Ոճագիտություն
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Ոճաբանություն, լեզվաբանական գիտակարգ (միջգիտակարգ), որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։
Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների (փիլիսոփայություն, ճարտասանություն, տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։
Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի (հնչյուն, բառ, բառակապակցություն) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։ Ոճաբանություն առարկայի ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ լեզվի յուրաքանչյուր նյութական բաղադրիչ՝ հնչյուն, բառ, նախադասություն, լայն առումով ոճաբանության ուսումնասիրության առարկան ոճն է։ Ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։ Յուրաքանչյուր անհատ, տարբեր բնագավառներում ունի իր անհատական ոճը։ Լեզուն և ոճը միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններն են, որոնք չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով։ Լեզուն ընդհանուր է, ոճը՝ մասնավոր, որն իր որոշակի դրսևորումն է ստանում լեզվի մեջ լեզվական միավորների միջոցով։ «Ոճ» բառն առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակաել է «ցողուն, ծղոտ», որը հին ժամանակներում հույների համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։