Չափահասություն
From Wikipedia, the free encyclopedia
Չափահաս, կենսաբանորեն սեռական հասունության հասած օրգանիզմ։ Մարդկային համատեքստում «չափահաս» տերմինը սոցիալական և իրավական հասկացությունների հետ կապված նշանակություն ունի։ Ի տարբերություն «անչափահասի», ըստ օրենքի՝ չափահասը համարվում է անկախ, ինքնաբավ և պատասխանատու անձ։ Օրինական չափահաս դառնալու տիպիկ տարիքը 18-ն է, թեև սահմանումը կարող է տարբերվել՝ կախված օրինական իրավունքներից, երկրից և հոգեբանական զարգացումից։
Մարդու չափահասությունը ներառում է մեծահասակների հոգեբանական զարգացումը։ Չափահաս կյանքի սահմանումները հաճախ անհամապատասխան են և հակասական. անձը կարող է կենսաբանորեն մեծահասակ լինել և չափահաս վարքագիծ ունենալ, բայց միևնույն է նրան վերաբերվեն որպես երեխայի, եթե նա չափահասության օրինական տարիքից ցածր է։ Եվ հակառակը, մարդը կարող է օրինականորեն չափահաս լինել, բայց չունենալ այն հասունությունն ու պատասխանատվությունը, որը կարող է սահմանել չափահաս մարդը։
Տարբեր մշակույթներում կան իրադարձություններ, որոնք կապված են մանկությունից չափահաս դառնալու կամ հասունանալու հետ։ Սա հաճախ ներառում է մի շարք թեստերի անցում, որոնք ցույց են տալիս, որ մարդը պատրաստ է չափահաս կյանքի կամ որոշակի տարիքի հասնելու համար, երբեմն՝ պատրաստվածության դրսևորման հետ միասին։ Ժամանակակից հասարակությունների մեծամասնությունը որոշում է օրինական չափահասությունը՝ հիմնվելով օրենքով սահմանված տարիքի հասնելու վրա՝ չպահանջելով ֆիզիկական հասունության դրսևորում կամ պատրաստություն չափահասության համար։