Չինարի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Չինարի | ||
Չինարիի Խորանաշատ վանքը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Այլ անվանումներ | Խորանաշատ | |
ԲԾՄ | 750 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1256 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | չինարեցի, չինրեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Չինարին, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Խնձորուտ գետից երկու կիլոմետր դեպի արևելք` աջափնյակում։ Երևանից՝ 235 կմ, մարզկենտրոնից՝ 102 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Գարդմանի վերջին` արևմտյան լեռնաբազուկի արևմտահայաց լանջի ստորոտում: Այդ վայրը եղել է Ղուլալուի (այժմ` Այգեձոր) ձմեռանոց-բնակատեղին, որն աստիճանաբար վերածվել է հիմնական բնակավայրի։
Ստուգաբանություն
Չինարի անունը հավանաբար առաջացել է նրանից, որ այդ հանդամասը կիսող ձորն ի վեր բուսած են եղել հին ու վիթխարի չինարի մեծ ծառեր, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կանգուն մնում են: Այդ մասին կա ոչ շատ հնուց եկած մի ավանդություն, բայց և իրական փաստ[1]:
Ղուլալվեցիները հնուց ի վեր այդ հողերում ցանել են հացահատիկային կուլտուրաներ և հունձը կատարել են մանգաղի հնագույն տեսակով, որը կոչվում էր «չին»: Ի տարբերություն մյուս հողերի, որտեղ հացահատիկ չէին ցանում, այդ չինով հնձվող ամբողջ հանդամասը կոչում էին «Չների կամ Չիների հողեր», «Չների դյուզեր»: Աստիճանաբար չներ անունը հանդամասի վրա հաստատվում է և որոշ ձևափոխության ենթարկվելով բարբառի մեջ, դառնում է «չիների», ապա «չինարի», ու այդպես այդ բառը մնում է որպես անուն` նոր հիմնադրած գյուղի վրա` Չինարի:
Պեղումներ
Գյուղի արևելյան կողմի լեռնալանջի վերին մասում է գտնվում 13-րդ դարի նշանավոր վանքերից մեկը`Խորանաշատ վանքը, որը մինչ օրս կանգուն է: Խաչի Չալա կողվող հանդամասի աղբյուրից կավե խողովակներով ու ջրհորդաններով կառուցվել է ավան, որը ձգվել է մինչև Պարթևաշեն (Պարթաղի քար) և այնտեղի հին բերդ- ամրոցը: Այդ ջրմուղի երկարությունը մոտ 3 կիլոմետր է: Պարթևաշեն ավանի տարածքում հողի տակ հայտնաբերվել են միջնադարից մնացած նյութական արժեքներ`գործիքներ, իրեր, ամանեղեն, զենքի նմուշներ: Այս վայրում հայտնաբերվել է հազվագյուտ աղացաքար, որը նախատեսված էր հացահատիկ աղալու համար: Այդ աղացաքարն այժմ գտնվում է Այգեձոր գյուղի ալրաղացի մոտ:
Պատմություն
Չինարին 19-րդ դարի կեսերից սկսել է առանձնանալ Ղուլալի (այժմ Այգեձոր) գյուղից։ Չինարի գյուղի բնակչությունը 1890 թվականին տեղափոխվել է Այգեձոր (նախկին Ղուլալու) գյուղ: Մինչև 1930-ական թվականները երկու հողերն ու այգիները խառն են եղել և գյուղերի միջև սահմանագիծ չի եղել[1]:
Որպես առանձին բնակավայր հիշատակվում է 1880 թվականից՝ լինելով Ղուլալիի համայնքի կազմում։ Ինքնուրույն համայնքի կարգավիճակ է ստացել 20-րդ դարի սկզբին։ Գյուղի վարչական տարածքում է գտնվում 13-րդ դարի սկզբին կառուցված նշանավոր Խորանաշատի վանքը։ Չինարիի կոլեկտիվ տնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, հողի սեփականաշնորհման հետևանքով լուծարվել 1993 թվականին[2]։
Կլիմա
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 C է, ձմռանը՝ -2 C ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։
Բնակչություն
1890 թվականին Չինարի գյուղում կար 50 տնտեսություն, 210 բնակչով: Առաջին անգամ Չինարի գյուղը, որպես առանձին վարչական միավոր, մարդահամարի է ենթարկվել 1908 թվականին, որի ժամանակ բնակչության թիվը կազմում էր 523 հոգի: Այդ աճի մեծ տարբերությունը պայմանավորված էր Ղուլալուից բնակիչների Չինարի տեղափոխվելով[1]:
1965 թվականին գյուղն ուներ 320 տնտեսություն 1661 բնակչով: Ղուլալուից այդտեղ տեղափոխված հիմնադիր տոհմերն ու տոհմաճյուղերն էին Աղամանք կամ Միրզոյանները, Ջուլհականք, Գյորգունք կամ Պետրոսյանները (Իրիցանք), Չաղալանք, Ղասունք կամ Արզումանանք, Ապերանք, Ռստամանք(Բագրատունի Մելիք Առուստամի սերունդները,որոնք եկել են մայրաքաղաք Անիից և մելիքություն ունեին նաև Գարդմանում` նստավայրը Բարսում ), Պրունանք (Հովակիմյանները), Մակառանք, Պետունք, Վըսկանանք[1]:
Չինարիի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 614 | 707 | 1097 | 1464 | 1575 | 1473 | 1467 | 1253 | 1182 | 1256 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք, մշակույթի տուն, մանկապարտեզ։
Տես նաև
- Չինարիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
- Գեղամ Ղարախանյան, Չինարին նոր հազարամյակի սկզբին, Երևան 2005, 310 էջ ISBN 99941-41-26-0
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Արտակ Կարապետի Տեր Գրիգորյան «Տավուշ (Շամշադին)», Երևան 2013, էջ 182
- ↑ Տավուշի մարզպետարան, Չինարի
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.