյեկտներից մեկն է։