հայ լեզվաբան, տպագրիչ From Wikipedia, the free encyclopedia
Ոսկան Երևանցի (նաև՝ Ոսկան Ջուղայեցի, Ղլիճենց, Ոսկան վարդապետ, 1614[1][2], Նոր Ջուղա - 1674[1][2], Մարսել, Ֆրանսիա), հայ արքեպիսկոպոս, տպագրիչ-հրատարակիչ, մշակութային գործիչ, լեզվաբան։
Ոսկան Երևանցի | |
---|---|
Ծնվել է | 1614[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա |
Մահացել է | 1674[1][2] |
Մահվան վայր | Մարսել, Ֆրանսիա |
Մասնագիտություն | տպագրիչ, լեզվաբան, վարդապետ և հրատարակիչ |
Աշխատավայր | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Voskan Yerevantsi Վիքիպահեստում |
Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի ծխատեր քահանայի մոտ, ապա հաճախել Խաչատուր Կեսարացու Ամենափրկիչ վանքի դպրոցը, այնուհետև Երևանում Խաչատուր Կեսարացու և Սիմեոն Ջուղայեցու հետ աշակերտել Մելքիսեդ Վժանեցուն։ Մոտ 1634 թվականին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով Նոր Ջուղայից եկել է Էջմիածին, Ուշիի Ս. Սարգիս վանքում նշանակվել վանահայր։ Էջմիածնում Ոսկան Երևանցին ծանոթացել է Դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիի հետ, որը Հայաստան էր եկել Աստվածաշնչի հայերեն բնագիրը լատիներեն Վուլգատային հարմարեցնելու հանձնարարությամբ։ Ոսկան Երևանցին նրանից սովորել է լատիներեն, փիլիսոփայություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, քերականություն, փոխադրել լատիներեն քերականության մի դասագիրք, ապա հարմարեցրել գրաբարին, դարձրել լատիներեն կաղապարով գրաբարի քերականության դասագիրք, լատիներենից կատարել մի շարք թարգմանություններ։
Ոսկան Երևանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662 թվականին մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու։ Նախ գնացել է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանացել է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն։ Սակայն նրա բոլոր ջանքերն ի դերև են անցել, և նա մեկնել է Ամստերդամ, 1664 թվականի աշնանը ստանձնել Ամստերդամի Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անվան տպարանի (1660 թվականին հիմնել էր Մատթեոս Ծարեցին) տնօրինությունն ու ձեռնարկել Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները։ Փորագրիչներին պատվիրել է նոտրգիր, նոր տեսակի գլխատառեր և թռչնագրեր, բնագիրը պատրաստել տպագրության ու իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել տպագրությունը։ Տպագրության համար իբրև հիմք-բնագիր, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի անունով հայտնի գրչագիր Աստվածաշունչը, որը գրվել էր 1295 թվականին՝ Հեթում Բ-ի պատվերով (Մատենադարան, ձեռ. դ 180)։ Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Վուլգատայի, տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել Հին կտակարանի մի քանի գրքեր, որոնք չեն եղել հայերեն Աստվածաշնչում (և նրա կանոնում)։ Տպագրելիս փորձել է միջին դիրք գրավել դասական հայերեն բնագրի և Վուլգատայի միջև, որպեսզի այն ընդունելի լիներ հայոց տարբեր դավանական համայնքների համար, որոնց նա լատիներեն գրքի փոխարեն առաջարկելու էր հայերենն ու հայատառը։
Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 մարտի 11-1668 հոկտեմբերի 13)։ Տպագրությունը կատարված է վարպետորեն։ Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են։ Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝ կարմիր կաշեպատ, հաստ տախտակից։ Բանիմացորեն կիրառված են հայկական առոգանության գրեթե բոլոր հիմնական նշանները, գործածված են յոթ տեսակ տպագրատառեր (խոշոր և փոքր զարդագիր, խոշոր և փոքր գլխագիր, խոշոր և փոքր բոլորգիր, Ոսկանի նոտրգիր)։ Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են, որոնք կատարվել են Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից։
Ամստերդամում Ոսկան Երևանցին հրատարակել է 14 անուն գիրք՝ Նոր կտակարան (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (1669), «Տօնացոյց» (1669), Շարակնոց (1664–65, 1669) և այլն։ Նա մտադրվել էր Ֆրանսիայի որևէ քաղաքում տպարան հիմնել։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը տվել է նրան այդ իրավունքը՝ պայմանով, որ հրատարակվելիք գրքերը հակառակ չլինեն կաթոլիկ եկեղեցու դավանանքին։ Սակայն Ոսկան Երևանցին չի հաշտվել այն մտքին, որ պետք է «սրբագրվեր» իր Ժամագիրքը, Մաշտոցը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը» հակառակ չերևալու համար։ Նա Ֆրանսիայից անցել է Իտալիա, կանգ առել Լիվոռնոյում, այնտեղ տպագրել «Պարտէզ հոգևոր» (1670) և Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիստոնէական» (1670) թարգմանական գրքերը։ Այստեղ նյութական աջակցություն չգտնելով՝ տպարանը փոխադրել է Մարսել՝ ընկերանալով քահանա Համազասպյանի հետ, որը, սակայն, հետագայում մեծ անախորժություններ է պատճառել նրան։ Տեղի կաթոլիկ հոգևոր իշխանությունը Հռոմից կարգադրություն է ստացել հետևել Ոսկան Երևանցու հրատարակություններին։ Նրանից պահանջել են հաերեն ու լատիներեն գրված «հավատո դավանության» գրություն և հայտնել, որ գրաքննվելու են նրա տպարանում հրատարակվող գրքերը։ Չնայած այդ ամենին, նա որոշել է «Հայաստանեայց եկեղեցու ծեսերուն» հակառակ որևէ բան չտպագրել։ Բայց նրա գործընկեր Համազասպյան քահանան այդ մասին տեղեկացրել է իշխանությանը։ Սկսվել է գործի քննություն։ Ոսկան Երևանցին հուսալքված անկողին է ընկել ու մահացել։ Ոսկանյան տպարանը գործել է քառորդ դար։ Այդ ընթացքում Ամստերդամում, Լիվոռնոյում, Մարսելում տպագրվել են 40 անուն կրոնաեկեղեցական և աշխարհիկ բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր[3][4]։
Իր ինքնակենսագրությունը՝ «Պատմութիւն Վարդապետին Ոսկանայ Երևանցւոյ և կենցաղավարութիւն նորին» վերնագրով ժամանակին հրատարակել է իր ձեռքով Առաքել Դաւրիժեցու «Գիրք Պատմութեան» (Ամստերդամ, 1669) աշխատության վերջում, որպէս գրքի ԾԷ գլուխ։ 1666-1668 թթ. Ամստերդամում տպագրել է հայերեն Աստվածաշունչ մատյանը, որը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։ Մինչև 1669 թ. լույս է ընծայում Մովսես Խորենացու «Աշխարհացույց»-ը, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան»-ը, Վարդան Այգեկցու առակները և այլն։ Տպագրական գործունեություն է ծավալել նաև Լիվոռնոյում և Մարսելում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.