cover image

Պորտուգալիա (/ˈpɔːrtʃəɡəl/ , պորտ.՝ Portugal), նախկինում նաև Փորթուգալիա, պաշտոնական անվանումը՝ Պորտուգալիայի Հանրապետություն (պորտ.՝ República Portuguesa), ինքնիշխան պետություն Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա[8]։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ Եվրոպական Միության տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք hանրապետության կազմում ունեն ինքնավարություն։

Quick facts: Պորտուգալիայի ՀանրապետությունRepública Portug...
Պորտուգալիայի Հանրապետություն
República Portuguesa

Դրոշ

Զինանշան
Ազգային օրհներգ՝
A Portuguesa
Ա Պորտուգեզա  (գրադարձություն)
Պորտուգալիայի ազգային օրհներգ


Պորտուգալիայի դիրքը
Պորտուգալիայի տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքԼիսաբոն
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ պորտուգալերեն
Կառավարում նախագահական-խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզա
 -  Վարչապետ Պեդրո Պասոս Կոելլո
Տարածք
 -  Ընդհանուր 92,212 կմ²  (111-րդ)
 -  Ջրային (%) 0,5
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 10,825,309[1]  (58-րդ)
 -  2000 մարդահամարը 10,335,597[2] 
 -  Խտություն 117 /կմ² (97-րդ)
290 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $288.553 միլիարդ[3] (46-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $27,734[4] (61-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $197.510 միլիարդ[4] (51-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $18,984 միլիարդ[5] (72-րդ)
Ջինի (2013) 34.2[6] (միջին) 
ՄԶՀ (2013) 0.822[7] (շատ բարձր) (41th)
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի 0, +1
Ազգային դոմեն .pt
Հեռախոսային կոդ ++351
Close

Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներում։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենացիները, հռոմեացիները, իսկ հետո նաև վեստգոթերն ու գերմանները։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրաված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ Ռեկոնկիստայից հետո։ 1128 թվականին տեղի ունեցավ Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ Աֆոնսու I Էնրիկեշի գլխավորած պորտուգալական ուժերը պարտության մատնեցին Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ 1139 թվականին, Օուրիկի դաշտում Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է Պորտուգալիայի թագավոր։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն 1143 թվականին՝ Սապորայի պայմանագրով։

15-16-րդ դարերում պորտուգալացիները ստեղծում են առաջին համաշխարհային կայսրությունը՝ դառնալով աշխարհի խոշորագույն տնտեսական, քաղաքական և ռազմական ուժերից մեկը։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակահատվածում պորտուգալացի ծովագնացներն արքայազն Հենրիխի հովանավորությամբ 1418 թվականից սկսում են նավարկել Աֆրիկայի արևմտյան ափերով։ Հիմնական հայտնագործությունները կատարվում են 1488 թվականից հետո, երբ Բարտոլոմեու Դիաշը հասնում է Հնդկական օվկիանոս։ 1498 թվականին Հնդկաստան է հասնում Վասկո դա Գաման։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները 1513 թվականին հասնում են Չինաստանի ափերին։ 1522 թվականին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում Ֆեռնան Մագելանը՝ ամբողջացնելով արևմուտքի ու արևելքի նավարկությունները։ 1415 թվականին ձևավորվում է Պորտուգալիայի գաղութային կայսրությունը, որն ներառում էր մի շարք գաղութներ Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Այնուամենայնիվ, 1755 թվականի Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը, Նապոլեոնյան պատերազմների ընթացքում երկրի բռնազավթումը և Բրազիլիայի անկախության հռչակումը նպաստեցին Պորտուգալիայի հեղինակության և ազդեցության նվազմանը։ 1910 թվականին երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն, սակայն Երկրորդ աշխարհամարտի նախօրեին երկրում հաստատվեց ֆաշիստների «Էստադո Նովո» ավտորիտար վարչակարգը, ինչն էլ հանրապետությունը փոխարինեց բռնապետությամբ։ Ժողովրդավարությունն այս երկրում վերականգնվեց միայն մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 թվականին։ Պորտուգալիայի գաղութային վարչակարգը վերացավ 1999 թվականին, երբ Մակաոն հանձնվեց Չինաստանին։

Պորտուգալիան զարգացած երկիր է՝ եկամտաբեր տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով։ Այն աշխարհի երրորդ ամենախաղաղապահ երկիրն է, որն ունի կիսանախագահական կառավարման համակարգ։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է քառամյա ժամկետով։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 10 294 289 մարդ։ Ի տարբերություն Եվրոպայի մյուս պետությունների՝ Պորտուգալիայի աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող պետություններից է։ Պորտուգալացիները կազմում են երկրի բնակչության 99,7 %-ը[9]։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեությունը։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է եվրոն։ Պորտուգալիայի մայրաքաղաքը Լիսաբոնն է, որը նաև երկրի քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է Պարտու նավահանգստային քաղաքի անունից։

Ներկայումս Պորտուգալիան Հյուսիսատլանտյան դաշինքի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրագոտու, Շենգենյան համաձայնագրի և մի շարք այլ համաեվրոպական կառույցների անդամ է։ 1996 թվականին Պորտուգալիայի նախաձեռնությամբ ստեղծվում է Պորտուգալալեզու երկրների համագործակցությունը, որին անդամակցում են մի շարք պետություններ։

Oops something went wrong: