Ուլտրաձայն
From Wikipedia, the free encyclopedia
Ուլտրաձայն, անդրաձայն, գերձայն, գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում առաձգական տատանումներ, որոնց հաճախությունը 20 կհց-ից ավելի է։ Մարդու ականջը անդրաձայն չի ընկալում։ Որոշ կենդանիներ (չղջիկներ, ձկներ, միջատներ և այլն) կարող են այն ընկալել և հաղորդել։ Անդրաձայնային տատանումներն առկա են քամու, ջրվեժի, ծովային ալեբախության աղմուկում, ինչպես նաև առաջանում են հաստոցների, հրթիռային և այլ շարժիչների աշխատելու ժամանակ։
Անդրաձայն սովորական ձայնից տարբերվում է ալիքի կարճությամբ, ուստի օժտված է մի շարք առանձնահատկություններով՝ մեծ էներգիայով, խրձաձև խտանալու ունակությամբ և այլն։ Տատանումների հաճախությունից կախված անդրաձայնի բնորոշ հատկություններն են տարասեռ կառուցվածքներից կլանումը, բեկումը, անդրադարձումը։