Ուրանի օղակներ
From Wikipedia, the free encyclopedia
Ուրանի օղակներ, օղակների համակարգ, որը շրջապատում է Ուրան մոլորակը։ Այն զբաղեցնում է բարդությամբ միջանկյալ դիրք ավելի զարգացած Սատուրնի և ավելի պարզ Յուպիտերի և Նեպտունի համակարգերի միջև։ Ուրանի առաջին ինը օղակները հայտնաբերվել են 1977 թվականի մարտի 10-ին Ջեյմս Էլլիոթի, Էդվարդ Դանհեմի և Դուգլաս Մինկի կողմից։ Դրանից հետո հայտնաբերվեցին ևս չորս օղակներ. երկուսը «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի միջոցով 1986 թվականին, և ևս երկուսը՝ «Հաբբլի» միջոցով 2003 - 2005 թվականներին։
200 տարի դրանից առաջ Ուիլիամ Հերշելը հայտնեց Ուրանի օղակների դիտարկման մասին, սակայն ժամանակակից աստղագետները կասկածում են այս հայտնագործության իրական լինելու մեջ, քանի որ այդ օղակները չափազանց թույլ և աղոտ են որպեսզի հնարավոր լիներ հայտնաբերել դրանք այն ժամանակների աստղագիտական սարքավորումներով։
2008 թվականի դրությամբ հայտնի են 13 օղակներ։ Ըստ մոլորակից հեռավորության դրանք բաշխված են հետևյալ կերպ՝ 1986U2R/ζ, 6, 5, 4, α, β, η, γ, δ, λ, ε, ν և μ։ Ամենափոքր շառավիղն ունի 1986U2R/ζ օղակը (38 000 կմ), ամենամեծը՝ μ օղակը (մոտ 98 000 կմ)։ Հիմնական օղակների միջև կարող են լինել նաև ավելի թույլ փոշիային օղակային ձևավորումներ և աղեղներ։ Օղակները չափազանց մուգ են, նրանց մասնիկների ալբեդոն չի գերազանցում 2 %։ Հավանաբար, դրանք բաղկացած են ջրային սառույցից օրգանական նյութերի մասնիկներով։
Ուրանի օղակների մեծ մասը թափանցիկ չեն։ Նրանց լայնությունը մի քանի կիլոմետրից մեծ չէ։ Օղակների համակարգը ընդհանուր առմամբ չի պարունակում շատ փոշի, այն կազմված է հիմնականում մեծ մարմիններից՝ 20 սանտիմետրից մինչև 20 մետր տրամագծով։ Սակայն որոշ օղակներ օպտիկապես նեղ են. լայն աղոտ 1986U2R/ζ, μ և ν բաղկացած են փոքր փոշու մասնիկներից, այն դեպքում երբ աղոտ λ պարունակում է համեմատաբար խոշոր մարմիններ։ Օղակների համակարգում փոշու փոքր քանակը բացատրվում է Ուրանի ձգված էկզոսֆերայի աէրոդինամիկ դիմադրությամբ։
Համարվում է, որ Ուրանի օղակները համեմատաբար երիտասարդ են, նրանց տարիքը չի գերազանցում 600 միլիոն տարին։ Օղակների համակարգը հավանաբար առաջացել է մոլորակի շուրջ պտտվող արբանյակների բախումների արդյունքում։ Բախումների արդյունքում արբանյակները տրոհվում էին ավելի ու ավելի մանր մասնիկների, որոնք և հիմա ձևավորում են օղակները առավելագույն ձգողական հաստատունության գոտիներում։
Մինչ այժմ պարզ չէ այն մեխանիզմը, որի շնորհիվ նեղ օղակները մնում են իրենց սահմաններում։ Ի սկզբանե համարվում էր, որ ամեն մի նեղ օղակի մոտ կա իր «հովիվ արբանյակների» զույգ, որոնք և պահպանում են այդ օղակի ձևը, սակայն 1986 թվականին Վոյաջեր-2-ը հայտնաբերեց միայն մեկ զույգ այդպիսի արբանյակներ (Կորդելիան և Օֆելիան) ամենապայծառ ε օղակի շուրջ։