Ոսկե գնդակ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե գնդակ (ֆր.՝ Ballon d'Or), ամենամյա ֆուտբոլային մրցանակ, որ շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին՝ 1956-ից մինչև 2009-ը։ Մրցանակը ստեղծվել է Գաբրիել Անոյի նախաձեռնությամբ, որը խնդրեց իր գործընկերներին քվեարկել 1956-ին Եվրոպայի լավագույն խաղացողի համար. մրցանակը կոչում էին նաև Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Առաջին հաղթողը Սթենլի Մեթյուզն էր՝ «Բլեքպուլ» ակումբից[1][2][3]։
Ի սկզբանե, լրագրողները կարող էին միայն քվեարկել եվրոպական ակումբներում հանդես եկող եվրոպացի խաղացողների համար և այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան և Պելեն չէին կարող ստանալ այն։ 1995-ին, կանոնները փոփոխվեցին, ինչը թույլ տվեց ոչ եվրոպացի ֆուտբոլիստներին հաղթել մրցանակը, եթե նրանք խաղում էին եվրոպական ակումբում։ Առաջին ոչ եվրոպացին, որը հաղթեց մրցանակը կանոնների փոփոխությունից հետո լիբերիացի Ջորջ Վեան էր[4]։ Հետագայում լրագրողների թվաքանակը նույնպես աճեց՝ հասնելով 96-ի։
Միայն երեք ֆուտբոլսիտներին է հաջողվել հաղթել մրցանակը երեքական անգամ. Յոհան Կրոյֆ, Միշել Պլատինի և Մարկո վան Բաստեն։ Ընդ որում Պլատինին միակն է, որը արժանացել է Ոսկե գնդակին երեք անգամ անընդմեջ՝ 1983-1985 թվականներին։ Գերմանացի և հոլանդացի ֆուտբոլիստներն ամենաշատն են արժանացել մրցանակին. 7-ական անգամ։ Իտալական Յուվենտուս և Միլան ակումբների խաղացողներն ամենաշատն են ստացել մրցանակը. վեց ֆուտբոլիստներ ստացել են ութ Ոսկե գնդակ նշված ակումբներում հանդես գալու ընթացքում։ Վերջին ֆուտբոլիստը, որը արժանացել է «Ֆրանս ֆուտբոլի» Ոսկե գնդակին համարվում է Լիոնել Մեսսին։
Լև Յաշինը միակ դարպասապահն է, որը ստացել է այդ մրցանակը (1963-ին)։
2010 թվականին «France Football»-ի Ոսկե գնդակ և ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակները միավորվեցին։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը սկսեց նոր մրցանակ ստանալ, այն կոչվում է «ՖԻՖԱ Ոսկե գնդակ»։ Այս տիտղոսի առաջին մրցանակակիրը դարձավ Լիոնել Մեսսին[5]։