Պետրե Իբերիացի
From Wikipedia, the free encyclopedia
Պետրե Իբերիացի (վրաց.՝ პეტრე იბერი, շուրջ 411—491), Մայումի եպիսկոպոս, Բեթղեհեմում վրացական առաջին վանքի հիմնադիրը։ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքում։
Պետրե Իբերիացի | |
---|---|
Ի ծնե | վրաց.՝ პეტრე იბერი[1] |
Ծնունդ | ոչ վաղ քան 409 և ոչ ուշ քան 411 |
Ծննդավայր | Վիրք |
Վախճան | 491 |
Վախճան վայր | Yavne-Yam, Gan Raveh Regional Council, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Եկեղեցի | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Սրբացված կարգ | սուրբ[1] |
Հիշատակության օր | դեկտեմբերի 2 |
Աշխատանք | գեղագիր և փիլիսոփա |
Երկիր | Վիրք |
Պետրե Իբերիացին Վրաստանի Բոսմարիոս արքայի որդին է։ Կրել է Մուրվան (Մուրվանազ) անունը։ 423 թվականին որպես քաղաքական պատանդ ուղարկվել է Կոստանդնուպոլիս, որտեղ փիլիսոփայական, աստվածաբանական բժշկական կրթություն է ստացել Եվդոկիա թագուհու հովանավորությամբ։ Իր ուսուցիչ Միտրիդատի հետ ուխտագնացության է գնացել Երուսաղեմբ, որտեղ վանական է ձեռնադրվել և ստացել Պետրե անունը (իսկ Միտրիդատն ստացել է Յոհան անունը)։ Պաղեստինում նա զբաղվել է փիլիսոփայական-աստվածաբանական գործունեությամբ, ինչպես նաև զուգահեռ զբաղվել է նաև բժշկությամբ։ 430 թվականին Բեթղեհեմում հիմնադրել է վրացական վանք և կոչել «Վրացական վանք»։ 445 թվականին դարձել է քահանա, իսկ 452 թվականին մի քանի ամիս եղել է Մայումի եպիսկոպոս։ Հիմնադրել է եկեղեցի ու անձամբ ընդունել հիվանդներին մինչ այն ժամանակ, երբ քրիստոնյաներն այդտեղից վտարվում են տեղական կառավարության կողմից։ Պետրեն տեղափոխվում է Եգիպտոս, սակայն հետո վերադառնում է Մերձավոր Արևելք։
Միջնադարյան աղբյուրների համաձայն՝ Պետրեն գրել է մի շարք աստվածաբանական երկեր և ունեցել է բազմաթիվ աշակերտներ, սակայն նրա անունով աշխատություններ չեն պահպանվել։ Շալվա Նուցուբիձեի ու բելգիացի գիտնական Էռնեստ Հոնիգմանի առաջարկած վարկածի համաձայն՝ Պետրե Իբերիացին է Դիոնիսիսոս Արեոպագի անունով հայտնի հայտնի աշխատությունների հեղինակը[2]։
Երկար ժամանակ Պետրե Իբերիացին Քաղկեդոնի ժողովի հակռակորդների շարքում էր։ Մնում է վիճելի այն հարցը, թե արդյոք նա ընդունեց Քաղկեդոնի ժողովի դրույթները։ Համենայն դեպս, բավական բարձր է նրա հավանականությունը, որ նա, ինչպես կայսրուհի Եվդոկիան, հաշտվել է Քաղկեդոնի ժողովի դրույթների կողմնակիցների հետ[3]։
Պահպանվել են Պետրե Իբերիացու վարքի երկու տարբերակներ՝ սիրիական (նախապես գրվել է նրա աշակերտ Յոհան Ռուֆի կողմից հունարենով, թարգմանվել է VIII դարում) և վրացական, որ գրվել է Պետրո Իբերիացու ժամանակակից Միտիլենայի եպիսկոպոս Զախար Ճարտասանի կողմից և պահպանվել է XIII դարի ձեռագրերում։