Ուռուցքաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ուռուցքաբանություն կամ օնկոլոգիա (հուն․՝ όγκος — զանգված, հավելուկ, ուռուցք և λόγος — գիտություն), բժշկագիտության ճյուղ, ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ։ Ուռուցքաբանության զարգացումը պայմանավորված է կենսաբանության (առանձնապես բջջաբանության և գենետիկայի), քիմիայի (մասնավորապես կենսաքիմիայի) և բնական այլ գիտությունների, տեսական բժշկության (ախտաբանություն) և կլինիկական (վիրաբուժություն, ռադիոլոգիա, գինեկոլոգիա են) դիսցիպլինների հաջողություններով։
Ուռուցքաբանություն | |
---|---|
Կորոնար Համակարգչային շերտագրություն, որը թոքերի պատի հյուսվածքում արձանագրում է չարորակ մեզոտելիոմայի առկայությունը (նշված աստղանիշով և սլաքներով) | |
Տեսակ | բժշկական մասնագիտություն և գիտական բնագավառ |
Oncology Վիքիպահեստում |
Որպես ինքնուրույն բժշկակենսաբանական դիսցիպլին ուռուցքաբանությունը ձևավորվել է 20-րդ դարում, չնայած ուռուցքները մարդկությանը հայտնի են եղել շատ վաղուց։ Ուռուցքաբանության ձևավորմանը նպաստել է փորձառական ուռուցքաբանության զարգացումը, որի հիմնադիր Մ․ Ա․ Նովինսկին առաջինն էր աշխարհում շների վրա կատարել չարորակ ուռուցքի փոխպատվաստոում (1876)[1]։
1930-ական թվականներին ապացուցվեց արոմատիկ ածխաջրածինների (մասնավորապես բենզապիրենի), էստրոգենների և իոնացնող ճառագայթների որոշ տեսակների քաղցկեղածին ներգործությունը։ 1903 թվականին ֆրանսիացի Ա․ Բորելն առաջարկեց ուռուցքների վիրուսային ծագման հիպոթեզը[2]։ Այնուհետև փորձնական և տեսական ուռուցքաբանության բնագավառում հանդես եկան 3 հիմնական ուղղություններ՝ քիմիական, վիրուսային և ճառագայթային։ Կլինիկական ուռուցքաբանության արագ զարգացումը կապված է վիրաբուժության և ռադիոլոգիայի հաջողությունների հետ, որոնք հանգեցրին չարորակ նորագոյացությունների բուժման և ախտորոշման մեթոդների կատարելագործմանը։
ժամանակակից ուռուցքաբանությանն արդեն հայտնի են բազմաթիվ ուռուցքածին վիրուսներ։