Պիեռ Բուրդյո
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Բուրդյո (ֆր.՝ Pierre Bourdieu, օգոստոսի 1, 1930(1930-08-01)[1][2][3][…], Denguin, Ատլանտյան Պիրենեյներ, Ֆրանսիա[4] - հունվարի 23, 2002(2002-01-23)[5][2][6][…], Փարիզի 12-րդ շրջան, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի սոցիոլոգ, էթնոլոգ, փիլիսոփա և քաղաքական հրապարակախոս, 20-րդ դարի ամենանշանակալի սոցիոլոգներից մեկը[24][25]։ Հեղինակ է երեսունհինգ գրքի և չորս հարյուր հոդվածի[26], որոնք բարձր են գնահատվում տեսական, ինչպես նաև էմպիրիկ հետազոտությունների տեսանկյունից[27]։ Միևնույն ժամանակ նրա աշխատանքները տարատեսակ քննադատությունների են ենթարկվել, հիմնականում սոցիալականի՝ դետերմինիստական տեսլականի համար։
1981 թվականից սոցիոլոգիայի պրոֆեսոր է եղել Կոլեժ դե Ֆրանսում։ 1990-ական թվականներին Պիեռ Բուրդյոն կարևոր դեր էր խաղում Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում։
Բուրդյոն առաջին հերթին ուսումնասիրում էր սոցիալական աստիճանակարգությունների վերարտադրության մեխանիզմները։ Նա ընդգծում էր վերարտադրության մշակութային և խորհրդանիշային գործոնների նշանակությունը և քննադատում էր տնտեսության գերակայության մարքսիստական հայեցակարգերը։ Ըստ Բուրդյոյի՝ իշխանության սոցիալակյան հարաբերությունների վերարտադրության մեջ առանցքային դեր է կատարում իշխանավոր դիրք զբաղեցնող գործակալների՝ իրենց մշակութային և խորհրդանշական գործառնությունները պարտադրելու ունակությունը։ Բուրդյոն գիտության մեջ ներդրել է «խորհրդանշական բռնություն» հասկացությունը որպես իշխանության տարբեր ձևերը ճանաչել պարտադրելու և դրա մեխանիզմները չիմանալու միջոց։ Խորհրդանշական բռնությունը օրինականացնում է գերակայության սոցիալական ձևերը[27]։
Համաձայն Բուրդյոյի՝ ժամանակակից հասարակության մեջ սոցիալական աշխարհը բաժանվում է հատուկ սոցիալական ոլորտների՝ «սոցիալական դաշտերի»։ Սոցիալական գործունեության տարբերակումը, մասնավորապես, բերում է քաղաքական դաշտի և արվեստի դաշտի՝ որպես գործունեության առանձին ոլորտների ձևավորմանը։ Դաշտերն ունեն իրենց աստիճանակարգությունը և դինամիկան՝ գերակա դիրքի համար սոցիալական գործակալների մրցակցային պայքարի շնորհիվ։ Այստեղ Բուրդյոյի վերլուծությունը համընկնում է մարքսիստական ավանդույթի հետ՝ հասարակության գործունեության մեջ պայքարի և կոնֆլիկտի կարևորության տեսանկյունից։ Սակայն Բուրդյոյի համար կոնֆլիկտները չեն հասնում սոցիալական դասերի միջև կոնֆլիկտներին, այլ առաջանում են տարբեր սոցիալական դաշտերի խորհրդանշական հարթություններում։
Սոցիալականի բնույթը որոշում է տարբերությունը, որը ծնում է սոցիալական աստիճանակարգություններ։ Պասկալից հետո Բուրդյոն էր, որ կարծում էր, որ մարդը առաջ է գնում, առաջին հերթին, իր մարդկային արժանիքի ճանաչման համար. ճանաչումն ունի բացառապես սոցիալական բնույթ։
Բուրդյոն մշակել է գործողության տեսություն, որի կենտրոնում գտնվում է «հաբիտուսը»՝ հասկացությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական գիտությունների վրա։ Համաձայն Բուրդյոյի տեսության՝ սոցիալականացման արդյունքում ստացված մի քանի միավորները թույլ են տալիս սոցիալական գործակալներին իրագործել ռազմավարական գործողություններ։ Այդ ռազմավարությունները հարմարեցված են սոցիալական աշխարհի պահանջմունքներին, սակայն չեն գիտակցվում գործակալների կողմից։
Բուրդյոյի հետազոտությունները կենտրոնացած են առանցքային հայեցակարգերի շուրջ. հաբիտուսը՝ որպես գործակալների գործունեության սկզբունք, դաշտը՝ որպես սոցիալական պայքարի տարածք, կապիտալը՝ որպես ռեսուրս սոցիալական դաշտում, խորհրդանշական բռնությունը՝ որպես գերակայությունը հաստատելու գլխավոր մեխանիզմ։ Բոլոր այդ հասկացությունները, ստեղծված և մշակված Բուրդյոյի կողմից, լայնորեն կիրառվում են սոցիոլոգիայում և սոցիալական անթրոպոլոգիայում[24][26]։